ru24.pro
Новости по-русски
Июнь
2024

ACA-ն պաշտոնապես ներկայացրել է TEF հիմնադրամը

0

2024թ. մայիսի 30-ին Երեւանում պաշտոնապես ներկայացվել է Տեխնոլոգիական կրթություն հիմնադրամը (Technological Education Foundation-TEF)։

Հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ստեղծվել է Armenian Code Academy-ի կողմից: Հիմնադրամի առաքելությունն է խթանել կայուն զարգացումն ամբողջ Հայաստանում՝ հասանելի դարձնելով տեխնոլոգիական կրթությունը: Հիմնադրամն իր փաստացի գործունեությունը սկսել է դեռեւս 2022 թվականին։  

«Ավանդական հիմնարար կրթությանը զուգահեռ նաեւ ինովացիաների, տեխնոլոգիական կրթության եւ արդյունաբերության շփման տեսանկյունից կրթական նոր նախաձեռնությունների մեծ պահանջարկ կա: Տեխնոլոգիական կրթության հիմնադրամի գործունեությունը հիմնավորապես այստեղ եմ տեսնում»,- նշել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

[[gallery1]]
Հիմնադրման օրվանից հիմնադրամը տեխնոլոգիական կրթության համար տրամադրել է ավելի քան 750 ամբողջական եւ մասնակի կրթաթոշակներ Հայաստանի մարզերի բնակիչներին, Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին, պատերազմի վետերաններին եւ հաշմանդամություն ունեցող անձանց:

Armenian Code Academy-ի հիմնադիր եւ Տեխնոլոգիական կրթություն հիմնադրամի խորհրդի անդամ Նարեկ Ասլիկյանը iТel.am-ին ասել է, որ հիմնադրամ հիմնելու անհրաժեշտությունն հասունացել է մարզային ծրագրեր իրականացնելու ընթացքում:

[[gallery2]]
«Մենք կարողանում ենք կրթաթոշակներ տրամադրել մեր լավագույն ուսանողներին, որ նրանք անվճար սովորելու հնարավորություն ունենան։ Սակայն որպես շահույթ հետապնդող կազմակերպություն չէինք կարող մեր ուզած ծավալներով մարզերում ծրագրեր իրականացնել։ Թեեւ հիմնադրամը գործում է 2022-ից, բացումը հիմա ենք անում, քանի որ ուզում էինք որոշակի հաջողություններ գրանցել, հետո միայն դրանց մասին պատմել հանրությանը», - ասել է Նարեկ Ասլիկյանը:

[[gallery3]]
Տեխնոլոգիական կրթություն հիմնադրամի գործադիր տնօրեն Լեւոն Թադեւոսյանը iТel.am-ին հետ զրույցում ներկայացրել է գործունեության հիմնական երեք ուղղությունները։

«Առաջինը կրթաթոշակային ֆոնդն է, որի նպատակն է օգնել ստանալ տեխնոլոգիական կրթություն՝ անկախ սոցիալական իրավիճակից։ Այն ներառում է պատերազմի մասնակիցներին, հաշմանդամություն ունեցողներին, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Մոտ 400 արցախցի արդեն իսկ ներառվել է, եւս մոտ 200-ը դեռ հերթում են։

[[gallery4]]
Երկրորդը առցանց դասընթացներն են։ Սա տեխնոլոգիական դպրոց հարթակն է, որն ամբողջությամբ հայալեզու է եւ ինքնակրթության համար է։ Այստեղ անվճար հասանելի են թվային գրագիտության ու մի շարք այլ տեխնոլոգիական դասընթացներ։

Երրորդ ուղղությունը մարզային զարգացումն է։ Սա Հայաստանի համաչափ զարգացմանն ուղղված նախաձեռնություն է՝ պետք է պայմաններ ապահովենք, որ մարզերի բնակիչները ստիպված չլինեն պարտադիր Երեւան գալ կրթություն ստանալու համար»,- ասել է Լեւոն Թադեւոսյանը։

Նունե Գրիգորյան