ru24.pro
Новости по-русски
Июль
2024

Փոլ Փոլման. Բաքվից պետք է պահանջել ազատել հայ բանտարկյալներին մինչեւ COP 29-ը

0

Ներկայացնում ենք Unilever ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն, ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագրի» նախկին փոխնախագահ Փոլ Փոլմանի Azerbaijan’s human rights abuses should bar it from ever hosting the COP summit հոդվածի հայերեն թարգմանությունը:

Փոլ Փոլման

Հաջողակ գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանն անցյալ տարվա սեպտեմբերին գերեվարվել  է ադրբեջանական իշխանության կողմից, այնուհետեւ՝ ապօրինաբար կալանավորվել:  

Այդ օրվանից ի վեր Վարդանյանը՝ եւս 22 հայերի հետ, ապօրինաբար պատանդ է պահվում Ադրբեջանի իշխանությունների կողմից. նրանց զրկել են պատշաճ դատավարությունից եւ միջազգային անկախ իրավական խորհրդատվությունից, ինչպես նաեւ այցելուներից, պատշաճ սննդից ու բժշկական սպասարկումից, եւ ինչպես բոլորովին վերջերս պարզվեց՝  նրանց հետ վարվել են սարսափելի դաժանությամբ։

Ադրբեջանի կառավարության կողմից գերության մեջ պահվող 23 անձանց թվում են Լեռնային Ղարաբաղի ութ քաղաքական առաջնորդներ եւ անմեղ քաղաքացիներ։

Ամենեւին էլ պետք չէ զարմանալ. Ադրբեջանը մի երկիր է, որը չի հարգում մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքը: Այդ երկիրը 100 միավորից ընդամենը 7 ողորմելի միավոր ունի Freedom House կազմակերպության կողմից։

2003 թվականից ի վեր, երբ Իլհամ Ալիեւը հորից ժառանգեց նախագահի աթոռը, այդ երկրում կոռուպցիան առավել ծաղկեց, քաղաքացիական ազատությունները ոչնչացվեցին եւ քաղաքական ընդդիմությունը ջախջախվեց՝ չթողնելով ազատ արտահայտման կամ քաղաքացիական ակտիվության որեւէ հնարավորություն:

Լրագրողները ենթարկվում են հետապնդման, շանտաժի եւ կաշառելու փորձերի. եթե դիմադրում են, ապա հայտնվում են բանտում, նրանց ընտանիքները ենթարկվում են հալածանքների:

Ռուբեն Վարդանյանը գերեվարվել է այն ժամանակ, երբ ադրբեջանական բանակն ուղարկվել է Լեռնային Ղարաբաղ, որը վիճելի տարածք է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: Լեռնային Ղարաբաղում նա փորձում էր պաշտպանել տեղի հայ բնակչությանը վերահաս բռնություններից։ Տասը ամիս տեւած լիակատար շրջափակումից հետո, ինչի հետեւանքով տեղի բնակչությանը զրկված էր սննդից, վառելիքից եւ առաջին անհրաժեշտության բժշկական պարագաներից, Ադրբեջանը ստիպում է ավելի քան 100 հազար հայերի լքել իրենց տները, թողնել ունեցվածքն ու փախչել: Շատերն այն անվանել են ցեղասպանություն:

Ռուբենը հմուտ եւ նվիրված բիզնես ղեկավար է։ Նա իրեն նվիրել է մի շարք բարեգործական նպատակների իրագործմանը, որոնց թվում է «Ավրորա» մարդասիրական մրցանակը, որը շնորհվում է այն անհատներին, որոնք արտասովոր մարդասիրական գործունեություն են ծավալել ամբողջ աշխարհում (եւ որի Խորհրդի անդամ եմ ես):

Այժմ միջազգային հանրությունը հնարավորություն ունի արձագանքելու Վարդանյանի, ինչպես նաեւ Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալների անօրինական կալանավորմանը։ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հազիվ մեկ տարի անց՝ այս տարվա նոյեմբերին, այդ երկիրը պատրաստվում է իր մայրաքաղաք Բաքվում հյուրընկալելու Կլիմայի փոփոխությանը նվիրված ՄԱԿ-ի COP29 գագաթնաժողովը: Սրանք կլիմայի վերաբերյալ տարվա խոշորագույն միջազգային բանակցություններն են:

Այն, որ Բաքուն ընտրվել է որպես հյուրընկալող քաղաք, արդեն իսկ խիստ վիճելի է: Այդ երկրի ՀՆԱ-ի գրեթե կեսը եւ արտահանման եկամտի 90 տոկոսը ձեւավորվում է նավթի եւ գազի արդյունահանումից: Երկրի նախագահը որեւէ լուրջ շահագրգռվածություն չունի կլիմայի փոփոխության դեմ պայքարի կամ արտանետումների կրճատման հարցերում: Եվ իրապես, այս տարվա սկզբին նախագահ Ալիեւն ասել է, որ ցանկանում է առաջիկա տասնամյակի ընթացքում գազի արդյունահանումն ավելացնել մեկ երրորդով եւ հասկացրել է, որ COP29-ը հյուրընկալելը չի կարող իրենց հետ պահել՝ ներդրումներ անելու «Աստծո կողմից մատակարարված» գազի մեջ:

Այդ երկրի կառավարության ներկայացուցիչները պնդում են, թե ցանկանում են, որ այս գագաթնաժողովը լինի «Խաղաղության գագաթնաժողով»։ Եվ սա այն դեպքում, երբ դեռ մեկ տարի էլ չկա, ինչ ներխուժել են հարեւան երկիր եւ դեռ չեն հասել արդար խաղաղության համաձայնագրի ընդունմանը եւ ոչ էլ իրական մտադրություն են ցուցաբերել այդ ուղղությամբ շարժվելու համար։ Ադրբեջանը շարունակում է պահել քաղբանտարկյալներին եւ ձախողել մարդու իրավունքների վիճակի բարելավումը։ Հուլիսի 4-ին Amnesty International կազմակերպությունը կոչ է արել ՄԱԿ-ին՝ համոզվելու, որ Ադրբեջանի իշխանությունները պաշտպանում են խոսքի ազատության եւ խաղաղ հավաքների միջազգային իրավունքները բոլոր նրանց համար, ովքեր մասնակցում են COP-ին:

Եվրախորհրդարանի անդամները բացահայտորեն բոյկոտի կոչ են արել։ Աշխարհում ավելի ու ավելի շատ կառավարություններ են իրենց զայրույթն արտահայտում Ադրբեջանի պահվածքի վերաբերյալ։ Ես անկեղծորեն հուսով եմ, որ Մեծ Բրիտանիայի նորանշանակ արտգործնախարար Դեվիդ Լեմմին եւս իր ձայնը կավելացնի այս ավելացող «ձայներին»՝ հաշվի առնելով մարդու իրավունքների հանդեպ իր հանձնառությունը: ՄԱԿ-ը պետք է Ադրբեջանից պահանջի ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին մինչեւ COP29 գագաթնաժողովը, ինչպես նաեւ վերանայել ապագա հյուրընկալ երկրների ընտրության կարգը։

Այս հոդվածը հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: