ru24.pro
Новости по-русски
Июнь
2024

Հայաստանի ԱԳՆ. նոյեմբերից հետո Ադրբեջանը կարող է նոր ագրեսիա ձեռնարկել

0

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մարտունակ եւ ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է:

«Հայաստանը ճանաչում է իր բոլոր հարեւանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը: Հայաստանն ու Ադրբեջանը բարձրագույն մակարդակում պայմանավորվել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: ՀՀ-ն հավատարիմ է այս սկզբունքին եւ միջազգայնորեն ճանաչված իր 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս հավակնություններ չունի: ՀՀ այս մոտեցումը գործնականում ապացուցել է Հայաստանի Տավուշի մարզի եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի չորս գյուղի շրջանում սահմանազատում իրականացնելու նախաձեռնությամբ: Ադրբեջանին կոչ ենք անում վերջ դնել ՀՀ ավելի քան 30 գյուղի կենսական նշանակության տարածքների օկուպացիային:

Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս եւ գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար: Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում ենք այս, ինչպես նաեւ այն փաստի վրա, որ մեկ ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագիր կնքելու պաշտոնական Երեւանի առաջարկը պաշտոնական Բաքվի կողմից մնացել է անարձագանք»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Այս շաբաթ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ, ստորագրվել են պայմանագրեր: ՀՀ պաշտպանության նախարարության եւ KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջեւ կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։

Հունիսի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մեկնաբանելով Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ CAESAR ինքնագնաց հրետանային կայանքների առքուվաճառքի պայմանագիրը, հայտարարել էր, որ Փարիզը «սատարում է հայկական ռեւանշիզմին» եւ «տարածաշրջանը տանում է դեպի նոր պատերազմ»: