Հայտնի են Նորարարական եւ գիտահետազոտական գաղափարների մրցույթի հաղթողները
Ամփոփվել են «Նորարարական եւ գիտահետազոտական գաղափարների մրցույթի» արդյունքները։
Մրցույթի նպատակն է արհեստական բանականության եւ տվյալագիտության, ճարտարագիտության, կիբերանվտանգության, արվեստի եւ ստեղծարար տեխնոլոգիաների ու գիտության ոլորտներում նորարարական եւ գիտահետազոտական գաղափարների խթանումն ու առաջխաղացումն է։
Մրցույթում ներկայացվել էին շուրջ 190 գաղափար, ընտրությունն իրականացվել է մի քանի շրջափուլով։
Փորձագիտական հանձնաժողովների ընտրությամբ՝ 5 ոլորտային ուղղության մեկական գաղափարի հեղինակ արժանացել է 800․000 ՀՀ դրամ մրցանակի։
Հուլիսի 9-ին կայացած եզրափակիչ փուլի ընթացքում նրանք հնարավորություն են ստացել նաեւ ներկայացնելու իրենց գաղափարները ներդրումային ոլորտի մասնագետների ներգրավմամբ ձեւավորված ժյուրիին՝ մրցույթի «Լավագույն գաղափար» անվանակարգի հաղթողի որոշման նպատակով, որի համար սահմանվել էր 1․200․000 ՀՀ դրամ գլխավոր մրցանակ։
«Լավագույն գաղափար» անվանակարգում գլխավոր մրցանակին արժանացել է Հայկ Սարգսյանը «Thermaiscan Chemotherapy Monitoring» գաղափարի համար։
Ոլորտային անվանակարգերում հաղթող են ճանաչվել՝
• Արհեստական բանականություն եւ տվյալագիտություն․ԱՅԹԻ Արտաշատ ծրագրավորման կենտրոն՝ «FreshGuard» գաղափարով,
• Ճարտարագիտություն․ Մարինա Դավթյան՝ «Արհեստական մկաններ» գաղափարով,
• Կիբերանվտանգություն․ Մարիամ Հարությունյան՝ «Չարամիտ ծրագրերի հայտնաբերում՝ կոդերի կլոնների ու մեքենայական ուսուցման միջոցով» գաղափարով,
• Արվեստ եւ ստեղծարար տեխնոլոգիաներ․ Նորայր Չիլինգարյան՝ «Իրական լուսանկարչական եւ կինօ ժապաւէնների յատկութիւնները արձանագրելու, եւ թուանշային կերպով ստացուած նիւթերին փոխանցելու տեքնոլոգիայի մշակում» գաղափարով,
• Գիտություն․Մանվել Մնացականյան՝ «Բակտերիալ Ցելյուլոզա» գաղափարով։
«Այս մրցույթը մի նոր հնարավորություն է տվել երիտասարդ նորարարներին ու հետազոտողներին ներկայացնելու իրենց գաղափարներն ու ստանալու դրանք կյանքի կոչելու հնարավորություն։ Մենք ուրախ ենք կանգնել այս անհատների, թիմերի, կազմակերպությունների թիկունքին ու աջակցել նրանց գաղափարների կայացմանը։ Ներկայացված գաղափարները համապատասխան ոլորտներում զգալի ազդեցություն թողնելու ներուժ ունեն, որին հետագայում մենք միասին ականատես կլինենք: Նման կարեւոր ու արդիական ոլորտներում առաջադեմ գաղափարներ խթանելով՝ մենք կաջակցենք Հայաստանում տեխնոլոգիական առաջընթացին, ինչպես նաեւ միջոլորտային փոխգործակցության զարգացմանը»,- նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
Մրցանակակիրները եւ յուրաքանչյուր ոլորտից մի շարք այլ գաղափարների հեղինակներ կստանան ինկուբացիա անցնելու հնարավորություն՝ իրենց գաղափարը զարգացնելու, ներդրումներ ներգրավելու, հետազոտությունը շարունակելու եւ արդյունքներն առեւտրայնացնելու նպատակով։