ru24.pro
Новости по-русски
Июль
2024

Հայաստանի անխոհեմ «շրջադարձը դեպի Արեւմուտք»

0

Ներկայացնում ենք Լիհայ համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի դոցենտ Արման Գրիգորյանի Armenia’s Misguided “Pivot to the West” հոդվածի հայերեն թարգմանությունը:

Արման Գրիգորյան

Հայաստանում եւ նրա շրջակայքում չափազանց մտահոգիչ մի բան է տեղի ունենում: Երկիրն ավելի ու ավելի է մոտենում Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ կործանարար, վտանգավոր եւ անհարկի դիմակայության հաջորդ թատերաբեմը դառնալուն: Հայաստանի հեղափոխական իշխանությունը, ըստ երեւույթին, Ռուսաստանից «շրջադարձ է անում» դեպի Արեւմուտք՝ քայլելով նույն ճանապարհով, որը ավելի վաղ անցել էին Վրաստանի եւ Ուկրաինայի գունավոր հեղափոխությունները: Վրաստանի եւ Ուկրաինայի փորձը վկայում է, որ Մոսկվան դժվար թե անվրդով խոնարհությամբ վերաբերվի այս զարգացմանը։

Իրավիճակը վատթարանում է նրանով, որ Արեւմուտքը հետզհետե ավելի պարզորոշ խրախուսում է Հայաստանի կուրսի փոփոխությունը, թեեւ ոչ ոք լրջորեն չի հավատում, որ Արեւմուտքը կցանկանա կամ կկարողանա անել ավելին Հայաստանի համար, քան արեց Վրաստանի համար, եթե Ռուսաստանը ձեռնոց նետի:

Պառակտում

Մինչեւ վերջերս բոլորը համոզված կանխատեսում էին, որ Ռուսաստանի հետ Հայաստանի սերտ դաշինքը կպահպանվի: Հաշվի առնելով որոշ հարեւանների հետ Հայաստանի խնդիրները, նրա խոցելիությունը եւ համարժեք այլընտրանքների բացակայությունը, այդ դաշինքը կարծես պողպատից էր:

Ճաքերը սկսեցին երեւալ մի քանի տարի առաջ, սակայն այժմ այն քայքայման եզրին է: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է դուրս գալ Ռուսաստանի կողմից ղեկավարվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ): Թեեւ երկրի արտգործնախարարը կիսատ-պռատ փորձում էր հերքել նման մտադրությունները, Հայաստանում արդեն բավական հաճախակի են դարձել կազմակերպությունից դուրս գալու մասին խոսակցությունները: Որոշ իշխանամետ քաղաքական խմբավորումներ քարոզարշավ են սկսել՝ պահանջելով հանրաքվե անցկացնել Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ, երկրի վարչապետը վերջերս նույնպես անսահման ոգեւորություն է հայտնել դրա կապակցությամբ: Հաշվի առնելով ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների ներկայիս վիճակը, դա պարզապես քայլ չէր դեպի ԵՄ, դա դեմարշ էր ընդդեմ Ռուսաստանի:

Որո՞նք են այն փաստացի խնդիրները, որոնք Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները հասցրել են այդ ցածր կետի: Հայերը Ռուսաստանին մեղադրում են անվստահելի դաշնակից, իսկ ՀԱՊԿ-ին՝ անօգուտ կառույց լինելու մեջ: Նրանք պնդում են, որ Ռուսաստանը 2020-ի հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Հայաստանին թողել է Ադրբեջանի կամ Թուրքիայի ողորմությանը եւ, ըստ էության, դավադրել նրանց հետ: Հայկական կողմը վրդովված է, որ ՀԱՊԿ-ը հրաժարվեց միջամտությունից, երբ Ադրբեջանը 2022-ի աշնանը անդրսահմանային ներխուժում կատարեց Հայաստանի ինքնիշխան տարածք, եւ դա համարում են պայմանագրային պարտավորությունների ակնհայտ խախտում: Հայերը մեղադրում են Ռուսաստանին նաեւ իրենց խաղաղապահ առաքելությունը ձախողելու մեջ, քանի որ Ադրբեջանը կարողացավ 2022-ի վերջին շրջափակել Ղարաբաղը եւ 2023-ի սեպտեմբերին ի վերջո ստիպել ողջ հայ բնակչությանը հեռանալ տարածաշրջանից:

Ռուսներն արձագանքել են այս մեղադրանքներին՝ նշելով, որ Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ն պաշտոնական պարտավորություններ չունեին միջամտելու, երբ 2020-ին Ղարաբաղում պատերազմ սկսվեց: Նրանք նաեւ հիշեցնում են Հայաստանին, որ Ռուսաստանն առաջարկել էր փոխզիջումային կարգավորման (իրենց կարծիքով խելամիտ) նախագիծ, որը հայտնի որպես «Լավրովի պլան», որը կերաշխավորեր դե ֆակտո հայկական վերահսկողությունը Ղարաբաղի վրա՝ 1994-ից ի վեր հայկական վերահսկողության տակ գտնվող Ղարաբաղից դուրս գտնվող որոշ տարածքների վերադարձի դիմաց:

2022-ի աշնանը անգործության մեղադրանքներին Ռուսաստանը պատասխանել էր՝ ասելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը զատված չէ, ինչը կասկածելի է դարձնում միջամտության մասին իրավական փաստարկը: Նրանք դժգոհում են նաեւ, որ հայկական կողմը հրաժարվել է ընդունել ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը եւ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերահսկելու համար հրավիրել է նման առաքելություն ԵՄ-ից: Ռուսներն այնուհետեւ մեղադրում են Հայաստանին 2020-ի պատերազմն ավարտած հրադադարի համաձայնագրի առանցքային դրույթը չկատարելու մեջ, որը, ի թիվս այլ բաների, պարտավորեցնում էր Հայաստանին ապահովել ցամաքային կապ Ադրբեջանի եւ Նախիջեւանի էքսկլավի միջեւ, որը պետք է վերահսկեին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության զորքերը:

Այս մերժումը խաթարեց Ռուսաստանի դիրքը՝ որպես հրադադարի երաշխավոր եւ բանակցությունների միջնորդ: Այն թույլ չտվեց Ռուսաստանին նաեւ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բաց պահելու Լաչինի միջանցքը, որը կապում էր Հայաստանը Ղարաբաղին: Բացի այդ, ռուսները պնդում են, որ երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի ամբողջական եւ անվիճելի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ, ինչը Հայաստանն արել է առանց իրենց հետ խորհրդակցելու կամ նույնիսկ ծանուցելու, Ռուսաստանը չէր կարող խանգարել Ադրբեջանին լիակատար վերահսկողություն հաստատել Ղարաբաղի վրա: Վերջապես, ռուսները զայրացած են այնպիսի գործողություններով, ինչպիսին է Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացումը (որը ենթադրում է Վլադիմիր Պուտինին ձերբակալելու պարտավորություն, եթե նա ոտք դնի հայկական հող՝ հաշվի առնելով մի քանի ամիս առաջ Միջազգային քրեական դատարանի մեղադրանքը), հայ պատվիրակության վերջին այցը Բուչա եւ մասնակցություն Շվեյցարիայում Ուկրաինայի վերակառուցման կոնֆերանսին:

Ախտանիշներից մինչեւ հիվանդություն

Գայթակղիչ է կենտրոնանալ վերը թվարկված մեղադրանքների ու հակամեղադրանքների վրա ու փորձել պարզել, թե դրանցից որն է արդարացված եւ ով է մեղավոր երկու երկրների հարաբերությունների վատթարացման համար: Այնուամենայնիվ, դա անմիտ առաջադրանք է, քանի որ ախտանիշների շուրջ վեճերը թաքցնում են հիվանդության իրական էությունը: Այս հիվանդությունն ունի երեք փոխազդող հարուցիչներ. Փաշինյանի կառավարության արեւմտամետությունը, ընկալումը, որ Ռուսաստանի զբաղվածությունն Ուկրաինայում հնարավորություն է ստեղծել Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար եւ Արեւմուտքի ավելի ու ավելի խանդավառ խրախուսանքը:

Ինչո՞ւ եմ Փաշինյանի եւ նրա թիմի արեւմտամետ տեսլականը հիվանդագին անվանում: Անշուշտ, ինքնին վատ բան չկա արեւմտամետ լինելու մեջ՝ կախված նրանից, թե ինչպես սահմանել այդ եզրույթը: Իրականում անկախանալու օրվանից Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ էր «կոմպլեմենտարություն» կոչվող արտաքին քաղաքականությանը, որը լավ հարաբերություններ է ենթադրում թե՛ Մոսկվայի, թե՛ Արեւմուտքի հետ: Այդ հարաբերությունների բովանդակությունը, իհարկե, նույնական չէր։ Հայաստանն ու Ռուսաստանը ունեին ռազմական դաշինք, որը Հայաստանի անվտանգության անփոխարինելի հենասյունն էր, քանի որ այն ուներ չլուծված հակամարտություններ իր որոշ հարեւանների հետ, իսկ Արեւմուտքը չէր կարող անվտանգության այլընտրանքային երաշխավոր լինել: Հայաստանն այդ պատճառով ձգտում էր ձեւավորել եւ պահպանել Արեւմուտքի հետ հնարավորինս սերտ ու բարեկամական հարաբերություններ՝ առանց Ռուսաստանի հետ իր դաշինքի փոխզիջման:

Փոքր շեղումներով այս ստատուս քվոն պահպանվեց մինչեւ 2018-ի հեղափոխությունը Հայաստանում, որը իշխանության բերեց Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմը: Նրանք «կոմպլեմենտարիզմի» սիրահար չէին եւ հակված էին տեսնելու այդ հարաբերությունները որպես անհամատեղելի եւ միմյանց բացառող, եւ հենց այստեղ է պաթոլոգիան: Նրանք իշխանության եկան արեւմտամետ եւ հակառուսականի համբավով եւ քննադատեցին նախորդ վարչակազմը՝ Ռուսաստանի հետ Մաքսային միություն մտնելու եւ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրից հրաժարվելու համար: Նրանք չէին թաքցնում, որ Ռուսաստանը համարում են Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական զարգացման խոչընդոտ եւ պաշտպան այն կոռումպացված վարչակազմի, որը տապալել էր հեղափոխությունը:

Հեղափոխությունից հետո երկու երկրների հարաբերություններում փոխադարձ կասկածի մթնոլորտ էր տիրում: Ռուսները Հայաստանի նոր իշխանությունը տեսնում էին որպես Արեւմուտքի կողմից աջակցվող «գունավոր հեղափոխության» եւս մեկ օրինակ, որը նպատակ ունի ոտնահարել Ռուսաստանի ավանդական ազդեցության գոտին: Փաշինյանն ու իր թիմը կասկածում էին ռուսներին իրենց «տակը փորելու» եւ «հին գվարդիայի» իրենց հակառակորդներին աջակցելու մեջ: Այդուհանդերձ, լարվածությունը որոշ ժամանակ հաջողվեց կառավարել, քանի որ Փաշինյանը սկսեց հասկանալ իրավիճակը, եւ Ռուսաստանը պատրաստ էր նրան «անմեղության կանխավարկած» շնորհել: Հեղափոխական իշխանությունը չէր ցանկանում թշնամանալ ռուսների հետ, քանի որ Ադրբեջանի հետ լարվածությունը հասնում էր բարձրակետի:

Դրամատիկ շրջադարձ տեղի ունեցավ 2020-ի հայ-ադրբեջանական պատերազմից հետո, այնուհետեւ Ուկրաինայում հակամարտության սրումից հետո: Փաշինյանի կառավարությունը որոշեց ձգձգել հրադադարի համաձայնագրի որոշ դրույթների կատարումը, որը միջնորդել եւ երաշխավորել էր Ռուսաստանը, ապա Ռուսաստանին անօգուտ դաշնակից հայտարարեց, երբ Ադրբեջանը փորձեց ստիպել Հայաստանին կատարել այդ պահանջը: Կառավարության բացահայտ հավանությամբ մի քանի իշխանամետ լրատվամիջոցներ, փորձագետների հսկայական բանակ եւ մի քանի արբանյակային քաղաքական ուժեր սկսեցին անողոք հանրային քարոզարշավ՝ տարածելու այն առասպելը, որ պատերազմն անխուսափելի էր, քանի որ այն հետեւանք էր Հայաստանի դեմ ռուս-թուրքական-ադրբեջանական դավադրություն: Քարոզարշավին միացան անգամ կառավարության բարձրաստիճան անդամները:

Այս արշավը ծառայեց երկու նպատակի: Նախ՝ այն պաշտպանեց Փաշինյանին պատասխանատվությունից իր ապշեցուցիչ անխոհեմ դիվանագիտության համար, որն էլ անխուսափելի դարձրեց այդ պատերազմը: Երկրորդը՝  համոզեց հայ հասարակությանը, որ Ռուսաստանը ոչ միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ անվտանգության անհուսալի երաշխավոր է, այլեւ նրանց դաշնակիցը: Այս պնդումը կոչված էր հերքելու այն փաստարկը, որ եթե Հայաստանը հրաժարվի Ռուսաստանի հետ դաշինքից, խոցելի կդառնա թուրքական եւ ադրբեջանական պարտադրանքների նկատմամբ։ Եթե մարդիկ համոզվեին, որ Ռուսաստանն արդեն Հայաստանի հակառակորդների բարեկամն է, ապա դաշինքից դուրս գալու եւ «դեպի Արեւմուտք շրջվելու» վտանգի մասին փաստարկները վիճելի կդառնան: Հետեւաբար, Արեւմուտքի հետ ցանկացած մերձեցում կարող է միայն ուժեղացնել Հայաստանի անվտանգությունը՝ անկախ Հայաստանի հանդեպ Արեւմուտքի պարտավորությունների սահմանափակ լինելուց։

Ուկրաինական պատերազմը հզոր խթան եղավ այս փաստարկներին: Երբ Ռուսաստանը հայտնվեց արյունալի եւ երկարատեւ պատերազմի մեջ, «շրջադարձը դեպի Արեւմուտք» ավելի լավ գաղափար թվաց: Առաջին հերթին, Ռուսաստանը Ուկրաինայում խնդիրների մեջ խրված էր, ուստի չէր պատրաստվում մարտի բռնվել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ՝ Հայաստանին պաշտպանելու համար: Միեւնույն ժամանակ չէր պատրաստվում եւս մեկ ճգնաժամ սկսել եւ հետապնդել Հայաստանը, որպեսզի կասեցնի այդ շրջադարձը:

Հայաստանի «վարդերով պատված ճանապարհը»
 
Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները Հայաստանին անկախությունից հետո ավանդաբար վերաբերվել են որպես բարեկամ երկրի, նույնիսկ եթե հետխորհրդային երկրներից Հայաստանը այլ կատեգորիայում էր, քան Բալթյան հանրապետությունները, Ուկրաինան եւ Վրաստանը: Վաշինգտոնում եւ եվրոպական մայրաքաղաքներում տարրական հասկացողություն կար, որ Հայաստանն սահմանափակումներ այն առումով, թե որքան սերտ կարող են լինել նրա հարաբերությունները Արեւմուտքի հետ՝ անկախ իր նախասիրություններից: Բոլոր կողմերը հասկանում էին նաեւ Արեւմուտքի սահմանափակումները՝ որպես Հայաստանի անվտանգության այլընտրանքի երաշխավոր՝ հաշվի առնելով երկրի կարիքներն ու խնդիրները, ինչպես նաեւ երկրի կասկածելի ռազմավարական արժեքը: Ըստ այդմ Հայաստանին Ռուսաստանի ռազմավարական ուղեծրից դուրս բերելու ակտիվ եւ վճռական ջանքեր չեն գործադրվել: Իրականում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Արեւմուտքն ու Ռուսաստանը որպես միջնորդներ կարողացան համագործակցել եւ հանդես գալ ընդհանուր օրակարգով եւ ընդհանուր ճակատով:

Արեւմուտքը ողջունեց 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը եւ գովաբանեց Փաշինյանին՝ այն խաղաղ ճանապարհով կատարելու եւ երկիրը ժողովրդավարական զարգացման ուղու վրա դնելու համար: Նույնիսկ այն ժամանակ, սակայն, Ռուսաստանի հետ կապերը խզելու ակտիվ ու բացահայտ խրախուսում չկար: Չկար նաեւ դիրքորոշման փոփոխություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտության կամ ավելի վաղ հաստատված կարգավորման պայմանների վերաբերյալ: Արեւմուտքը հավատարիմ մնաց իր շրջահայաց դիրքորոշմանը 2020-ի պատերազմից հետո, երբ Հայաստանում հակառուսական տրամադրությունները աննախադեպ մակարդակի հասան: Մի առիթով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Ռուսաստանին քննադատող հարցազրուցավարին հիշեցրեց, որ 2020-ին Ռուսաստանն էր փրկել Ղարաբաղն ու Հայաստանը: Կարճ ժամանակ անց ամերիկացի դիվանագետը, որը ԱՄՆ ներկայացուցիչն էր ղարաբաղյան բանակցություններում, ստիպված էր նույն կերպ սառեցնել մեկ այլ հարցազրուցավարի հակառուսական եռանդը: Ընդհանուր առմամբ, ոչինչ չէր խոսում հաստատված պրակտիկայի լուրջ փոփոխության մասին եւ, իհարկե, ոչ մի բացահայտ հավանություն չկար Ռուսաստանի հետ Հայաստանի բուռն վեճին:

Վերաբերմունքը սկսեց փոխվել, երբ Ուկրաինայի հակամարտությունը սրվեց եւ Արեւմուտքի ու Ռուսաստանի մրցակցությունը վերածվեց թանկարժեք, անհաշտելի առճակատման: Այն, ինչ նախկինում կհամարվեր չափազանց անիրատեսական, սկսեց ողջամիտ տարբերակ թվալ: Խորհրդատվական զգուշավորությունը եւ Ռուսաստանի հանդեպ Հայաստանի անխոհեմ պահվածքը խրախուսելու դժկամությունը վերածվեց այն բացահայտ խրախուսելուն: Այդ տեղաշարժի վաղ ազդարարը Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀՎ) տնօրենի աննախադեպ այցն էր Հայաստան 2022-ի ամռանը: Սա Պետդեպարտամենտի սովորական այց չէր կամ կոնգրեսականի այց, որը փորձում է հաճոյանալ իր էթնիկ հայ ընտրողներին: Եթե անգամ այցի նպատակի մասին մամուլի հաղորդագրությունները եւ հայ պաշտոնյաների հետ քննարկումների թեմաներն այնքան էլ տեղեկատվական չէին, կարելի է հանգիստ եզրակացնել, որ այցը նշանավորեց Հայաստանի կարգավիճակի բարձրացումը ամերիկյան ռազմավարական առաջնահերթություններում:

Դրան հաջորդեց Կոնգրեսի պատվիրակության այցը Նենսի Փելոսիի գլխավորությամբ՝ աջակցություն հայտնելու Հայաստանին 2022-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստան, իսկ ՀԱՊԿ-ը հրաժարվեց Հայաստանին օգնության հասնել ըստ պայմանագրային պարտավորության: Նույն տարում Հայաստան այցելեց Բրիտանիայի Գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը, որը նույնպես աննախադեպ էր եւ չէր կարող ունենալ այլ բացատրություն, քան Հայաստանի հետ հարաբերությունների էական վերագնահատում: Փաշինյանը եւս մեկ հանդիպում ունեցավ Մուրի հետ 2024-ի փետրվարին Մյունխենի միջազգային համաժողովի շրջանակում:

Այս տեղաշարժերին համահունչ էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արտառոց հայտարարությունը, որը բացահայտորեն մեղադրեց Ռուսաստանին այն բանի համար, որ խրախուսում է Ադրբեջանին հարձակվել Հայաստանի վրա՝ 2022-ի սեպտեմբերին Հայաստան ներխուժումից անմիջապես հետո: Հայտարարությունը խիստ քննադատվեց Ռուսաստանի, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից: Վերջերս ֆրանսիացիները որոշել են Հայաստանին տրամադրել առաջադեմ սպառազինություն, այդ թվում՝ բաղձալի «Caesar» հաուբիցները՝ տագնապ առաջացնելով Ադրբեջանում եւ զարմանք՝ Մոսկվայում:

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը նվազեցրեց անորոշությունը, թե ինչով է զբաղված Արեւմուտքը: Իր այցի ընթացքում նա հարցազրույց տվեց «Ազատություն» ռադիոկայանին, որտեղ, ի թիվս այլ հարցերի, ասաց, որ Ռուսաստանը պետք է բացառվի Ադրբեջանն ու Նախիջեւանը կապող հաղորդակցության նախագծից, որն, ըստ էության, կկապի Կենտրոնական Ասիան տարածաշրջանի այլ երկրների հետ: Նա պնդեց նաեւ, որ Ռուսաստանը պետք է բացառվի հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից, ինչը նշանակում է Ռուսաստանի դուրսմղումը տարածաշրջանից։ Օ’Բրայենը ողջունեց Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը, Ռուսաստանին դիմակայելու երկրի վճռականությունը եւ հայտարարեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները բարձրացվում են ռազմավարական մակարդակի:

Որո՞նք են այս տեղաշարժի հետեւանքները: Հայաստանի իշխանությունը եւ զանազան արեւմտամետները, որոնք երկրի կտրուկ ռազմավարական վերակողմնորոշումը դարձրել են իրենց քաղաքական օրակարգի առանցքը, դա համարում են իրենց ջանքերի արդարացում եւ իրենց կեցվածքի կոռեկտության ապացույց: Նրանք ավելի վճռական են հետեւելու իրենց անխոհեմ ճանապարհին: Հայաստանն ակնհայտորեն բախման ուղու վրա է Ռուսաստանի հետ եւ հետեւաբար լիովին անպաշտպան Թուրքիայի եւ Ադրբեջանի առջեւ այն ժամանակ, երբ նրանք հայկական յուրաքանչյուր զիջմանը պատասխանում են նոր պահանջով: Դա նաեւ ծանր տնտեսական հետեւանքներ կունենա Հայաստանի համար՝ հաշվի առնելով Հայաստանի կախվածությունը ռուսական շուկայից եւ Ռուսաստանից էժան էներգակիրների արտահանումից: Հարցն այն է, թե ի՞նչ է անելու Արեւմուտքը, երբ այդ բախումը տեղի ունենա: Այդ հարցին պատասխանելու ձեւերից մեկը Վրաստանի եւ Ուկրաինայի անկասկած դժբախտ փորձառությունները վկայակոչելն է: Իսկ պատասխանը լավագույն դեպքում «ոչ բավարար»-ն է: Պետք չէ նույնիսկ ապավինել այդ փորձառությունների արտարկմանը:

Մի քանի շաբաթ առաջ «Ազատություն» ռադիոկայանը հարցազրույց վերցրեց Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ, որին տրվեց այդ հարցը, թեեւ մի փոքր ավելի ընդհանուր եւ մեղմ ձեւակերպմամբ: Նա խոսեց հայկական բանակին շտապօգնության զրահապատ մեքենաներով ապահովելու եւ Ղարաբաղից փախստականներին անգլերեն սովորեցնելու դասընթացների մասին: Ինչ վերաբերում է ֆրանսիացիների կողմից Հայաստանին առաջադեմ զենք վաճառելուն, ապա դա ամենավատն է: Ադրբեջանի համար այն անհանգստության աղբյուր է եւ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու խթան՝ առանց որեւէ պատրաստակամության կամ ունակության անվտանգության երաշխիքներ տրամադրելու Հայաստանին, եթե այդ միջոցները գործադրվեն, իսկ Ռուսաստանին դրդապատճառներ է տրամադրում Ադրբեջանին հրահրելու համար:

Նույն տրամաբանությունը վերաբերում է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությանը: Այն ազդարարում է Հայաստանի վերջնական ինտեգրումը արեւմտյան կառույցներին երկարաժամկետ հեռանկարում, ինչը ռուսներն անընդունելի են համարում: Միեւնույն ժամանակ Արեւմուտքը ի վիճակի չէ կարճաժամկետ հեռանկարում պաշտպանել Հայաստանը Մոսկվայի ցասումից: Օգտագործելով Ջոն Միրշայմերի հայտնի արտահայտությունը, Արեւմուտքն այժմ Հայաստանին տանում է ապագա հակամարտության «վարդերով պատված ճանապարհով»:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: