ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2024

Առաջնորդ երիտասարդները կօգնեն մարզերում աճի հնարավորություններ ստեղծել

0

Հայաստանի համաչափ զարգացման համար ամենամեծ խոչընդոտներից մեկը մարզերում երիտասարդ առաջնորդների սակավությունն է, իսկ դրա լուծումը՝ կիրթ, հայրենասեր, արհեստավարժ առաջնորդներ կերտելը, որոնք պատասխանատվություն կկրեն իրենց մարզերի եւ համայնքների զարգացման համար:

Խնդրի լուծման այս տարբերակը Մարզերի երեխաները մարզերում (ՄԵՄ) ՀԿ-ինն է, որն արդեն հինգ տարի է մարզերում համախմբման եւ հավասար հնարավորություններ ստեղծելու ուղին է բռնել: «Առաջնորդական դպրոցի» եւ առաջին սերնդի հետ աշխատանքի մասին Մեդիամաքսին պատմել է ՄԵՄ հաղորդակցության մասնագետ Աիդա Ջանջուղազյանը:

Չորս փուլից բաղկացած դպրոցը

«Առաջնորդական դպրոց»-ը ՄԵՄ-ի ամենակարեւոր ծրագրերից է, որ այս պահին իրականացնում ենք: Այն առաջարկում է 4 փուլով կրթական ծրագիր՝ մասնակիցներին տալով ոչ ֆորմալ նախագծային կրթություն: Ծրագիրը սկսել ենք պիլոտային փուլով՝ հենց ՄԵՄ-ցի երեխաների համար, քանի որ նրանք ինչ-որ չափով արդեն հմտություններ ունեն: Որոշեցինք ծրագիրը նրանց հետ սկսել, այնուհետեւ փորձի վրա կրթական մոդելն էլ ավելի բարելավել եւ ավելի հանրային հանդես գալ:

Ընդհանուր առաջնորդական դպրոցի մեկ սերնդի ծրագրի տեւողությունը 16-18 ամիս է, դասերի ձեւաչափը՝ հիբրիդային՝ օնլայն եւ օֆլայն: Յուրաքանչյուր փուլի ավարտին, երբ մասնակիցները ստանում են տեսական գիտելիքներ, իրականացնում ենք ակադեմիական ճամբարներ, որտեղ երեխաները գալիս են ստացած գիտելիքներն ավելի ամրապնդելու:

Դպրոցի ամբողջ ծրագրում մասնակիցները 10 ուղղությամբ գիտելիք են ստանում՝ թվային գրագիտություն, մեդիագրագիտություն, փափուկ հմտություններ, անձնային ինքնաճանաչողություն, բիզնեսի կառավարում, ֆինանսական գրագիտություն, ֆոնդհայթայթում, մշակույթ, աշխարհագրություն եւ գոյատեւման հմտություններ:

«Առաջնորդական դպրոցում» այս պահին սովորում են 14-17 տարեկան մասնակիցներ: Նրանք Հայաստանի գրեթե բոլոր մարզերից են, ինչպես նաեւ՝ Ջավախքից: Ընդհանրապես ՄԵՄ-ի բոլոր միջոցառումներին անպայման ապահովում ենք ջավախքցի երիտասարդների մասնակցությունը:

Թեստավորում՝ յուրաքանչյուր փուլից հետո

Դպրոցի ծրագրի յուրաքանչյուր փուլից հետո մասնակիցները խիստ թեստավորում են անցնում: Այսինքն, այնպես չէ, որ շատ հեշտությամբ է ստացվում փուլից փուլ անցնելը: Ծրագրի առաջին փուլը սկսել ենք 50 հոգով, նրանցից երրորդ փուլ հասել են 9-ը: Երեխաներից կայունություն եւ կարգապահություն է պահանջվում: Բացի թեստեր հանձնելը՝ փուլից փուլ անցնելու համար չափելի են նաեւ դասերի հաճախելիությունը, ակտիվությունը, նախաձեռնողականությունը: Այս ամենի հիման վրա օրերս երրորդ փուլ հասած 9 մասնակցի հետ իրականացրեցինք ակադեմիական արդեն երրորդ ճամբարը՝ Լոռու մարզի Թումանյան համայնքում: Ճամբարի տեւողությունը մեկ շաբաթ էր, որի օրակարգում ներառված են առաջատար մասնագետների հետ հանդիպումներ եւ նախագծային դասեր, այն թեմաներով, որոնք նրանք ուսումնասիրել են: ՄԵՄ-ը երեխաների հետ աշխատող մենտորների մեծ խումբ ունենք, որոնց թվում կան նաեւ Սփյուռքից ժամանած մասնագետներ:

«Առաջնորդական դպրոցի» լավագույն ուսանողները երրորդ փուլը հաղթահարելուց հետո ստանում են համակարգչային տեխնիկա: Իսկ ահա չորրորդ փուլում աշխատում են միայն իրենց նախագծերի վրա: Յուրաքանչյուր երեխային կցվում է փորձառու մենտոր՝ նրա հետ աշխատելու, նախագծի գաղափարը վերջնական տեսքի բերելու, բյուջետային հստակ պլանավորում անելու, հաշվետվություն կազմելու, ինչպես նաեւ մեկ տարվա գործողությունների պլանը վերջնական տեսքի բերելու համար: Այս փուլի ավարտին լավագույն նախագծերը դրամաշնորհի դիմելու հնարավորություն կստանան: Չնայած, որ այդ ֆինանսավորումը շատ մեծ չէ, բայց այն կօգնի մեկնարկին:

Շուտով կունենանք առաջին շրջանավարտները եւ ձեռք բերած փորձի հիման վրա ավելի բարելավված դպրոցը սեպտեմբերից կսկսեի երկրորդ սերնդի ընդունելությունը:

Կապը շրջանավարտների հետ

ՄԵՄ-ը միշտ փորձում է կապ պահել իր տարբեր ծրագրերի շրջանավարտների հետ: Այն մարդիկ, որոնք 5 տարի առաջ են մեզ միացել, այս պահին արդեն բավականին հասուն երիտասարդներ են եւ ՄԵՄ-ից դուրս իրենց նախագծերն են իրականացնում: Մեր շրջանավարտներից շատ հաճախ արձագանքներ ենք ստանում, ինչն օգնում է մեզ ավելի կատարելագործվել եւ մյուս երեխաների հետ շատ ավելի հմտացած աշխատել: Մեզ միշտ ասում են, որ այդ միջավայրն է օգնել շուկայում դիրքավորվելու, ավելի արագ աճելու, մեկ քայլ արագ ամեն ինչ անելու համար:

Ինտենսիվ կապ ենք պահում նաեւ ՄԵՄ-ի երեխաների ծնողների հետ: Շատ կարեւոր է նրանց արձագանքը, ինչպես նաեւ այն, որ ծնողն իմանա՝ իր երեխան ինչ ծրագրերի է մասնակցում, ինչ նպատակով: Դրա համար մենք շատ հաճախ նաեւ ծնողական ժողովներ ենք իրականացնում, խոսում նրանց հետ, ներկայացնում մեր ծրագրերը: Այսինքն, փորձում ենք հնարավորինս բոլոր ձեւերով նրանց ներգրավել այս ամենին, քանի որ երեխաներին առաջին ուժ տվողը, մոտիվացնողը շատ հաճախ հենց ծնողն է լինում:

Արփի Ջիլավյան