ru24.pro
Новости по-русски
Май
2024

Հայաստանում կանցկացվի կիբերանվտանգության շաբաթ

0
 Հայաստանում կանցկացվի կիբերանվտանգության շաբաթ

Կիբերանվտանգության շաբաթն այս տարի տեղի կունենա մայիսի 18-ից 26-ը։

Կիբերանվտանգության շաբաթ 2024-ի նպատակն է երիտասարդ մասնագետների շրջանում խթանել կիբերանվտանգության մասին գիտելիքի, հմտությունների եւ փորձի փոխանակումը, խրախուսել կիբերանվտանգության ոլորտում նոր կապերի ձեւավորումը։

Կիբերանվտանգության շաբաթը կմեկնարկի «BSides Yerevan 2024» կիբերանվտանգության ոչ ֆորմալ համաժողովով, որը տեղի կունենա մայիսի 18-ից 19-ը Երեւանում։ Համաժողովի ընթացքում կիբերանվտանգության ոլորտի շուրջ 15 մասնագետ` ինչպես Հայաստանից, այնպես եւ արտերկրից հանդես կգա թեմատիկ զեկույցներով եւ պանելային քննարկումներով։ Կքննարկվեն կիբերանվտանգությանն առնչվող բազմաթիվ թեմաներ՝ կիբերհարձակումների դրդապատճառները, անվտանգության տարբեր սպառնալիքները, էլեկտրոնային նամակագրությամբ փոխանցվող վտանգները եւ այլն։

Շաբաթը կշարունակի «CyberGEN 2024» համաժողովը, որը տեղի կունենա մայիսի 22-ից 24-ը ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում: «CyberGEN 2024»-ը կներառի երկու հիմնական ուղղություն՝ կառավարման, ռազմավարական եւ կիբերանվտանգության ռիսկերի շուրջ թեմաներ եւ խորը տեխնիկական թեմաներ։ Միջոցառման 3-րդ օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի Expo-ի շրջանակում ոլորտի տարբեր առաջատար կազմակերպությունների կողմից նոր լուծումների, համակարգերի, գործիքակազմերի եւ պրոդուկտների ներկայացմանը։

CyberGEN համաժողովին սպասվում են խոսնակներ այնպիսի հայտնի կազմակերպություններից, ինչպիսիք են Trellix, AWS, SimSpace, OpenText Cybersecurity, Google Cloud, CQURE, Kaspersky, F5 եւ այլն:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի CyHub Armenia կիբերանվտանգության նախաձեռնության ղեկավար Մարի Բարսեղյանի խոսքով՝ նմանատիպ ոչ ֆորմալ համաժողովները շատ կարեւոր են ոլորտի վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացման համար, ինչպես նաեւ խրախուսում են կիբերանվտանգության ոլորտում մասնագիտական համայնքի ձեւավորմանը:

«BSides-ը աշխարհում լայն տարածում ունեցող եւ ոլորտի հեղինակավոր միջոցառումներից է, որն անցկացվում է 60-ից ավելի երկրի 220 քաղաքում։ Կարեւոր է, որ այս միջոցառումն արդեն երկրորդ անգամ անցկացնում ենք նաեւ Հայաստանում։ Հուսով ենք՝ համաժողովի ընթացքում բարձրաձայնված հարցերն ու ելույթները կնպաստեն կիբերանվտանգության ոլորտի տարածմանը եւ զարգացմանը Հայաստանում»,- նշել է Մարի Բարսեղյանը։

ՀՀ ԿԲ-ի ՏՏ եւ Կիբերանվտանգության տնօրեն Կոմիտաս Ստեփանյանի խոսքով՝ կիբերանվտանգության մասնագետների կրթությունը եւ շարունակական զարգացումը, հավաքագրումն ու պահպանումը շարունակվում է մնալ թվայնացման ճանապարհը բռնած ցանկացած պետության հիմնական մարտահրավերներից մեկը:

«Կիբեր-չարագործների, հաքերների համար ֆինանսական հաստատությունները միշտ եղել եւ շարունակում են լինել հարձակման հիմնական թիրախներից մեկը, այնուհանդերձ վերջին տարիներին էապես շատացել են կրիտիկական ենթակառուցվածքների եւ փոքր ու միջին բիզնեսների վրա հարձակումները: Մի հարկի տակ բերելով ավելի հասուն ու պաշտպանված ֆինանսական հատվածի մասնագետներին եւ ոլորտի փորձագետներին ու ընկերություններին՝ մենք նպատակ ունենք ստեղծել արդյունավետ միջավայր կիբերանվտանգության նորագույն տեխնոլոգիաների եւ համակարգերի, ինչպես նաեւ սպառնալիքների եւ ռիսկերի կառավարման մեխանիզմների շուրջ արդյունավետ քննարկումների եւ գիտելիքի ձեռք բերման համար»,- ասել է Կոմիտաս Ստեփանյանը:

Կիբերանվտանգության շաբաթը կեզրափակի «Bug Bounty» մրցույթը, որի նպատակն է խրախուսել ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու մասնագետներին՝ իրենց գիտելիքներով ու փորձով նպաստել Հայաստանում թվային լուծումների անվտանգ զարգացմանը: Մասնակից հաքերների թիմերը պետք է փորձեն մուտք գործել եւ գտնել տրամադրված համակարգերի խոցելիությունները: Լավագույն երեք թիմը կստանա մրցանակ։ Մրցույթը տեղի կունենա մայիսի 25-ից 26-ը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում:

Կիբերանվտանգության շաբաթի կազմակերպիչներն են ՀՀ կենտրոնական բանկը, Հայաստանի Տեղեկատվական Համակարգերի Գործակալությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի CyHub Armenia կիբերանվտանգության նախաձեռնությունը։