Րաֆֆի Գրեգորյանը միացել է «Ավրորա» նախաձեռնության Տնօրենների խորհրդին
Րաֆֆի Գրեգորյանը եղել է ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակի ստեղծման ջատագովը՝ 2019 թ. դառնալով առաջին տնօրենը, միաժամանակ ծառայելով որպես Գլխավոր քարտուղարի տեղակալ՝ Գլխավոր քարտուղարի տեղակալների կոմիտեում:
Շուրջ 25 տարի հակամարտություններին եւ հետկոնֆլիկտային մարտահրավերներին առնչվող գործունեություն ծավալելուց հետո միանալով «Ավրորայի» Տնօրենների խորհրդին՝ Րաֆֆի Գրեգորյանը կներդնի իր փորձառությունը «Ավրորայի»՝ աշխարհը դրականորեն փոխելու ջանքերին: Գրեգորյանն ունի Ջոնս Հոփքինսի միջազգային առաջադիմական հետազոտությունների դպրոցի ռազմավարական գիտությունների դոկտորի աստիճան:
«Երկար տարիներ է, ինչ ճանաչում եմ Րաֆֆիին: Նրա նվիրումը խաղաղության եւ արդարության գործին իսկապես ուշագրավ է: Իր երկրին անձնուրաց ծառայելուց հետո այժմ նա իր անգնահատելի փորձն է բերում «Ավրորա»՝ օգնելու նախաձեռնությանն իրագործել իր համարձակ առաքելությունը: Նա առանցքային դերակատարում կունենա իր հոր ժառանգությունը պահպանելու եւ առաջ մղելու գործում», - ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը:
«Ինձ համար մեծ պատիվ է միանալ «Ավրորայի» Տնօրենների խորհրդին։ Այս նախաձեռնությանը միանալն ինձ համար հատուկ նշանակություն ունի, քանի որ «Ավրորան» հորս անչափ հոգեհարազատ էր. կարծես՝ տուն վերադարձած լինեմ»,- ասել է նախկին դիվանագետ եւ ռազմածովային ուժերի վետերան Րաֆֆի Գրեգորյանը:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրը Րաֆֆի Գրեգորյանի հայրն է՝ երջանկահիշատակ Վարդան Գրեգորյանը:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 2024 թ. հատուկ միջոցառումները տեղի կունենան մայիսի 8-10-ը Լոս Անջելեսում՝ Կալիֆորնիայի համալսարանի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի հետ համագործակցությամբ: