«Թվային Ջուղա Ցանցը» կենտրոն է գործարկում Fastexverse վիրտուալ հարթակում
Համահայկական մտավոր, տեխնոլոգիական, առեւտրային ու մշակութային ուժը համախմբող «Թվային Ջուղա Ցանցը» (Digital Julfa Network) կգործարկի իր առաջին կենտրոնը մետավերսում՝ Fastexverse վիրտուալ հարթակում։
Նախաձեռնությունը, որի նպատակն է վերածնել եւ 21-րդ դարի շունչ տալ ավելի քան 300 տարվա պատմություն ունեցող Նոր Ջուղայի հարուստ առեւտրային եւ մշակութային ժառանգությանը, նախատեսում է թվային գործիքների շնորհիվ ներգրավել հայկական եւ միջազգային ընկերություններ ամբողջ աշխարհից թվային հարթակի միջոցով։
Նախաձեռնող խումբը հայտարարում է, որ ընկերություններն արդեն կարող են միանալ Fastexverse հարթակում «Թվային Ջուղա Ցանցին» եւ հրավիրում է համագործակցության։
Մետավերսում հայկական ընկերությունները կկարողանան օգտագործել առեւտրի նորարարական մեթոդները՝ թոքենները եւ կրիպտո արժույթը։
«Հայկական կենտրոնի բացումը թվային ցանցի մեկնարկի տրամաբանական շարունակությունն է։ Անցած 18 ամսվա ընթացքում մենք հաստատեցինք ծրագրի շրջանակը, քննարկումներ ունեցանք տարբեր բիզնեսների հետ, ուսումնասիրեցինք բիզնեսների բազան եւ տնտեսությունը թվայնացված աշխարհ բերելու գոյություն ունեցող լուծումները: Այսպիսով, որոշեցինք համագործակցել Fastexverse-ի հետ, որը կստեղծի «Թվային Ջուղա Ցանցի» կրկնօրինակը եռաչափ վիրտուալ տիրույթում»,- նշել է «Թվային Ջուղա Ցանցի» նախաձեռնության հեղինակ, Orion Worldwide Innovations-ի գործադիր տնօրեն եւ հիմնադիր, Covenant Venture Capital-ի գործընկեր Էմմա Առաքելյանը։
Fastexverse-ում «Թվային Ջուղա Ցանցին» միանալով՝ հայկական եւ միջազգային այլ ընկերությունները ձեռք կբերեն իրենց բիզնեսի տարածքը եռաչափ վիրտուալ տիրույթում՝ այցելուների համար ստեղծելով վիրտուալ շրջայցի եւ վիրտուալ առեւտրի լայն հնարավորություններ:
Առնվազն երկու տարի ժամկետով վիրտուալ տարածք ստանալով՝ ընկերությունները կօգտվեն արհեստական բանականության օգնականի ծառայություններից, որը կպատասխանի հաճախորդների հարցումներին ավտոմատ կերպով եւ 24/7 ռեժիմով, կստեղծեն իրենց ընկերության աշխատակիցների ավատարները, որոնք կավտոմատացնեն մի շարք գործառույթներ, կօգտվեն ամբողջական տեխնիկական աջակցության եւ սպասարկման փաթեթից, կներկայացնեն իրենց ապրանքանիշն աշխարհով մեկ սփռված հաճախորդներին եւ կընդլայնեն վաճառքների աշխարհագրությունը:
«Fastexverse-ն ուրախ է այս պատմական նախագծի մասնակիցը լինելու համար: Հույս ունենք, որ «Թվային Ջուղան», ինչպես իր ժամանակին Նոր Ջուղան, նշանավոր առեւտրային հարթակ կդառնա՝ միավորելով հայ գործարարներին»,- նշել է Fastexverse-ի ղեկավար Վահե Խաչատրյանը:
Ցանցի նպատակն է գործընկերներ ներգրավել ոչ միայն բիզնես աշխարհում, այլեւ համախմբել հայկական մտավոր ուժը՝ գիտնականներին, վերլուծական կենտրոններին, առաջադեմ տեխնոլոգիական ընկերություններին, ինչպես նաեւ Նոր Ջուղայի ժամանակահատվածում գործող ընտանիքներին, որոնք շարունակում են իրենց գործունեությունը։
Դուբայում 2025 թվականին մեկնարկից հետո հաջորդ յոթ տարիներին միջոցառումներ տեղի կունենան Վենետիկում, Ամստերդամում, Կալկաթայում, Սինգապուրում, Մանիլայում եւ Նիսում։
Fastexverse-ը դինամիկ, եռաչափ վիրտուալ հարթակ է, որը մետավերս-փորձառություններ եւ տարածքներ է ստեղծում բիզնեսների եւ իրենց հաճախորդների համար՝ առաջարկելով բազմապիսի գործիքներ եւ ինտեգրումներ՝ ապրանքների/ծառայությունների ցուցադրության եւ վաճառքի, միջոցառումների կազմակերպման, քննարկումների եւ գործընկերության համար:
«Թվային Ջուղա Ցանցի» (Digital Julfa Network) պաշտոնական մեկնարկը տրվել է Երեւանում տեղի ունեցած Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովի ընթացքում։