ru24.pro
Новости по-русски
Май
2024

Տաթեւի վանքի հարակից տարածքում տնկվեց «Կենաց ծառը» եւ բացվեց պտղատու նոր այգի

0

Այն տնկվել է Ռուբեն Վարդանյանի եւ նրա ընկերների անունից Հայ Առաքելական Եկեղեցու օրհնությամբ՝ ի նշան հայ ժողովրդի ուժի, տոկունության եւ հոգեւոր միասնության:

Սոսին (չինար կամ տնջրի) վաղնջական ժամանակներից հայերի համար ունեցել է հատուկ նշանակություն` hանդիսանալով հույսի եւ հարատեւության խորհրդանիշ։

Հայկական աշխարհի ամենաերկարակյաց սոսին Արցախի 2000-ամյա տնջրին է։

«Խորապես զգացված եմ՝ տեսնելով, թե որքան մեծ թվով կազմակերպություններ, անհատներ, այդ թվում նաեւ տեղի բնակիչներ են միացել ու աջակցել այս միջոցառումներին, «Կենաց ծառ» նախաձեռնությանը՝ իրենց գնահատանքը հայտնելով Տաթեւում Ռուբենի արած մեծ գործերին: Շնորհակալ եմ Ռուբենի ընկերներին ու համախոհներին, որ շարունակում են նրա առաքելությունը եւ փորձում իրականություն դարձնել Ռուբենի տեսլականը», - ասել է Ռուբեն Վարդանյանի քույրը՝ Մարինե Ալեսը, ով նույնպես մասնակցում էր ուխտագնացությանը։

Վանական համալիրի Ձիթհանում բացված ցուցահանդեսում ներկայացվել են  2008թ. Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ հիմնված «Տաթեւի վերածնունդ» ծրագրի փուլերն արտացոլող լուսանկարներ՝ սկսած «ՏաԹեւեր» ճոպանուղու կառուցումից մինչեւ վանական համալիրի  կառույցների վերականգնում:

Այսօր տեղի է ունեցել նաեւ պտղատու նոր այգու բացման արարողություն, որը նախաձեռնել է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը։

Այգում ծառ կարող էր տնկել յուրաքանչյուր ոք՝ կատարելով նվիրատվություն կամ աջակցելով նախագծին: Ֆինանսական մասնակցության արդյունքում հավաքված գումարը կուղղվի Տաթեւ համայնքի զարգացմանը: Այգին խնամելու համար նաեւ ոռոգման կաթիլային համակարգ է ստեղծվում:

«Նոր այգին կյանքի եւ նոր սկզբի, իր ժողովրդի ու հայրենիքի բարգավաճման գործում Ռուբեն Վարդանյանի ունեցած ավանդի խորհրդանիշ է: Մենք այս միջոցառումները որոշեցինք կազմակերպել հենց Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրը՝ նպատակ ունենալով  շարունակել Ռուբեն Վարդանյանի գործը եւ բարիք ստեղծել այս տարածաշրջանի բնակիչների համար, ինչպես նաեւ հանրությանը հիշեցնել, որ Վարդանյանն ու  մի քանի տասնյակ մեր հայրենակիցներ շարունակում են ապօրինի պահվել Բաքվի բանտում, եւ մենք չենք կարող մեզ լիարժեք զգալ, քանի դեռ նրանք այնտեղ են», - ասել է միջոցառումների կազմակերպիչ, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության գործադիր տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանը:

Ուխտագնացության շրջանակներում այսօր տեղի է ունեցել համատեղ աղոթք՝ հանուն Ռուբեն Վարդանյանի եւ Բաքվում ապօրինի պահվող մյուս հայ գերիների շուտափույթ ազատ արձակման:

«Տաթեւը հայոց հոգեւոր եւ ազգային-ազատագրական վերածննդի խորհրդանիշներից է։ Այսօր շատ կարեւոր է ներշնչանք եւ ուժ ստանալ մեր ազգային-հոգեւոր ակունքներից՝ մեր նոր զարթոնքի համար։ Մեր խոցված ազգային արժանապատվությունը վերականգնելու, հուսահատությունների ու հիասթափությունների կորստաբեր շղթան կոտրելու համար նաեւ խիստ կարեւոր է Բաքվում պահվող մեր գերիների շուտափույթ եւ ապահով վերադարձը հայրենիք», ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։

Ուխտագնացության համակազմակերպիչներն էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայ օգնության միությունը, «Ազնավուր» հիմնադրամը, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, «Թուֆենկյան» հիմնադրամը, Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը, «Օրրան» բարեգործական կազմակերպությունը, Տաթեւ համայնքը: