Անվճար դասընթաց HPC եւ Ամպային հաշվարկներ թեմայով
«Ներածություն․ Բարձր արտադրողականությամբ հաշվարկներ (HPC) եւ Ամպային հաշվարկներ (Cloud Computing)» գարնանային դպրոցն ընդունում է հայտեր։
Ծրագիրը նախաձեռնվել եւ իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation (EIF)) կողմից՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (ԻԱՊԻ) հետ համատեղ՝ «Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» ծրագրի ներքո:
Այս նախաձեռնության նպատակն է մասնակիցներին զինել այնպիսի գիտելիքներով եւ հմտություններով, որոնք անհրաժեշտ են տարբեր հաշվողական համակարգերի հզորություններն արդյունավետ օգտագործելու եւ գիտական հետազոտությունների, ինժեներական սիմուլյացիաների եւ տվյալների վերլուծության գործընթացների արագացումն ապահովելու համար: Ծրագիրը բաղկացած է դասախոսությունների, գործնական սեմինարների, խմբային նախագծերի եւ ինտերակտիվ քննարկումների համակցությունից՝ HPC-ի, Cloud Computing-ի եւ մեթոդների ամբողջական ըմբռնումը դյուրացնելու նպատակով:
Ծրագրին կարող են մասնակցել HPC եւ Cloud Computing ոլորտով հետաքրքրված այն ուսանողները, սկսնակ մասնագետները, գիտնականներն ու հետազոտողներն, որոնք ունեն հիմնարար գիտելիքներ համակարգչային գիտության, ճարտարագիտության, մաթեմատիկայի եւ հարակից ոլորտում, Unix միջավայրում աշխատելու բազային հմտություններ, տիրապետում են C++/C կամ Fortran ծրագրային լեզուներին եւ ծանոթ են դրանց հիմնական գաղափարներին (e.g. variables, statements, control structures, subroutines, modules/classes)
Դասընթացի մեկնարկը մայիսի 6-ին է, տեւողությունը՝ 20 ժամ, ձեւաչափը՝ լսարանային /offline/, լեզուն՝ հայերեն, անգլերեն։ Մասնակցությունն անվճար է։
Անհրաժեշտ է գրանցվել մինչեւ մայիսի 2-ը՝ լրացնելով առցանց հայտաձեւն այստեղ։ Հավելյալ տեղեկատվություն հասանելի է այստեղ։