ru24.pro
Новости по-русски
Июль
2024

Փաշինյան. Ընտրակեղծիքների եւ մամուլի ազատությունը ճնշելու թեմաներն անցյալում են

0

Ելույթ ունենալով Ժողովրդավարության հայկական երրորդ ֆորումին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ շոշափելի դրական արդյունքներ են գրանցվել նաեւ քաղաքական ուժերի կամ քաղաքացիական հասարակության հավաքների ազատության կամ հավաքների անցկացման համար որոշ վայրերի հասանելիության ապահովման առումով:

«Կային վայրեր, ընդհուպ՝ բացօթյա, որտեղ հանրահավաք կամ հավաք իրականացնելն այդքան էլ հեշտ չէր, եթե չասենք՝ անհնարին, էլ չեմ ասում հյուրանոցներում կամ այլ տեղերում դահլիճներ վարձելու համար քաղաքական միջոցառումներ անցկացնելու նպատակով: Կամ օրինակ՝ մամուլի ազատության բռնաճնշումները, կարծում եմ՝ սա նույնպես մի թեմա է, որը, ըստ էության, անցյալում է», - ասել է վարչապետը:

Նա անդրադարձել է նաեւ ժողովրդավարության ամրապնդման այն մարտահրավերներին, որոնց ողղությամբ դեռ անելիքներ կան:

«Իհարկե, այնպես չէ, որ Հայաստանում մենք հասել ենք ժողովրդավարության կատարելության կամ գոհ ենք ժողովրդավարության այն որակից, որն ունենք: Մասնավորապես, տեղական մակարդակներում ընտրությունները բավարար չափով, իմ կարծիքով, քաղաքականացված, քաղաքացիականացված եւ համայնքացված չեն: Այսինքն՝ ընտրությունների այն ընկալումը, որ համապետական մակարդակում ունենք, տեղական մակարդակում այնքան էլ արձանագրված չէ:

Իրավապահների կողմից ուժի կիրառման ստանդարտը սահմանված չէ Հայաստանի Հանրապետությունում, որն ակնհայտորեն մեկ այլ մարտահրավեր է: Ի՞նչ անել, որ մարդու իրավունքների պաշտպանության շրջանակի մասին մեզանում առկա պատկերացումներն ընդլայնվեն:

Ի՞նչ անել, որ համակարգային կոռուպցիայի բացակայության պայմաններում կոռուպցիան ինքն այլընտրանքային համակարգեր չձեւավորի: Ի՞նչ անել, որ դատական իշխանությունը կամ դատական իշխանության անկախությունը լինի ոչ միայն կարգախոս, ոչ միայն ծրագիր, այլեւ լայնորեն ընկալված իրականություն հանրության կողմից, որպեսզի հանրությունը դա ընկալի ոչ թե մի վերնագիր, այլ մի իրողություն, որի հետ ինքն ամեն օր առնչվում է:

Սրանք հարցեր են, որոնք գտնվում են ոչ միայն կառավարության, այլեւ հասարակական կազմակերպությունների եւ մեծ հաշվով՝ հանրության օրակարգում»,- ասել է վարչապետը: