ru24.pro
Новости по-русски
Июль
2024

Silicon Mountains Shirak 2024. ինչո՞ւ եւ ինչպե՞ս զարգացնել ստարտափները մարզերում

0

Հուլիսի 4-ին Գյումրիում կայացել է Silicon Mountains Shirak 2024 համաժողովը, որի առանցքային թեման մարզային համաչափ զարգացումն էր։

Մարզերում ձեռնարկատիրության ու նորարարության վերաբերյալ թեմաներ են քննարկել «Ստարտափները մարզերում» պանելային քննարկման մասնակիցները։

Digital Pomegranate ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Գայանե Առաքելյան

[[gallery1]]
Ստարտափները հասարակության առողջացման, նորարարության խթանման եւ ավելի պատասխանատու քաղաքացիների կրթման խողովակներից մեկն են։ Այն քաղաքացիները, որոնք աշխատում են ստարտափային ընկերություններում միշտ ավելի հակված են կրթվելու, նոր բան սովորելու։ Հաճախ լուծելով երկրի սահմաններից դուրս խնդիրներ, ստարտափում աշխատողները մտածում են իրենց համայնքում ու քաղաքներում այդ խնդիրների տեղային լուծումներ գտնելու մասին։

Մեր ընկերությունը ներկայացված է Գյումրիում եւ արդեն ստարտափ չէ, բայց անցել ենք մարզային լճացման փուլի միջով, երբ բավականաչափ զարգացած էինք որպես մարզային ընկերություն ու անհրաժեշտ էր հաջորդ մակարդակ բարձրանալ, բայց չէինք կարողանում գտնել ավելի շատ տաղանդավոր մարդիկ։ Նորից փոքրանում էինք ու նոր լուծումներ մշակում։ Մեր բախտը բերել է, քանի որ օգտագործում ենք հայկական Սփյուռքի լավագույն գործարար կապերը։

Մեր համահիմնադիրներից մեկը Սփյուռքի ներկայացուցիչ է եւ այդ առումով կարողացել ենք չգայթակղվել Երեւան տեղափոխվելով  եւ փորձել ենք միանգամից դուրս գալ գլոբալ շուկա։

Ամենակարեւորը մարզերում մարդկային տաղանդն է։ Բոլոր ենթակառուցվածքները պետք է մասնակցեն մարզերում այնպիսի ապահով միջավայր ստեղծելուն, որտեղ մարդիկ կուզեն ապրել ու աշխատել։

GIZ ծրագրերի խորհրդատու Մարիամ Բաբայան

[[gallery2]]
Թարմ ուժերի ու նոր գաղափարների անհրաժեշտությունը շատ մեծ է։ Անցած 2-3 տարիների ընթացքում մի քանի փորձ ենք կատարել մարզերում ներուժը գնահատելու ուղղությամբ, կազմակերպել ենք հաքաթոններ եւ հասկացել, որ նոր շարժիչ ուժ ու հզորություններ կարող ենք ստանալ Հայաստանի տարբեր շրջաններից ու մարզերից։

Մենք ֆինանսավորում ենք գաղափարի փուլում գտնվող ստարտափներին՝ տրամադրելով 10 հազար եվրո ֆինանսավորում, իսկ ավելի հասուն փուլերում՝ 50 հազար եւ ավել եվրո։
Հետաքրքիր երեւույթի ենք հանդիպում՝ նույն ստարտափները շարունակաբար ստանում են ֆինանսավորում տարբեր կառույցներից, նորերը չեն ստեղծվում։ Այս երեւույթն անվանում ենք «զոմբի շրջափուլ»։  

Մարզերից Երեւան տեղափոխվել ցանկացողները պետք է հաշի առնեն, որ մայրաքաղաքում նույնպես այն կայուն միջավայրը չէ, որտեղ պետք է զարգանալ։ Այն համարվելու է միջանկյալ օղակ դեպի գլոբալ շուկա, ուստի կարող եք մարզում մնալով՝ գլոբալ խնդիր լուծել։

Brain Fors ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, ՏՀՏ գործատուների միության Շիրակի մարզային կենտրոնի ղեկավար Գուրգեն Ղարիբյան

[[gallery3]]
Իմ կարծիքով, մարզերում երեխաների աչքերում մի ուրիշ կրակ ու ձգտում կա, որը մայրաքաղաքում գրեթե չկա։ Օրինակ՝ վերջերս Լոռու մարզ էինք գնում ու ճանապարհին մեր մեքենան 13 տարեկան մի երեխա կանգնեցրեց ու խնդրեց իրեն մի գյուղից մյուսը տեղափոխել։ Հարցեր տվեցի ու պարզվեց, որ նա սահմանամերձ գյուղերից մեկից է ու Թումոյում է սովորում, բայց այնտեղ հասնելու համար տրանսպորտ չկա ու ինքը երկու օրը մեկ ստիպված է այդպես տարբեր մեքենաներ կանգնեցնելով դասի գնալ։ Հնարավորություն տալով մարզերի երեխաներին ու բացահայտելով նրանց ներուժը՝ մենք ավելի մեծ հաջողությունների կարող ենք հասնել։

Եթե ստարտափը ձեւավորվի մարզում ու անհրաժեշտություն առաջանա Երեւան տեղափոխվելու, ապա հնարավոր է այնպես կազմակերպել աշխատանքը, որ ձեւավորված թիմը չտեղափոխվի։ Մարզային ստարտափները մեծամասամբ տեխնիկական թիմի շուրջ են ձեւավորվում ու հնարավոր է տեխնիկական թիմը պահել մարզում, իսկ այլ երկրներում կամ մայրաքաղաքում ձեւավորել զարգացման թիմը։

ԱԿԲԱ ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյան

[[gallery4]]
Եկեք Դիլիջանի օրինակը դիտարկենք. Կենտրոնական բանկի մի ստորաբաժանում տեղափոխվեց Դիլիջան ու այնտեղ կյանքը շատ փոխվեց։ Եթե նախարարությունների մակարդակով ապակենտրոնացնել ու բեռնաթափել Երեւանը, ապա, կարծում եմ, դա կհանդիսանա հաջողության շատ մեծ շարժիչ ուժ, որը հնարավորություն կտա մարզային կյանքն ու երիտասարդների զարգացումն ապահովել։ Մարզերում հաջողություն կունենաք միայն համապատասխան միջավայր ստեղծելով։ Թումոյի օրինակով՝ շատ ստարտափ հաբեր ու գերժամանակակից, զարգացած կենտրոններ ստեղծվեն, ապա հաջողություններ շատ կլինեն։   

Անկախ գտնվելու վայրից՝ զարգացման եւ հաջողության գրավականներից առաջինը թիմն է, այն մարդիկ, ովքեր հավաքվում են ու միասին ձգտում են դեպի նույն կետը։ Երկրորդը կրթական բաղադրիչն է։ Երրորդն ու ամենակարեւորը՝ ճիշտ շուկան է։ Ինչքան շատ միջազգային հաջողված ստարտափներ ստեղծվեն մարզերում, այնքան հաջողության տոկոսը կբարձրանա։

Tesvan ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն, ՏՀՏ գործատուների միության Գեղարքունիքի մարզային կենտրոնի ղեկավար Դավիթ Գրիգորյան

[[gallery5]]
Մեր ստարտափը ստեղծվել է Սեւանում եւ կարող եմ ասել, որ մարզերում շատ մեծ ներուժ կա, որ դեռեւս իրագործված չէ։ Այն կրթական մոդելը, որը նախատեսել ենք Սեւանի համար, ցանկանում ենք ներդնել նաեւ այլ քաղաքներում։ Վերջերս դպրոցականների մրցույթ ենք անցկացրել, որին մոտ 350 աշակերտ է մասնակցել։ Շատ տաղանդավոր երեխաներ կան ու պետք է նրանց ավելի շատ հնարավորություններ տալ։

Մարզային ստարտափի հիմնադիրները լավ կլինի իրենց կողքին ունենան մեկին, ով ոլորտին շատ լավ է տիրապետում ու ունի միջազգային փորձ, լայն աշխարհայացք, ինչը հնարավոր չէ ձեռք բերել միայն մարզում։ Հիմնադիրները նաեւ պետք է պատրաստ լինեն նման մարդկանց շահաբաժին առաջարկել։

Մարզերում ծնված ու մեծացած երիտասարդները չեն կարող առաջարկել այնպիսի լուծումներ, որոնց բախվում են օրինակ 10 միլիոն բնակչությամբ քաղաքները։ Սրա լուծումը ճանապարհորդելն է ու ուսումնասիրելը, բայց դրա հնարավորությունը հաճախ չեն ունենում։  Կարեւոր է պետության աջակցությունը, որ մարզերի երիտասարդները կարողանան կրթություն ստանալ արտասահմանյան բուհերում, նաեւ լավագույն մասնագետներին բերել Հայաստան։

Նունե Գրիգորյան