«Ալիեւը կարծում է, որ կարող է ավելի առաջ տանել «կարմիր գծերը»»
Ներկայացնում ենք բրիտանական The Economist պարբերականում հրապարակված Azerbaijan’s government turns on its critics at home հոդվածի հայերեն թարգմանությունը:
Ադրբեջանցի երիտասարդ գիտնական եւ գրող Բահրուզ Սամադովը ձերբակալվել է օգոստոսի 21-ին: Հաղորդվում է, որ նրան մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության մեջ այն պատճառով, որ նա քննադատական հոդվածներ է գրել Հայաստանի հետ հակամարտության մասին: Նրա ձերբակալությանը արագ հետեւեց խաղաղության մեկ այլ ակտիվիստի՝ Սամադ Շիխիի ձերբակալությունը: Սա երկրում մնացած մի քանի անկախ ձայների դաժան եւ սաստկացող բռնաճնշումների նշաններն են:
Ձերբակալությունները տեղի ունեցան սեպտեմբերի 1-ին կայանալիք համընդհանուր ընտրությունների նախաշեմին, որոնցում կրկին հաղթելու է իշխող կուսակցությունը՝ Ադրբեջանի անձնիշխան նախագահ Իլհամ Ալիեւի գլխավորությամբ: Ոչ ոք չի ակնկալում, որ քվեարկությունն ազատ կլինի: Հիմնական ընդդիմադիր կուսակցությունը բոյկոտում է ընտրությունները՝ ասելով, որ այն խեղկատակության է վերածվելու:
Ադրբեջանի ընդդիմությունը երկար ժամանակ հույս ուներ, որ Հայաստանի հետ պատերազմի ավարտից հետո երկիրը ավելի բաց կդառնա: Լավատես բարեփոխիչները պնդում էին, որ ավտորիտար համակարգը պատերազմական դրության արդյունքն էր, որը կառավարությունը ստիպված էր որդեգրել 1990-ականներին, երբ հայերի ձեռքն անցավ մի մեծ տարածք, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ անկլավը: 2020-2023 թվականներին մի շարք հարձակումների արդյունքում Ադրբեջանին հաջողվեց հետ վերցնել նախկինում կորցրած ամբողջ տարածքը: Բայց դա է՛լ ավելի մեծ եռանդով լցրեց պարոն Ալիեւին՝ իր թշնամիների հետապնդելու համար:
Ոմանք գրազ են գալիս, որ դրսի ճնշումը կհամոզի Ադրբեջանին բարեկամական դիրք ընդունել: Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո Ադրբեջանը համաձայնագիր ստորագրեց, ըստ որի այդքան անհրաժեշտ բնական գազ է տրամադրում Եվրամիությանը՝ ակումբին, որը տեսականորեն իր արտաքին քաղաքականության հիմքում դնում է մարդու իրավունքները: Իսկ նոյեմբերին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կանցկացվի COP29 կլիմայի հարցերին նվիրված գագաթնաժողովը:
Այնուամենայնիվ, բռնաճնշումները ահագնանում են: Անցյալ տարեվերջին «Աբզաս Մեդիա» հետաքննական լրատվական կայքի մի քանի լրագրողներ ձերբակալվեցին ֆինանսական հանցագործությունների շինծու մեղադրանքներով. նրանք դեռ ճաղերի հետեւում են: Մեկ այլ հայտնի քաղաքական ակտիվիստ՝ Անար Մամեդլին, ձերբակալվել է ապրիլին եւ մեղադրվել նմանատիպ սուտ հանցագործությունների համար: Այժմ հերթը հասել է Սամադովին ու Շիխիին:
Արտաքին աշխարհը ժամանակին Ադրբեջանի վրա ազդելու լծակներ ուներ, սակայն դրանք անհետացել են, քանի որ երկիրը խորապես ներգրավվել է Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ սրվող հակամարտության մեջ: «[Պարոն Ալիեւը] կարծում է, որ կարող է ավելի ու ավելի առաջ տանել «կարմիր գծերը», քանի որ բոլորն այժմ նրա կարիքն ունեն, - ասում է Բաքվի հետազոտական ինստիտուտի ղեկավար Ալթայ Գոյուշովը, - Նրանք չեն ցանկանում փչացնել հարաբերությունները Ալիեւի հետ»: Ինքը՝ Գոյուշովը վերջերս լքել է երկիրը։ «Ես գիտեի, որ իմ հերթն էլ կհասնի», - ասում է նա:
Հայաստանին ռազմական ճանապարհով հաղթելը նշանակում է, որ պարոն Ալիեւը նոր թշնամու կարիք ունի: Քչերն են դա ավելի լավ գիտակցում, քան Բահրուզ Սամադովը՝ դոկտորանտ, որն ուսումնասիրում է «ավտորիտարիզմը եւ բացառման տրամաբանությունը Ադրբեջանում»: 2021-ի էսսեում նա նկարագրել է, թե ինչպես է պետությունը զուգահեռաբար չարաբանում հայերին եւ ներքին քննադատներին. «Թշնամուն՝ ներքին թե արտաքին, պետք է վերացնել»:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: