ru24.pro
Новости по-русски
Июль
2024

Իեն Գիլան. «Բավականին արագ հարմարվեցինք անմահանալու գաղափարին»

0

Ներկայացնում ենք անգլիական The Times-ում հրապարակված Deep Purple’s Ian Gillan: ‘I didn’t get paid for ten years’ հոդվածի հայերեն թարգմանությունը:

***

2024թ. հուլիսի 19-ին թողարկվելիք Deep Purple-ի նոր ալբոմի՝ = 1-ի միջնամասում մի երգ կա, որը կոչվում է No Money to Burn՝ «Մսխելու փող չկա»: Դրանում խոսքը գնում է կանխիկ գումարի բացարձակ բացակայութԻենմասին: Սա գրում են դասական ռոքի ռահվիրաները, որոնք 1975 թվականի Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելով որպես աշխարհի ամենաբարձրաձայն խումբը, վաճառել են ավելի քան 100 միլիոն ձայնասկավառակ ու ելույթ ունեցել ամբողջ աշխարհի լեփ-լեցուն դահլիճներում: Դյուսելդորֆի գեղեցիկ հյուրանոցային սենյակում երգիչ Իեն Գիլանին հարցնում եմ՝ անշուշտ, մսխելու մի քիչ գումար կա:



«Ոչ, եթե ինձ պես փողի հետ վատ ես», - ասում է 78-ամյա Գիլանը, որին չորս օկտավայի ձայնածավալը ու գեղեցիկ առնական արտաքինը Հանսլոու քաղաքի վարձակալված պետական բնակարանից հասցրին համաշխարհային հռչակի:

Գիլանը որոշ վիրավոր զգայունություն ճառագում է, որը ես կարող եմ միայն վերագրել ռոք կյանքով ապրած հինգ տասնամյակին: «Որպես օրենք՝ միայն հաջորդ շաբաթվա համար բավարար գումար ունեմ: Ամեն առավոտ զանգահարում եմ գրասենյակ ու հարցնում. «Կարո՞ղ եմ սա ինձ թույլ տալ»: Հիմնականում պատասխանը բացասական է»:

Գիլանը չի կարող միայն իրեն մեղադրել նման հարաբերական թշվառության համար: Deep Purple խումբը, որին նա միացավ 1969-ին, հայտնի էր իր քաոսային ոճով: Նրանց կիթառահար՝ անկանխատեսելի Ռիչի Բլեքմորը, լքեց նավը 1997 թվականին՝վերածվելով նեոմիջնադարյան տրուբադուրի: 1970-ականների սկզբին տխրահռչակ միջադեպի ժամանակ Գիլանը խնդրեց, որ Deep Purple-ի Child in Time երգը չընդգրկվի համերգացանկում, քանի որ մրսած էր եւ չէր կարողանա բարձր նոտաներ երգել: Բլեքմորը, միեւնույնն է, նվագեց այն՝ պարզապես Գիլանին զայրացնելու համար: Գիլանն ի վերջո կշտացավ այդ ամենից ու 1973-ին դուրս եկավ խմբից:  

«Դրանից հետո տասը տարի չեմ վարձատրվել,- ասում է նա: - Մի կոպեկ աշխատելու համար բազում դատական հայցեր պահանջվեցին, եւ ի վերջո [խմբի] հաշվապահը բանտ նստեց, բայց դա սովորական բան էր այդ օրերին: Երբ ես ու Ռոջերը [Գլովերը, Deep Purple-ի բաս-կիթառահարը] խմբին միացանք 1969-ին, երկուսով մի հագուստի հավաքածու ունեինք, այնպես որ չէինք կարող միաժամանակ դուրս գալ տնից: Ռոջերը նույնիսկ մի զույգ կոշիկ չուներ: Պատահել է՝ մի բուռ շան «թխվածքաբլիթներ» եմ գողացել, որ կարողանամ օրն անցկացնել»:

Չնայած Led Zeppelin-ի եւ Black Sabbath-ի հետ Deep Purple-ը ծանր ռոքի հսկա է համարվում, այն երբեք թմրանյութեր ընդունող խումբ չի եղել (համենայն դեպս՝ դասական համարվող «երկրորդ կազմի» անդամները): Գիլանը մինչեւ 38 տարեկանը անգամ մարիխուանա չէր ծխել:

Երգեհոնահար Ջոն Լորդը (որը վախճանվեց 2012 թվականին) դասական երաժշտություն էր սովորել, Բլեքմորը ստուդիաներում ձայնգարվող կարգապահ երաժիշտների աշխարհից էր, թմբկահար Իեն Փեյսը սկսել էր պարային խմբերից, իսկ Գիլանը հանես էր գալիս փաբերում:

 Նոր ալբոմը պատմում է այդ ժամանակների որոշ արկածների մասին: A Bit on the Side-ը վերաբերում է Շարլին անունով մի կնոջ, որին Գիլանը հանդիպել էր մի երեկո Բեռլինի գիշերային ակումբում: «Շարլինը հայտնվեց փայլող արծաթագույն զգեստով եւ շատ գեղեցիկ տեսք ուներ: Զրուցում էինք, շամպայն խմում, երբ նկատեցի, որ մի անգամ էլ սափրվեը նրան չէր խանգարի: Բեռլինցի Շարլինը, պարզվեց, բելֆաստցի Չարլին էր»:

Գիլանը միշտ գիտեր, որ երգիչ է դառնալու: Պապը օպերային երգիչ էր, հորեղբայրը՝ ջազ բասիստ: Հայրը՝ գործարանի պահեստապետ էր, մայրը՝ ուսուցչուհի: Իենին անդամագրել էին եկեղեցական երգչախմբում՝ որպես սոպրանո: «Հետո ձայնս խզվեց, ես լսեցի Էլվիս Փրեսլիի Heartbreak Hotel-ը, եւ վերջ: Լոնդոնը լի էր փոսերով եւ ռմբակոծված վայրերով, եւ պատերազմի միջով անցած մեր ծնողները քաջալերեցին մեզ նոր բաներ ստեղծել»:

Ջազով տպավորված 76-ամյա Փեյսը Deep Purple-ի միակ անդամն է, որը խմբում էր ի սկզբանե: 1968 թվականի մարտին նա գովազդ տեսավ. գործարարներ Թոնի Էդվարդսն ու Ջոն Քոլեթան ունկնդրության էին հրավիրում նոր խմբի ստեղծման համար։

«Մենք չգիտեինք՝ ինչ ենք լինելու, - այդ վաղ օրերի մասին պատմում է Փեյսը՝ ալեհեր «պոչիկով» սիրալիր մարդը: - Երեք վիրտուոզ ունեինք՝ Ռիչի Բլեքմորը, Ջոն Լորդն ու ես, այնպես որ կարող էինք ուրիշների երգերի հետաքրքիր տարբերակներ նվագել, բայց սեփական երաժշտություն չունեինք, մինչեւ չմիացան Իենն ու Ռոջերը: Այդ ժամանակ մենք ազդված էինք The Who-ի եւ Ջիմի Հենդրիքսի երաժշտությամբ, ու ես մտածեցի, որ կարող է հավես բան ստացվել»:

Գիլանը «Episode Six» կոչվող փոփ խմբում երգելուց վերածվեց Deep Purple-ի մեներգչի այն պահին, երբ այն աշխարհի ամենամեծ խմբերից մեկը դառնալու շեմին էր: Ինչպե՞ս էր դա: «Կարծում եմ՝ մենք բավականին արագ հարմարվեցինք անմահանալու գաղափարին, - պատասխանում է նա՝ ստիպելով ինձ մտածել, որ «Jesus Christ Superstar»-ում Աստծո որդու դերը երեւի նախապատրաստել էր նրան: - Ինչը մենք այնքան էլ լավ չարեցինք, դա բիզնեսի կողմն էր»:

Առաջին իսկ օրվանից փողը խնդիր էր: Երբ Գլովերի հետ դեռ փոխառփոխ նույն շորերն էին հագնում, Գիլանը գնաց խմբի ղեկավարության գրասենյակ Լոնդոնի կենտրոնում, որ նոր հագուստ գնելու կանխավճար խնդրի: «Մեր մենեջեր Ջոն Քոլեթայի պատասխանը հետեւյալն էր. «Ես գիտեի, որ դու խնդիր ես լինելու այն պահին, երբ քեզ տեսա: Եթե մի անգամ էլ ինձանից փող խնդրես, քեզ հետ կշպրտեմ այն ջրափոսը, որտեղից գտել եմ»: Այդ խոսքերը դաջված են իմ ուղեղում, որովհետեւ կյանքումս երբեք այդքան սարսափելի բան չէի լսել: Եթե կարողանում ես նման զզվելի բանի միջով անցնել ու կենդանի դուրս գալ, կարող ես շատ բաների դիմանալ»:

«Պետք է հիշեք, որ այն ժամանակ համերգները շատ ավելի փոքր էին, - ավելացնում է մշտապես ողջամիտ Փեյսը, - դրանից բացի՝ յոթանասունականներին եկամտահարկը 75 տոկոս էր, ու երբ վճարում ես մենեջերներին, գործակալներին ու հյուրախաղերի օգնականներին, քեզ շաբաթական մի քանի հարյուր ֆունտ է մնում: Purple-ը մեյնսթրիմային խումբ չէ, երբեք չի եղել, երբեք չի լինի, եւ եթե մեզ մտահոգեր փողը, մենք այլ բանով կզբաղվեինք: Եթե բավական գումար ունեի, որ գարեջուր գնեի եւ անեի այն, ինչ ուզում եմ, արդեն երջանիկ էի»:

Բացի այդ՝ երկարաժամկետ հեռանկարում ամեն ինչ ստացվում էր: «Purple-ի հետ ճանապարհին լինելը դժվար չէ, - ասում է Փեյսը իր գեղեցիկ հյուրանոցային սենյակից, - վարձում ենք մասնավոր ինքնաթիռ, որպեսզի մեզ տեղ հասցնի: Հավելավճար ենք տալիս, բայց հաճելի կյանք վայելում»:

Գուցե Deep Purple-ը իր ծաղկման շրջանում պարզապես չափազանց զբաղված էր, որ ուշադրություն դարձներ բանկային հաշվին: In Rock ալբոմից (1970) մինչեւ Who Do We Think We Are (1973) նրանք հիմք դրեցին ռոքի ծանրության ու բարդության նոր դարաշրջանի, որը բնորոշվում էր այնպիսի հիթերով, ինչպիսիք են Black Night եւ Smoke on the Water, իսկ վերջինը այնքան պարզ ու փայլուն կիթառային ռիֆ ունի, որ այդ ժամանակվանից նյարդայնացնում է կիթառի խանութների աշխատակիցներին:

1973-ին՝ Deep Purple-ից հեռանալուց հետո, Գիլանը ստեղծեց իր անունը կրող խումբը, 1983-ին կարճ ժամանակով միացավ Black Sabbath-ին, իսկ 1984-ին վերադարձավ Deep Purple: Այնուհետեւ նրան հեռացրին 1989-ին՝ նախքան խումբը վերամիավորվեց 1992-ին:

«Մենք երբեք չենք փորձել նորաձեւ լինել, այդ պատճառով էլ գոյատեւել ենք: Ռիչիի հեռանալը ծանր հարված էր, Ջոնի մահը սարսափելի էր, բայց խումբը բավականին ուժեղ էր ու շարունակեց գոյությունը»:

Փեյսն ասում է, որ Deep Purple-ի ամենավատ շրջանը 90-ականների կեսերին էր: «Խումբը մեռնում էր: Ռիչին կորցրեց հետաքրքրությունը, եւ արդյունքում հանդիսատեսներն անհետանում էին: Մենք նվագում էինք 16 000 մարդու համար նախատեսված հարթակներում, որտեղ 3 000 մարդ կար: Ռիչին մեզ լավություն արեց՝ հեռանալով, քանի որ եթե ավելի երկար մնար, մենք կնվագեինք երկու հոգու համար: Այդուհանդերձ, սարսափելի բան է առավոտյան արթնանալ խմբի կազմում, իսկ ցերեկը ժամը չորսին պարզել, որ այլեւս խումբ չունես»:

Ո՞րն էր Բլեքմորի հետ խնդիրը: «Իմ կարծիքով՝ ամեն ինչ պարզ է, - ասում է Փեյսը, - Ռիչին առաջին անգամ հեռացավ 1970-ականների վերջին ու ստեղծեց Rainbow-ն, որտեղ ինքն էր ղեկավարը: Երբ մենք 1984-ին վերստեղծվեցինք, նա դեռ մտածում էր, որ ինքն է շեֆը: Բայց Purple-ում այդպես չի ստացվի, քանի որ էգոները չափազանց շատ են: Նա դժգոհ էր, հեռացավ, իսկ մենք լուծեցինք խնդիրը՝ մեկ տարով ներգրավելով Ջո Սատրիանիին»:

Հետաքրքիր են յոթանասուն անց տարիքում ռոք խմբի անդամ լինելու մարտահրավերները: «Մարմինդ փոխվում է, միտքդ փոխվում է, - հաստատում է Գիլանը,- բայց ինձ համար մեծ փոփոխությունը երեսուն տարեկանում էր: Ես ամաչեցի գրել արագ մեքենաների եւ այլնի մասին, ու սկսեցի մտածել՝ պետք է ոգեւորիչ լինի, հակառակ դեպքում դա ռոքնռոլ չէ, բայց էլ ի՞նչ կա: Սկսեցի ամեն ինչին ավելի սյուրռեալիստական ձեւով նայել: Այդ ժամանակ հասկացա. կարելի է երգ գրել բացարձակապես ամեն ինչի մասին»:



Անշուշտ կարելի է: = 1 ալբոմում կա մի երգ, որը կոչվում է Lazy Sod, որը, ըստ երեւույթին, հուշում է, որ Deep Purple-ի ռոք աստվածը օր մտածում է համաշխարհային թեմաների մասին: «Աշխարհը վառվում է, իսկ ես չեմ կարող վեր կենալ անկողնուց», - ասվում է երգի տեքստում: Ես մտածում եմ, որ այն վերաբերում է սեփական անօգուտությանը էկոլոգիական աղետի պայմաններում:

«Իրականում խոսքը Պորտուգալիայում իմ քոթեջի մասին է,- ուղղում է ինձ Գիլանը, - ծխնելույզից հրդեհ բռնկվեց թռչնաբույնի պատճառով, եւ միացան ցողիչները: Ես անկողնում էի եւ երազ է տեսնում, որ տունը լցվում ջրով, եւ ես ստիպված եմ լաստանավ կառուցել՝ կատվին փրկելու համար: Այնպես որ, ո՛չ, խոսքը գլոբալ տաքացման մասին չէ»:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: