ru24.pro
Новости по-русски
Июнь
2024

Արցախից 4 ընտանիք ընդգրկվել է Վիվա-ՄՏՍ-ի «Անհատական օգնական» ծրագրում

0

Վիվա-ՄՏՍ-ի««Անհատական օգնական» ծրագրի շահառու է դարձել Արցախից տեղահանված չորս ընտանիք։

Զեյնալյանների առօրյան եւ ապրելու օրակարգը փոխվել է առաջնեկի՝ Դավիթի լույս աշխարհ գալուց ամիսներ անց: Փոքրիկի մոտ ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված: Ծնողները երեխայի մոտ զարգացման խնդիրներ են նկատել հասակակիցների հետ համեմատության միջոցով: Դավիթի վերականգնողական բուժման հարցը դարձել է առաջնային եւ տեւական: Արցախից Սյունիքի մարզի Կապան քաղաք տեղահանված ընտանիքի համար կարեւոր աջակցություն է դարձել Վիվա-ՄՏՍ-ի եւ «ՍՈՐՍ» հիմնադրամի «Անհատական օգնական» ծրագիրը: Երիտասարդ ծնողների հոգսերը մասամբ մեղմվել են: Երկրորդ երեխայի՝ դստեր ծննդից հետո էլ սկսել են մտածել հետաձգված խնդիրների լուծման եւ նոր տուն ունենալու մասին:

Վիվա-ՄՏՍ-ի եւ «ՍՈՐՍ» հիմնադրամի համար կարեւոր է ոչ միայն ծրագրի արդյունավետ ընթացքը, այլեւ դրա շարունակական ազդեցությունը, մասնավորապես՝ երեխայի կայուն վարքագծի պահպանումը, սոցիալիզացիայի հետագա դինամիկան, անհատական օգնական-ընտանիք օղակում գործակցության պատրաստակամությունը եւ այլն: Չորսամյա Դավիթի անհատական օգնականը՝ Ալվարդ Միրզոյանը, ֆիզիոթերապեւտ է: Երեխային ճանաչում է դեռ Կապանի վերականգնողական կենտրոնում անցած բուժման կուրսերից: Այժմ էլ Դավիթի սոցիալիզացիայով է զբաղվում, զուգահեռաբար օգնում է մորը, որպեսզի մայրը նորածին դստեր խնամքի համար ազատ ժամանակ ունենա:

«Դավիթը տասն ամսական էր, երբ նկատեցինք, որ չի նստում: Իր հասակակիցների նման շարժուն չէր: Նյարդաբանն ախտորոշեց մանկական ուղեղային կաթված: «Անհատական օգնական» ծրագիրը շատ կարեւոր է եւ Դավիթի, եւ ինձ համար: Դավիթը դարձել է ավելի համբերատար: Նույնը կարող եմ ասել նաեւ իմ մասին. նյարդերս ավելի հանգիստ են, գիտեմ, որ Դավիթը անհատական լավ օգնական ունի: Ես արդեն հասցնում եմ լիարժեք զբաղվել երկրորդ բալիկիս մեծացնելու հարցերով: Եթե կան մայրեր, որոնք բախվել են նույն խնդրին՝ թող չհուսահատվեն: Ինքս էլ հավատում եմ, որ Դավիթն անպայման քայլելու է», - ասում է մայրը՝ Արաքս Հարությունյանը:

Երիտասարդ տանտիրուհու ժամանակացույցը բավականին բեռնաթափվել է: Արաքսը մասնակցել է դասընթացների եւ կատարելագործել վարսահարդարի հմտությունները: Ավելի հանգիստ է դստերը մեծացնելու հարցում, փորձում է ոգեւորել ամուսնուն՝ կիսակառույց մի շինություն տուն դարձնելու հարցում:

Արդեն 8 տարի Վիվա-ՄՏՍ-ի եւ «ՍՈՐՍ» հիմնադրամի համագործակցության արդյունքում հաշմանդամություն ունեցող երեխաների համար իրականացվում է «Անհատական օգնական» ծրագիրը: Յուրաքանչյուր ընտանիքում 4 ամիս ներգրավվելով՝ փորձառու, վերապատրաստված անհատական օգնականները ամսական 60 ժամ երեխայի խնամք, զբաղվածություն եւ հմտությունների զարգացում են ապահովում։

Վերջին երեք տարվա ընթացքում «Անհատական օգնական» ծրագիրն ընդլայնել է աշխարհագրությունը՝ ներառելով նաեւ բոլոր մարզերը: