Իմփաքթ Հաբի հիմնումից մինչեւ ձեռնարկատիրական էկոհամակարգի խթանում․ «Թիմ Եվրոպան»՝ Սյունիքում
2023 թվականի հունվարի 18-ից իրականացվում է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությունը։ Այս նորարարական եւ մարդակենտրոն նախաձեռնությունն իրականացվում է Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ ջանքերով։
«Մեր ֆինանսավորումը խթանում է ստեղծարարությունը եւ հնարավորություններ է ստեղծում տեղում գտնվող մարդկանց համար, եւ սա շատ կարեւոր է։ Ցանկանում եմ շեշտել, որ նման մարդակենտրոն նախաձեռնություններում «Թիմ Եվրոպա»-ն հենց տեղի մարդիկ են։ Նրանց ձգտումները, ստեղծարար ունակությունները, գաղափարները՝ սա է մեր սեփական «Թիմ Եվրոպա»-ն Սյունիքում»,- Մեդիամաքսին տված հարցազրույցում նախաձեռնությունն այդպես է ներկայացրել Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։
«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությունն ութ հիմնական ուղղություններ ունի՝ «ՄՓՄՁ զարգացում», «Հմտություններ եւ աշխատունակություն», «Կրթություն», «Կանաչ գյուղատնտեսություն», «Սոցիալական ծառայություններ», «Կայուն կանաչ հանրային ենթակառուցվածքներ», «Լավ տեղական կառավարում/քաղաքացիների մասնակցություն», «Բնական ռեսուրսների կայուն կառավարում»։
Փոքր եւ միջին բիզնեսին աջակցելու նպատակով ու Եվրոպական միության աջակցությամբ՝ 2022 թվականին հիմնվել է Իմփաքթ Հաբ Սյունիքը: Այն Սյունիքում առաջին բիզնես ինկուբատորն է, որը եկել է լրացնելու եղած բացը։ Կենտրոնը տարբեր բիզնես կառույցները միմյանց կապող օղակ է, եւ նպատակ ունի խթանել մարզում ձեռնարկատիրական էկոհամակարգի կայուն զարգացումը։ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպայի» շրջանակներում Սյունիք Իմփաքթ Հաբում իրականացվել են ծրագրեր, որոնք ձգտել են նպաստել Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը, այդ թվում՝ բիզնես էկո-համակարգի զորեղացմանը եւ փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակության բարձրացմանը։
Մեդիամաքսը պատմում է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության միահամուռ ջանքերի, իրականացված ծրագրերի ազդեցության եւ շահառուների կյանքում բերած դրական փոփոխությունների մասին։
Իմփաքթ Հաբ Սյունիքի հիմնումը՝ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպայի» նշանակալի արդյունք
«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում հիմնված Իմփաքթ Հաբ Սյունիքի ստեղծումը 2022թ-ին կարեւոր քայլ էր Սյունիքում ձեռնարկատիրության խթանման համար։
«Իմփաքթ Հաբ բացելու համար հարկավոր է անցնել երկարատեւ գործընթաց եւ Impact Hub Global-ից լիցենզիա ստանալ, ինչը տեւում է վեցից յոթ ամիս։ Հարկավոր է նախապես ուսումնասիրություններ անել եւ ապացուցել, որ տվյալ տարածաշրջանում Impact Hub-ի կարիք կա: Այդ ընթացքում պետք է նաեւ որեւէ ծրագիր ունենա կենտրոնը, ինչը ուսումնասիրության հնարավորություն կտա։ Եվրոպական միության ֆինանսավորմամբ մեկնարկեցինք «Ավելի ուժեղ ձեռնարկատիրական էկոհամակարգ Սյունիքում» ծրագիրը, որն էլ մեզ տվեց այդ ուսումնասիրություններն ու հիմնավորումներն անելու հնարավորությունը՝ այդպիսով հիմք դառնալով, որ Սյունիքում բացվի Իմփաքթ Հաբը»,- ասում է Իմփաքթ Հաբ Սյունիքի ծրագրերի ղեկավար Ռաիսա Աղաբեկյանը։
Սա առաջին փորձն էր տեղի բիզնես համայնքին ծանոթանալու, էկոհամակարգն ուսումնասիրելու, կարիքները գնահատելու համար։ Այն ուսումնասիրությունները, որ արվել են այս ծրագրի մեկնարկին, հիմք են Սյունիք Իմփաքթ Հաբի հետագա բոլոր ծրագրերի եւ ավելի մեծ թվով շահառուների հասնելու համար։ Այդ ծրագրերից մեկն էլ եղել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում Ֆինլանդիայի կառավարության ֆինանսավորած՝ Սյունիքում Կանանց Ձեռնարկատիրության Ինկուբացիոն ծրագիրը, որն ընդլայնել է Իմփաքթ Հաբ Սյունիքի դրական ազդեցությունը մարզում ձեռնարկատիրության զարգացման վրա։
«Գլոբալ ազդեցությունը, որ ունեցավ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությունը, մեծ է այն առումով, որ բացի զուտ շահառուներին ուղղված գործողությունները, նախաձեռնության շրջանակներում իրականացված ծրագիրը նաեւ հիմք հանդիսացավ, որպեսզի Իմփաքթ Հաբ Սյունիքը գործարկվի։ Սյունիքում այդ ժամանակ որեւէ ինկուբատոր գոյություն չուներ, տեղի բիզնեսները գաղափար չունեին ինկուբացիայի մասին։ Հատուկենտ բիզնեսները, որ մասնակցում էին ինկուբացիոն ծրագրերի, ստիպված էին հասնել Երեւան։ Տեղում էկոհամակարգը զարգացնելու առումով շատ կարեւոր էր, որ ֆիզիկապես ներկա լինեինք»,- պատմում է Ռաիսա Աղաբեկյանը։
Արձագանքելով պատերազմի հետեւանքով խոցելի դարձած եւ տեղահանված անձանց կարիքներին
«Ավելի ուժեղ ձեռնարկատիրական էկոհամակարգ Սյունիքում – Աջակցություն խոցելի եւ տեղահանված անձանց» 12-ամսյա ծրագիրն իրականացվել է 2022 թվականին՝ Իմփաքթ Հաբ Երեւանի կողմից՝ Եվրոպական Միության Արեւելյան Գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիքի արագ արձագանքման դրամաշնորհի շրջանակներում։
Ծրագրի ընդհանուր նպատակն է եղել ուժեղացնել ձեռնարկատիրական հնարավորությունները Սյունիքում՝ բացահայտելով պատերազմի հետեւանքով խոցելի դարձած եւ տեղահանված անձանց կարիքները եւ վերապատրաստելով նրանց, ինչպես նաեւ ընդգրկելով կազմակերպությունների, որոնք աշխատում են նրանց հետ: Իմփաքթ Հաբ Սյունիքում իրականացված ծրագիրն աջակցել է պատերազմի հետեւանքով տեղահանված կամ նրանց աջակցող անձանց եւ թիմերին՝ մշակելու, վավերացնելու եւ իրականացնելու իրենց ձեռնարկատիրական գաղափարները։ Ծրագիրը շահառու ձեռներեցներին հնարավորություն է տվել կապեր հաստատել ազգային եւ միջազգային ձեռներեցների եւ մենտորների համայնքի հետ։
Այս ծրագրին մասնակցել է 15 նախաձեռնություն, որոնց մի մասը ստարտափ, մի մասն էլ դեռեւս գաղափարի փուլում էր։ Մասնակիցները հիմնականում Գորիս եւ Սիսիան համայնքներից են եղել։ Այժմ արդեն այդ նախաձեռնություններից 60-70%-ը գործող բիզնես է։
«Ծրագիրը որեւէ ֆինանսական աջակցություն չէր առաջարկում, բայց գաղափարների հղկման, իրականացման լայն կարողություններ ու կապերի ձեռքբերման (նեթվորքինգ) հնարավորություն տվեց։ Մասնակիցների առաջարկով ու նաեւ Իմփաքթ Հաբի նախաձեռնությամբ մենք իրենց կես տարով անվճար անդամակցության հնարավորություն տվեցինք։ Այդ ընթացքում ըստ կարիքի՝ իրենք խորհրդատվության եւ փորձագետի հետ հանդիպման համար հանգիստ կարող էին դիմել մեզ»,- ասում է Ռաիսա Աղաբեկյանը։
«Դավթի տունը», որ ձգտում է զարգացնել գյուղական տուրիզմը
Արմինե Խաչատրյանը Սիսիան համայնքի Աղիտու գյուղից է, որտեղ 2021 թվականին հիմնել է «Դավթի տուն» հյուրատունը՝ գյուղական տուրիզմը զարգացնելու նպատակով։ Բիզնեսը սկզբնական փուլում էր, երբ դիմել է «Ավելի ուժեղ ձեռնարկատիրական էկոհամակարգ Սյունիքում – Աջակցություն խոցելի եւ տեղահանված անձանց» ծրագրին։
«Քանի որ նոր էի սկսել այս գործը, ունեի հյուրանոցային եւ տուրիզմի ոլորտի բիզնես դասընթացների կարիք, որպեսզի կարողանայի ճիշտ եւ գրագետ վարել իմ հյուրատան բիզնեսը։ Այս ծրագրի շնորհիվ իմ գիտելիքներն ավելացան, բիզնես վարելու հմտություններ ձեռք բերեցի, եւ հիմա ավելի ճիշտ եմ ծրագրում հյուրատան գործունեությունը»,- ասում է Արմինեն։
Տունը, որտեղ Արմինեն հիմնել է «Դավթի տունը», պատկանել է նրա հանգուցյալ ամուսնուն, որը սպորտսմեն է եղել, քիքբոքսինգի մարզիչ եւ հաճախ իր սաներին մրցույթներից առաջ տարել է այնտեղ մարզվելու։ Հաճախորդների զգալի մասը հայաստանցի հյուր է, բայց արտասահմանից զբոսաշրջիկներ էլ ունեն։
«Մենք նպատակ ունեինք այդ տունը վերածել հետաքրքիր եւ տարբերվող միջավայրի, որտեղ մարդիկ կարող էին հանգստանալ եւ դրական էներգիայով լցվել։ Ամուսնուս մահից հետո ես միայնակ սկսեցի այդ գործը եւ նրա անունով էլ կոչեցի հյուրատունը։ Ունեմ երկու երեխա։ Տղաս աուտիզմ ունի, հիմա զբոսավարություն է սովորում Տնտեսագիտական համալսարանում, իսկ աղջիկս քոլեջում է, դարձյալ նույն մասնագիտությամբ։ Մեր նպատակն է հնարավորինս մասնագիտանալ ու նպաստել ոչ միայն մեր հյուրատան, այլեւ ընդհանուր մարզում զբոսաշրջության զարգացմանը»,- ասում է Արմինեն։
Ապագայում նախատեսում է այգին վերանորոգել, մշակել, նաեւ փայտե տնակներ ավելացնել եւ ընդլայնել հյուրատունը, ինչի համար ներդրումներ է փնտրում։ Մինչ այդ ծրագրերն իրականացնելը բիզնեսի գործունեությունը 10-ից 8 է գնահատում։ Արմինեն նաեւ ինքնուրույն սոցիալական մեդիա մարքեթինգ է ուսումնասիրում, որպեսզի առցանց տիրույթում էլ կարողանա գրագետ ներկայացնել հյուրատունը։
Խթանելով կանանց ձեռներեցությունը եւ էկոհամակարգի զարգացումը
Սյունիքում Կանանց Ձեռնարկատիրության Ինկուբացիոն 12-ամսյա ծրագիրն աջակցել է տեղացի կին ձեռներեցների կարողությունների զարգացմանը՝ նպատակ ունենալով հզորացնել Սյունիքում ձեռնարկատիրական էկոհամակարգը եւ խթանել կանանց ձեռներեցությունը։ Այն իրականացրել է Իմփաքթ Հաբ Սյունիքը՝ Ֆինլանդիայի կառավարության ֆինանսավորմամբ։
Ծրագիրը Սյունիքի մարզի 15 կին ձեռներեցի հնարավորություն է տվել զարգացնել, հղկել եւ իրականացնել իրենց ձեռնարկատիրական գաղափարները, որոնք ունեն դրական ազդեցություն Սյունիքում։ Ծրագրին մասնակից նախագծերից 3-ը ստացել է 1,500-ական Եվրո ֆինանսական աջակցություն՝ իրենց նախագծերի հետագա զարգացման համար։
«Կանանց համար ձեռնարկատիրության խթանման հնարավորություններ գրեթե չկային մարզում, մի քանի նախաձեռնություն էր, որ հիմնականում փոքր ծավալի ֆինանսական աջակցություն էին առաջարկում եւ հիմնականում ուղղված էին տնայնագործության աջակցմանը։ Մեզ համար շատ կարեւոր էր թիրախավորել այնպիսի կանանց, որոնք իսկապես կկարողանային օգուտ քաղել ծրագրից եւ կյանքի կոչել իրենց գաղափարները։ Նաեւ կարեւոր էր, որ Իմփաքթ Հաբ Սյունիքն այդ կանանց համար դարձավ ապահով տարածք, որտեղ կարող էին կիսել մտահոգությունները, մոտիվացվել եւ ընտանեկան կյանքն ու բիզնեսը համատեղելու ուղիներ գտնել»,- ասում է Ռաիսա Աղաբեկյանը։
Ծրագրի առաջին աշխատարանը նվիրված էր գաղափարի հղկմանը, վերջինը՝ «փիչինգին» (գաղափարի հակիրճ եւ գրավիչ ներկայացում՝ ֆինանսավորում ստանալու նպատակով)։ Առաջին եւ վերջին աշխատարանները համախմբելիս, ինչպես ասում է Ռաիսա Աղաբեկյանը, մասնակիցների աճը շատ մեծ էր՝ սկսած գաղափարների ամբողջացնելուց եւ բիզնես պլանի վերածելուց մինչ դրանք անկաշկանդ ներկայացնելը։
«Շահառուների հետ կապը շարունակվում է։ Մեզ մոտ երբեք այն չի ընդհատվում ծրագրի ավարտով։ Ծրագրերի շահառուները դառնում են մեր համայնքի եւ ցանցի մի մասը։ Իմփաքթ Հաբի ցանցը եւ կապերը հետագայում է ծառայում են շահառուների աջակցմանը»,- ասում է Ռաիսա Աղաբեկյանը։
Մասնակիցների կողմից ծրագրի վերջնական գնահատումը ցույց է տվել, որ շահառուների 90%-ը գոհ է եղել ծրագրի կառուցվածքից, իսկ 91%-ը նոր գիտելիք է ձեռք բերել։ Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան Կիրստի Նարինենի խոսքով՝ այսպիսի դրական արձագանքները հիանալի հիմք են հանդիսանում Ֆինլանդիայի համար, որպեսզի հետագայում եւս նմանատիպ նախագծեր իրականացվեն։
«Կարծում եմ, որ այս նախագծի ամենամեծ արդյունքն այն էր, որ մասնակից կանայք դարձան օրինակելի կերպարներ իրենց համայնքում՝ ոգեշնչելով այլ զարգացող ձեռներեցներին: Մենք նաեւ կարեւոր ենք համարում, որ ծրագրի ընթացքում եւ դրանից հետո ստեղծվի աջակցող ցանց, որը տարածաշրջանային դերակատարներին հետագա հաղորդակցման հնարավորություն կապահովի: Այդ առումով Իմփաքթ Հաբ Սյունիքը շարունակում է աջակցել տեղի կին ձեռներեցներին։ Ֆինլանդիան իր հերթին ուրախ է հավատարիմ մնալ Եվրոպական միության «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությանը»,- Մեդիամաքսին ասել է դեսպան Կիրստի Նարինենը։
Ինկուբացիոն ծրագրի հաղթողներից «Նազանի» ձեռագործ շոկոլադները
Ծրագրի շահառու, Մեղրի քաղաքից շոկոլադագործ Նարինե Ստեփանյանը ընտանեկան ավանդական բաղադրատոմսով ձեռագործ չրային շոկոլադապատ կոնֆետների արտադրություն ունի, որոնք ներկայացնում է «Նազանի» բրենդով։
«Հիմնական բաղադրիչները Մեղրիի չրերն են՝ արքայանարնջի, թզի չիր։ Բաղադրատոմսն ինձ հասել է տատիկիցս, իսկ արտադրությունը սկսել եմ չորս տարի առաջ՝ Երեւանում։ Ավելի քան տասը տարի մայրաքաղաքում ապրելուց հետո որոշեցի վերադառնալ Մեղրի եւ բիզնեսը վերահաստատել այստեղ»,- ասում է Նարինեն: Ընտանեկան բաղադրատոմսով կոնֆետները տարիներ շարունակ եղել են Ամանորի անբաժան մասը, եւ ստացած արձագանքները նպաստել են բիզնես սկսելու որոշման կայացմանը։
«Այս չորս տարվա ընթացքում շատ բան եմ սովորել, եւ ինձ համար ամենաուրախալի փաստերից մեկն այն էր, որ վերապատրաստվեցի որպես շոկոլադագործ եւ գործին մասնագիտական մոտեցում ավելացավ։ Ներկայիս «Նազանի»-ին ունի օրինական մակնշում, որտեղ բաղադրիչները մանրամասն ներկայացված են»,- ասում է նա։
Իմփաքթ Հաբ Սյունիքում Կանանց Ձեռնարկատիրության Ինկուբացիոն ծրագրի շնորհիվ կարողացել են կոնֆետների տուփերի նոր դիզայնն անել, մակնշումներն ապահովել եւ շուկայական տեսքն ավելի ներկայանալի դարձնել:
«Քանի որ ինձ համար կարեւոր էր մասնագիտական մոտեցումը բիզնեսին եւ այդ ամենին ավելի գրագետ մոտեցում ցուցաբերելը, հնարավոր բոլոր դասընթացներին մասնակցում եմ, եւ այս ծրագիրն էլ բացառություն չէ։ Ընդհանրապես, երբ Մեղրիում դրամաշնորհային ծրագրեր են գալիս, դրանք մեծամասամբ ուղղված են համայնքային ու երիտասարդական կենտրոններ ստեղծելուն։ Չեմ հիշում, որ Սյունիքում այս ծրագրի նման նախաձեռնություններ լինեն։ Շատ ուրախ եմ, որ Սյունիքում եւս արդեն Իմփաքթ Հաբ ունենք, դա իսկապես մեծ ազդեցություն կարող է թողնել տեղի բիզնես էկոհամակարգի վրա»,- ասում է Նարինեն:
Շոկոլադագործի նպատակն է «Նազանի»-ն դարձնել Մեղրիի այցեքարտը՝ Հայաստանում եւ Հայաստանից դուրս։ Այդ առումով որոշակի հաջողություններ կան, քանի որ կոնֆետները միջնորդ կազմակերպությունների միջոցով ավելի քան 8 տարբեր երկիր են ուղարկել։
«Շատ զբոսաշրջիկներ, որոնց հետ շփվում եմ, ասում են, որ իրենց համար «Նազանի»-ն ասոցացվում է Մեղրիի հետ։ Հաճախ իրենց հետ տանում են կամ այստեղից շատերն ուղարկում են դրսում ապրող բարեկամներին: Սա ինձ համար շատ մեծ արժեք է, քանի որ շատերն են ասում՝ մեր շոկոլադները Հայաստանի, Սյունիքի կամ Մեղրիի մասին պատմող նվեր է իրենց համար»,- ասում է Նարինեն։
Այս պահին արտադրության ծավալները փոքր են, բայց արդեն 2024 թվականի ավարտին նախատեսում են ընդլայնել։
«Կունենանք ավելի մեծ արտադրամաս, ավելի մեծ ծավալով վաճառքներ կիրականացնենք։ Մինչեւ հիմա միայն առցանց վաճառք ենք ունեցել: Ժամանակի ընթացքում կկարողանանք նաեւ ձեռք բերել սարքավորումներ, որոնք թույլ կտան որոշ հատվածներ ավտոմատացնել, բայց հիմնական մոտեցումը, որ շոկոլադները ձեռագործ են, կպահպանենք։ Ծավալների մեծացման հետ նախատեսում եմ «Նազանի»-ին ներկայացնել տարբեր մարզերում, հյուրատներում, ֆիրմային խանութներում, գինետներում, ռեստորաններում»,- ասում է Նարինեն։
Մարի Թարյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը: