ru24.pro
Новости по-русски
Август
2024

Զախարովան Օ'Բրայենի հայտարարություններն անվանել է «մերկապարանոց»

0

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարություններն այն մասին, թե հայ բնակչության զգալի մասը ցանկանում է հեռանալ Ռուսաստանից, եւ ԱՄՆ-ն դրա համար պայմաններ է ստեղծում։

«Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների նման «անկեղծ խոստովանությունները», անշուշտ, գրավեցին մեր ուշադրությունը։ Սակայն զարմանք չառաջացրեցին, քանի որ Օ’Բրայենը ոչ մի նոր բան չասաց։ Նա միայն հաստատեց այն, ինչի մասին մենք պարբերաբար խոսում եւ զգուշացնում ենք մեր գործընկերներին, այդ թվում՝ Երեւանում. Արեւմուտքը Հարավային Կովկասում ապակառուցողական օրակարգ է քարոզում, որի հիմնական նպատակն է մասնատել տարածաշրջանի տարածքը՝ քանդելով Ռուսաստանի պատմական կապերը իր ավանդական դաշնակիցների ու հարեւանների հետ։

Փորձելով Ռուսաստանից պոկել Հարավային Կովկասի հանրապետությունները, այդ թվում՝ Հայաստանը, ԱՄՆ-ն եւ նրա արբանյակները Եվրոպայում անամոթաբար միջամտում են ինքնիշխան պետությունների ներքին գործերին։ Բարի պատրվակներով փորձում են տիրանալ կառավարման համակարգին, վերահսկողություն սահմանել ռեսուրսների նկատմամբ, օգտագործել տարանցիկ ներուժը։

Ինչ վերաբերում է Օ'Բրայենի մերկապարանոց հայտարարություններին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, դա ամերիկացիներին բնորոշ աշխարհաքաղաքական ինժենիրինգի եւս մեկ օրինակ է. համաշխարհային հանրության աչքում Վաշինգտոնին անհրաժեշտ «իրականությունը» հորինելու ցանկությունը, որը ոչ մի կապ չունի իրականում տեղի ունեցողի հետ։

Օ'Բրայենը եւ մնացածը պետք է մի պարզ բան հասկանան. մեր երկրների միջեւ դարերի ընթացքում ձեւավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին։ Պատմության ընթացքում մենք բազմիցս ձեռք ենք մեկնել եղբայրական հայ ժողովրդին, եւ մտադիր ենք դա անել ապագայում»,- ասել է Մարիա Զախարովան։