ru24.pro
Новости по-русски
Май
2024

Ժան-Միշել Ժառը, Բրայան Մեյը, Գարիկ Իսրայելյանը՝ մեր մոլորակին նվիրված Starmus VII-ում

0

Մայիսի 13-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկել են արվեստի եւ գիտության Starmus փառատոնի դասախոսությունները, ելույթները եւ քննարկումները։ Դրանց մասնակցում են անվանի գիտնականներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակի մի քանի դափնեկիրներ։

Սա թվով 7-րդ Starmus փառատոնն է եւ առաջինը, որ նվիրված է Երկիր մոլորակին։

Բացման մամուլի ասուլիսի ժամանակ փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայեյանն ասել է, որ «մենք հայտնի ենք իբրեւ տիեզերքի փառատոն, բայց մեր մոլորակն այսօր այնքան խնդիրներ ունի, որ որոշեցինք ուշադրություն հրավիրել դրանց»։

Starmus-ի պաշտոնական մեկնարկը տրվեց մայիսի 12-ին՝ էլեկտրոնային երաժշտության հիմնադիրներից մեկի՝ Ժան-Միշել Ժառի “Bridge from the future” բացօթյա համերգով։ Այն երաժշտության, լուսային, լազերային էֆեկտների եւ հրավառությունների աննկարագրելի համադրություն էր։



Ժան-Միշել Ժառը մի քանի գործ կատարեց 1976 թվականին թողարկված Oxygene («Թթվածին») ալբոմից, որոնք համահունչ էին այս տարվա Starmus-ի թեմային։

Համերգի հատուկ հյուրն էր Starmus փառատոնի համահիմնադիր, բրիտանական Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը։
 
Համերգից առաջ նա ասել էր, որ ստիպված է լինելու դուրս գալ իր «հարմարավետության գոտուց»։ Արդյունքը հրաշալի էր՝ այդքան տարբեր երաժիշտները չափազանց ներդաշնակ համատեղ ելույթ ունեցան։

Մամուլի ասուլիսում Բրայան Մեյն ասաց, որ այդ երաժշտական փորձարկումը «վտանգավոր էր»։ «Պետք է խոստովանեմ, որ ելույթիս ընթացքում միաժամանակ սիրում եւ ատում էի այն», - կատակել է երաժիշտը։

Starmus-ի հյուրերին եւ հանդիսատեսներին սպասում է եւս մեկ ելույթ Բրայան Մեյի մասնակցությամբ։ Մայիսի 15-ին Սթիվեն Հոքինգի անվան մեդալի շնորհման հանդիսավոր արարողությունից հետո Բրատիսլավայում կայանալու է ամերիկյան The Offspring խմբի համերգը, որին կմասնակցի Բրայան Մեյը։

Մամուլի ասուլիսին ներկա էր նաեւ Ժան-Միշելը Ժառը՝ նա միացել է Starmus փառատոնի խորհրդին։ Նա նշեց, որ երբ 50 տարի առաջ ձայնագրեց Oxygene սկավառակը, ցանկանում էր ուշադրություն հրավիրել մոլորակի խնդիրներին։ Երաժշտի կարծիքով, դրանք լուծելու համար յուրահատուկ քայլեր են հարկավոր եւ լավ կլինի, եթե քաղաքական գործիչները եւ ձեռներեցները արվեստի մարդկանցից սովորեն ոչ ստանդարտ մտածել եւ գործել։

Գարի Իսրայելյանն ասել է, որ անկախ նրանից, թե հերթական Starmus-ն ինչ կարգախոսի ներքո է անցկացվում, փառատոնի նպատակն անփոփոխ է՝ գիտությունը ներկայացնել հասարակությանը շատ տարբեր մարդկանց միավորելու միջոցով։

Ինչպես եւ երեւանյան Starmus-ի ընթացքում, միջոցառումներ են անցկացվում նաեւ փառատոնի քաղաքային «ավանում»։ Բրատիսլավայում այն տեղակայված է հին քաղաքի ամենասրտում։ Ի դեպ, ավանի անմիջական հարեւանությամբ Ադրբեջանի դեսպանությունն է, որի աշխատակիցները տարակուսած էին, երբ մեծ էկրանին ցուցադրվում էր 2022 թվականին Երեւանում անցկացված Starmus-ի մասին պատնող ֆիլմը։ Մայիսի 14-ի երեկոյան ավանում կկայանա հայկական Nemra խմբի համերգը։

Մամուլի ասուլիսի ընթացքում հարցրեցի Գարիկ Իսրայելյանին եւ Բրայան Մեյին՝ արդյո՞ք հատուկ խորհուրդ կա նրանում, որ Starmus-ներն անցկացվում են փոքր երկրներում՝ Հայաստանում, Սլովակիայում։ Բրայան Մեյը պատասխանեց, որ «մենք գնում ենք այնտեղ, որտեղ մեզ ցանկանում են հյուրընկալել»։ Հետո ավելացրեց, որ Գարիկ Իսրայելյանը մշտապես նոր գաղափարներ է առաջ քաշում։ «Նա կարող է ինձ առավոտյան 4-ին զանգել եւ ոգեւորված ինչ-որ բան պատմել», - ասել է Մեյը։

Գարիկ Իսրայելանն ընդգծել է, որ իրենք մշտապես կարեւորում են, որ Starmus-ի միջոցառումներին շատ մարդիկ մասնակցեն։ «Երեւանում Սթիվեն Հոքինգի անվան մեդալի շնորհման արարողությանը 7 000 մարդ էր ներկա գտնվել՝ Starmus-ի պատմության ընթացքում երբեք նման բան չէր եղել», - նշել է նա։

Արա Թադեւոսյան (Բրատիսլավա)