ru24.pro
Новости по-русски
Июль
2024

Ռուսաստանի եռակի հաղթանակը Հարավային Կովկասում

0

Ներկայացնում ենք Ղրղըզստանի նախկին վարչապետ Ժոոմարտ Օտորբաեւի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Ժոոմարտ Օտորբաեւ

Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական հավասարակշռությունը փոխվում է: Ադրբեջանն ու Վրաստանը, որոնք ժամանակին ակնհայտորեն արեւմտամետ էին, այժմ սկսել են հետ ընթանալ դեպի Ռուսաստան, մինչդեռ Հայաստանը, որը Խորհրդային Միության փլուզումից ի վեր Կրեմլի դաշնակիցն էր, կարծես սիրախաղում է Արեւմուտքի հետ:

Անկախություն ձեռք բերելուց հետո Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը, ընդհանուր առմամբ, ձգտել են հեռվանալ իրենց խորհրդային անցյալից եւ ամրապնդել հարաբերություններն Արեւմուտքի հետ: Սակայն յուրաքանչյուրը շարժվել է իր ճանապարհով՝ Ադրբեջանն ու Վրաստանը շատ ավելի արագ եւ վերջնականորեն մերժելով Ռուսաստանին: Խորհրդային Միության փլուզումից մի քանի տարի անց Ադրբեջանն ու Վրաստանը՝ Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ միասին, ստեղծեցին ՎՈՒԱՄ-ը՝ Ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման կազմակերպությունը, որի նպատակն էր ամրապնդել իրենց հետկոմունիստական անցումներն ու սահմանափակել Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցությունը:

Հայաստանը, հակառակը, սերտ կապեր էր պահպանում Ռուսաստանի հետ, առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի շուրջ Ադրբեջանի հետ հակամարտությունում ռազմական աջակցություն ունենալու համար: Խորհրդային Միության փլուզումից հետո երկու երկրները պատերազմ սկսեցին այդ տարածքի համար, որի արդյունքում հայկական կողմը ի վերջո հաստատեց փաստացի վերահսկողությունը:

1992թ.-ին հայ անջատողականները ստեղծեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, իսկ 1994թ.-ն Ռուսաստանի միջնորդությամբ կնքված զինադադարը որոշ ժամանակով հարաբերական խաղաղություն ապահովեց։ Այդ ժամանակից ի վեր Ռուսաստանը հանդես էր գալիս որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր, այդ թվում՝ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում բռնկված դաժան պատերազմի ժամանակ: Դրան հաջորդած հրադադարի մասին համաձայնագիրը, որը եւս միջնորդել էր Ռուսաստանը, ռուս խաղաղապահներին բերեց Լեռնային Ղարաբաղ՝ հսկելու տարածաշրջանը հինգ տարի ժամկետով։

Սակայն, երբ 2023թ.-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում կրկին բռնություն բռնկվեց, Ռուսաստանը չմիջամտեց. որոշում, որը մասամբ արտացոլում էր սահմանափակ ռազմական ռեսուրսներն ուկրաինական պատերազմին ուղղելու անհրաժեշտությունը, թեեւ Ադրբեջանի՝ որպես էներգակիրների հիմնական մատակարարի կարգավիճակը, հավանաբար, նույնպես ազդեց այդ որոշման վրա: Արդյունքում, Ադրբեջանը կարողացավ վերահսկողության տակ առնել անկլավը, իսկ Ռուսաստանը հետագայում դուրս բերեց իր խաղաղապահներին: Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին ավելի դրդեց Ադրբեջանին հեռանալ Եվրոպայից եւ հայացքն ուղղվել դեպի Ռուսաստան եւ Թուրքիա:

Հարավային Կովկասի երեք հետխորհրդային պետություններից Վրաստանը միանշանակ ընտրել էր Արեւմուտքը եւ բարձր գին վճարեց, երբ 2008թ.-ին Ռուսաստանը ներխուժեց ու աջակցեց երկու անջատողական շրջաններին: Թեեւ Ռուսաստանի հետ հարաբերությունները ժամանակի ընթացքում կարգավորվեցին, Վրաստանը զգուշավոր էր եւ 2022 թվականին հայտ ներկայացրեց Եվրամիությանն անդամակցելու համար: Անցյալ ամիս, սակայն, ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալուց ընդամենը վեց ամիս անց, Վրաստանի խորհրդարանը որոշեց ընդունել «օտարերկրյա գործակալների» վիճահարույց օրենքը, որը նմանակում է Ռուսաստանի օրենսդրությանը եւ որի թիրախում էին Կրեմլի քննադատները:

Օրենքը, որը այն ՀԿ-ներից եւ անկախ լրատվամիջոցներից, որոնք ֆինանսավորման ավելի քան 20%-ը ստանում են դրսից, պահանջում է գրանցվել որպես «օտար ուժի շահերը կրող կազմակերպություններ», զանգվածային բողոքների եւ Արեւմուտքի սուր քննադատության պատճառ դարձավ: ԵՄ-ն այժմ մտածում է պատժամիջոցներ սահմանելու մասին, իսկ Վրաստանի թեկնածությունը լուրջ վտանգի տակ է: ԱՄՆ-ն, իր հերթին, հայտարարել է Վրաստանի պետական պաշտոնյաների համար վիզային սահմանափակումների եւ երկկողմ համագործակցության վերանայման մասին: Սակայն «Վրացական երազանք» կուսակցությունը, որը իշխանությունը պահում է 2012 թվականից, մնում է անդրդվելի:

Վրաց առաջնորդների դիրքորոշումն արտացոլում է այն մտավախությունը, որ եթե նրանք տեղի տան Արեւմուտքի ճնշմանը եւ միանան հակառուսական դաշինքին կամ նույնիսկ պահպանեն արեւմտամետ ռազմավարական կողմնորոշումը, ապա Վրաստանը կարող է հաջորդ Ուկրաինան դառնալ: Ինչպես վերջերս ասաց վարչապետ Իրակլի Կոբախիձեն, «ոմանք» ցանկանում են 2014 թվականի ուկրաինական Մայդանի վրացական տարբերակը, որն ավարտվեց ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկությամբ, կամ Ռուսաստանի դեմ պատերազմի «երկրորդ ճակատով»:

Սակայն Վրաստանի շահերը դուրս են գալիս ռուսական ներխուժումը կանխելու սահմաններից, հատկապես հաշվի առնելով, թե որքան երկար է ձգձգվում ուկրաինական պատերազմը եւ թե որքան աջակցության կարիք ունի Ռուսաստանը: «Վրացական երազանքը» նաեւ կարող է հույս ունենալ, որ կապահովի երկու անջատված շրջանների՝ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի վերադարձը: Հայտարարությունը, որ կառավարությունը «վերականգնել է Վրաստանի տարածքային ամբողջականությունը», անշուշտ կամրապնդի «Վրացական երազանքի» դիրքերը հոկտեմբերին կայանալիք ընտրություններում:

Ռուսաստանը նույնպես կշահեր նման պայմանավորվածությունից։ Վրաստանի ռազմավարական դիրքը՝ Եվրոպայի եւ Ասիայի միջեւ ընկած տարածքում, նրան դարձնում է արժեքավոր լոգիստիկ ու տարանցիկ հանգույց, որն օգտակար է, օրինակ, Կասպից ծովից Եվրոպա նավթ տեղափոխելու համար: Վրաստանի հետ ավելի սերտ հարաբերությունները Ռուսաստանի համար նաեւ հնարավորություններ կստեղծեն երկաթուղային հաղորդակցություն կազմակերպելու իր նավահանգիստների միջեւ, ինչպես նաեւ դեպի Իրան եւ Հայաստան։

Ռուսաստանը Արեւմուտքի միակ ախոյանը չէ, որի հետ Վրաստանը խորացնում է կապերը։ Այն նաեւ ավելի սերտ տնտեսական համագործակցություն է իրականացնում Չինաստանի հետ, ինչի օրինակն է չինական կոնսորցիումի կողմից  Վրաստանի Սեւ ծովի ափին գտնվող Անակլիայում խոր ծովային նավահանգիստ կառուցելու եւ շահագործելու ծրագրերը: Մինչ վրացական ընդդիմությունը նախազգուշացնում է, որ նախագիծը ավելի կսրի հարաբերությունները Արեւմուտքի հետ, իշխող կուսակցությունը կարծես մտադիր է առաջ շարժվել:

Սակայն, ի վերջո, հենց Չինաստանի գործընկեր Ռուսաստանն է ամենամեծ հաջողություններ գրանցում Հարավային Կովկասում: Նույնիսկ Հայաստանը, որը զայրացած է 2023 թվականին Կրեմլի աջակցության բացակայությունից, ամենայն հավանականությամբ, կվերադառնա դեպի Ռուսաստան, քանի որ շրջապատված է թշնամական երկրներով՝ Ադրբեջան եւ Թուրքիա, ինչպես նաեւ Ռուսաստանի դաշնակիցներով՝ Իրան եւ Վրաստան:

Ճակատագրի հեգնանքով, հաշվի առնելով ուկրաինական տարածքի զգալի հատվածները զավթելու Ռուսաստանի ջանքերը, Մոսկվան թվում է միակն է, որը կարող է ապահովել տարածաշրջանի երկրների անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը: Արդյունքում, Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը կարող են դառնալ Ռուսաստանի նոր-հին ազդեցության գոտու մասը եւ կորսված համարվել Արեւմուտքի համար:

Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի

Այս հոդվածը հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org