ru24.pro
Новости по-русски
Май
2024

Անվանական կրթաթոշակ՝ Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին

0

ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ: Օլիմպիադան անցկացվել է ապրիլի 16-21-ը Բուլղարիայում:

Այս օլիմպիադան անցկացվել է տարիքային երկու խմբով։ Ավագ խմբում մասնակցել է 16 երկրի 287 դպրոցական, իսկ կրտսեր (մինչեւ 15 տարեկան) խմբում` 191 դպրոցական։

Հայաստանից օլիմպիադային մասնակցել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի, «Քվանտ» վարժարանի եւ Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտները Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի դպրոցականները Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում նվաճել են 10 մեդալ՝ 3 արծաթ եւ 7 բրոնզ:

Նշենք, որ կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի մայիսի 12-ի 52-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: Ըստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ:

Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ:

Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետեւյալ կրթաթոշակները.

1) ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի դիպլոմակիրներ, որոնց տրվում է անվանական կրթաթոշակ՝ ամսական հետեւյալ չափով.

•    առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 10000 դրամ,
•    երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 7500 դրամ,
•    երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 5000 դրամ,

2) դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մրցանակակիրներ կամ մասնակիցներ, որոնց տրվում է անվանական կրթաթոշակ՝ ամսական հետեւյալ չափով.

•    առաջին կարգի դիպլոմակիրներին (ոսկե մեդալակիր)՝ 25000 դրամ,
•    երկրորդ կարգի դիպլոմակիրներին (արծաթե մեդալակիր)՝ 20000 դրամ,
•    երրորդ կարգի դիպլոմակիրներին (բրոնզե մեդալակիր)՝ 15000 դրամ,
•    գովասանագրով պարգեւատրվածներին՝ 12000 դրամ,
•    եզրափակիչ փուլի այլ մասնակիցներին՝ 10000 դրամ։

3) դպրոցականների միջազգային այլ օլիմպիադաների (առնվազն 15 երկրից մասնակիցներ ունեցող) եզրափակիչ փուլերի մրցանակակիրներ, որոնց տրվում է անվանական կրթաթոշակ՝ ամսական հետեւյալ չափով.

•    առաջին կարգի դիպլոմակիրներին (ոսկե մեդալակիր)՝ 15000 դրամ,
•    երկրորդ կարգի դիպլոմակիրներին (արծաթե մեդալակիր)՝ 10000 դրամ,
•    երրորդ կարգի դիպլոմակիրներին (բրոնզե մեդալակիր)՝ 7500 դրամ: