ru24.pro
Новости по-русски
Декабрь
2015

Ամերիկացի ներդրողները հետաքրքրված են Հայաստանում գոյություն ունեցող հնարավորություններով. դեսպան

0

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Ամերիկացի ներդրողները հետաքրքրված են Հայաստանում գոյություն ունեցող հնարավորություններով, հայտարարել է ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը։

Ինչպես նշեց դեսպանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում, երկրով ճանապարհորդելիս ԱՄՆ բիզնես ներդրողներից, ինչպես նաև Հայաստանի շարքային քաղաքացիներից ես լսում եմ, որ գործարար տղամարդիկ ու կանայք, երբ փորձում են գումար վաստակել Հայաստանում, մարտահրավերների առաջ են կանգնում: Այդ պատճառով դեսպանատունն աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ բիզնեսի շրջանում արդարացի մրցակցության ապահովման ուղղությամբ:

«Ցանկանում եմ նաև ընդգծել, որ ներդրումներ ներգրավելու գործում կարևոր դեր ունեն ՀՀ ժողովուրդն ու կառավարությունը: Ընկերությունները ներդնում են այնպիսի երկրներում, որտեղ կա կանխատեսելիություն և թափանցիկություն ցանկացած ոլորտում՝ հարկային, մաքսային կանոնակարգերից մինչև դատական վարույթներ», – ասել է Միլզը։

Նա նշել է, որ թեպետ դեսպանատունը չի կարող ստիպել ԱՄՆ գործարարներին մուտք գործել հայկական շուկա, ԱՄՆ դեսպանատունն իր Տնտեսական և կոմերցիոն բաժնի ակտիվ գործունեության միջոցով ներկայացնում է առկա գործարար և առևտրային հնարավորությունները տարեկան կտրվածքով պատրաստվող երկու զեկույցների միջոցով` «Երկրի կոմերցիոն ուղեցույց» և «Ներդրումային միջավայրի մասին տեղեկանք»։

Այս կապակցությամբ դեսպանը նշել է, որ ԱՄՆ–ն շարունակում է մնալ Հայաստանի ամենակարևոր առևտրային գործընկերներից մեկը։ 

«Դրա մասին են վկայում մեր երկրների միջև ամուր, պատմական կապերը՝ տնտեսական, քաղաքական և մշակութային ոլորտներում: 2015 թ.–ին երկրի կոմերցիոն ուղեցույցում որպես բիզնեսի հնարավորության պոտենցիալ ոլորտներ մենք առանձնացրել ենք էներգետիկայի և հանքարդյունաբերության (հետազոտություններ, շահագործում և օժանդակ ծառայություններ), այլընտրանքային էներգետիկայի, ագրոբիզնեսի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև ծառայությունների (մանրածախ առևտուր, ճամփորդություն և տուրիզմ) ոլորտները», – ասել է Միլզը։

Դեսպանը նաև հիշեցրել է, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև երկկողմ առևտրաշրջանառությունը 2014թ.–ին կազմել է 153 միլիոն ԱՄՆ դոլար: Ամերիկյան ապրանքների` թռչնամիս, մեքենաներ, տրանսպորտային միջոցներ, օպտիկական և բժշկական սարքավորումներ, ներմուծումը Հայաստան 2014թ.–ին կազմել է 56 միլիոն ԱՄՆ դոլար:

«2013 թ.-ին ԱՄՆ արտաքին ուղղակի ներդրումների ծավալը Հայաստանում կազմել է մեկ միլիոն ԱՄՆ դոլար, ինչը կտրուկ աճել է այս տարի ամերիկյան Կոնտուր Գլոբալ ընկերության կողմից Որոտանի հիդրոկասկադի ձեռքբերումից հետո», – ավելացրել է նա։

Միլզի խոսքով` 2014թ.–ին Հայաստանից ԱՄՆ ներմուծվել են 96 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանքներ ՝ ալյումին, հագուստեղեն, կոնյակ, ադամանդ և պահածոյացված միրգ ու բանջարեղեն: Հայաստանի արտաքին ուղղակի ներդրումների ծավալը Միացյալ Նահանգներում 2013թ.–ին կազմել է 1 միլիոն ԱՄՆ դոլար:

Ռիչարդ Միլզի` «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ։ –0–