ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2024

Կարեն Սվասյանի վերջին հոդվածը, արյունն ու շիճուկը

0

Ավելի քան 11 տարի առաջ, 2013 թվականի հուլիսին, Կովկասի ինստիտուտում «Եվրոպական փիլիսոփայության ավա՞րտը» դասախոսությամբ հանդես էր գալու փիլիսոփա Կարեն Սվասյանը: Իր մասին շատ էի լսել, բայց երբեք հանդիպելու առիթ չէի ունեցել, ուստի մեծ հետարքրքությամբ գնացի՝ հետս տանելով մեր երիտասարդ լրագրողներ Մարիամ Մանոյանին եւ Արամ Արարատյանին:

Կարեն Սվասյանն ասում էր, որ չնայած «Եվրոպայի վախճանի» մասին տեսությանը, իրական Եվրոպան գոյություն ունի:

«Խնդիրն այն է, որ Եվրոպան շատ դժվար է գտնել, քանի որ այն դուրս է մնացել սոցիալական տարածությունից: Ընդ որում` այդ «իրական Եվրոպան» ավելի հեշտ է տեսնել Հայաստանից եւ Ռուսաստանից, քան հենց Եվրոպայից: Ամեն ինչ կախված է որոնման առանձնահատկությունից. պետք է ոչ միայն որոնել, այլ իսկապես ցանկանալ գտնել այն», - ասում էր փիլիսոփան:



Մի քանի ամիս առաջ ընկերս ուղարկեց Կարեն Սվասյանի Հայաստան. դե՞ռ իրականություն, թե՞ արդեն պատրանք հոդվածը, որը հրատարակվել էր 2023 աշնանը Պաշտպանական հետազոտությունների հայկական կենտրոնի կայքում:

Հոդվածը վերապատմելու նպատակ չունեմ՝ կասեմ միայն, որ այն բավական վիճելի (իմ կարծիքով) թեզեր է պարունակում: Բայց միանշանակ խորհուրդ կտամ կարդալ եւ մտածել: Իսկ ձեզ ավելի «գայթակղելու» համար մեջբերեմ հոդվածի վերջին պարբերությունը.

«Պատասխանն այն հարցին, արդյոք Հայաստանը դե՞ռ իրականություն, թե՞ արդեն պատրանք, թեեւ բացահայտ աչքներիս առաջ է, բայց չի կարող նույնքան բացահայտ հնչեցվել: Քանի որ պատասխանը պետք է հնչեցնի յուրաքանչյուր ոք, ում երակներում դեռ արյուն է հոսում, այլ ոչ թե շիճուկ»:

Վերջին տարիներին ցանկանում էի Կարեն Սվասյանի հետ զրուցել «Կարմիր թել»-ում: Նա Հայաստանում չէր ապրում, իսկ կոնտակտային տվյալներ գտնելու բոլոր փորձերս հաջողությամբ չէին պսակվում: Չեն էլ պսակվի՝ Կարեն Սվասյանը հեռացել է կյանքից 76 տարեկան հասակում:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։