ru24.pro
Новости по-русски
Май
2024

Փաշինյանը՝ Տավուշի 4 գյուղերի, սահմանազատման, լեգիտիմ սահմանների եւ զինծառայության մասին

0

«Դա նշանակում է՝ մենք ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր սահման ենք ստեղծում, այլ վերարտադրում ենք Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմաններն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Հիմա շատ կարեւոր է, որ մենք նաեւ գործնականում ի ցույց դնենք մեր հավատարմությունն այդ գործընթացին։ Իհարկե կարեւոր է, որ Ադրբեջանը նույնպես դա ի ցույց դնի:

Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության զարգացման մի շատ կարեւոր անկյունաքար է դրվում, եւ կարծում եմ՝ սա շատ կարեւոր պրոցես է, շատ կարեւոր իրադարձություն է: Ես չեմ ուզում բարձրագոչ բաներ ասել, բայց սա անկյունաքար է Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, անվտանգությանը եւ հետագա զարգացմանը, ընդ որում՝ մեր պետության երկարաժամկետ գոյության համար»,- մայիսի 1-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ եթե առաջիկա տարիներին «կարողանանք պահպանել մեր պետականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, ապա կկարողանանք երաշխավորել, որ առաջիկա տասնամյակներում ՀՀ անկախ պետությունը գոյություն կունենա»:

Խոսելով Տավուշի մարզի 4 գյուղերի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ դրանք երբեք չեն եղել Հայաստանի Տավուշի մարզի կազմում։

«Մենք այդպիսի բնակավայրեր չենք ունեցել, եւ Ալմա-Աթայի հռչակագրի տրամաբանությամբ դրանք գտնվել են Խորհրդային Ադրբեջանի կազմում։  
Մեր դիրքերի լեգիտիմությունն արդեն իսկ մեր կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա է, որովհետեւ մեր դիրքերը լեգիտիմ են այստեղ»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սահմանազատվող հատվածներում սահմանի պահպանությունը Սահմանապահ զորքերին է հանձնվելու.

«Սահմանազատված հատվածներում Պաշտպանության նախարարությունը ծառայություն չի իրականացնելու սահմանի պահպանության համար: Սահմանի պահպանության հարցն ամբողջությամբ իրականացնելու են ԱԱԾ սահմանապահ զորքերը, որովհետեւ սահմանապահ զորքերի մանդատն է՝ իրականացնել ՀՀ սահմանի պահպանությունը:

Եվ սա կարեւոր հանգամանք է, որովհետեւ զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած: Մեր բանակի մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ մեր զինվորներն իրենց ծառայության մեծ մասն անցկացնում են խրամատի մեջ, այսինքն՝ իրենք նույնիսկ չեն հասցնում նորմալ պատրաստվել որպես զինվոր: Սա անտրամաբանական բան է: Զինվորը պետք է լինի մշտական տեղակայման վայրում, պետք է լինի մոբիլ եւ երբ անվտանգության խնդիր կա՝ գնա այդ խնդիրը լուծի, վերադառնա զորամաս»: