Ազգային պետությունը, քաղաքական մոդեռնիզմը եւ սրբազան խորհրդանիշները
Հայրերի երկիր, միասնական երազանք, ազգային պետություն եւ ի վերուստ տրված ազատություն. այս հարցերի շուրջ էր «Այբ» դպրոցում ապրիլի 20-ին տեղի ունեցած «Ինքնություն եւ արժեքներ» շարքի հերթական քննարկումը «Պետությո՞ւն, թե՞ ազգային պետություն» թեմայով:
Քննարկման մասնակիցներն էին «ՀԲԸՄ Հայաստան»-ի նախագահ Վազգեն Յակուբյանը, Հայ առաքելական եկեղեցու քահանա, աստվածաբան Տեր Մեսրոպ քահանա Արամյանը եւ քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը:
Մեդիամաքսը ներկայացնում է հանդիպման որոշ դրվագները:
Պետությունն ու ազգն անտարանջատ են
Տեր Մեսրոպ. Պետությունը ազգից տարանջատել հնարավոր չէ: Հնարավոր է, որ ազգը գոյություն ունենա առանց պետության, բայց այն ազգը, որը չի ձգտում ունենալ պետություն, ինքնուրույն ապրել, իր ազատությունն իրագործել, դատապարտված է:
Դու կարող ես ժամանակավորապես չունենալ պետություն, բայց միեւնույն ժամանակ պահել այդ տեսլականը, երազանքը ու պայքարել, որ ամեն գնով հասնես ազատ գործունեության իրավունքին: Եվ այդ իրավունքն աստվածատուր է:
Բաբելոնյան աշտարակաշինությունից հետո մենք տեսնում ենք ազգերի առաջացումը նաեւ որպես պաշտպանական մի ամրոց, պաշտպանական զորություն, որպեսզի չարիքը համընդհանուր տարածում չունենա: Այո´, ազգը պաշտպանություն է ու մեր ինքնության անբաժանելի մասը:
Ի՞նչ գին ենք պատրաստ վճարել
Արթուր Աթանեսյան. Ինձ համար «Պետությու՞ն, թե՞ ազգային պետություն» առաջարկն այսպես է հնչում. պատկերացրեք մի սոված մարդ, որը փող չունի, եկել է ռեստորան եւ նրան հարցնում են, թե ինչ կուզի՝ սեւ խավիար, կարմիր խավիար, սմբուկի խավիար: Նա փող չունի, ուստի նրա համար ցանկացած բան խավիար է:
Հիմա մեզ համար այս պայմաններում ցանկացած պետություն էլ լավ է, որովհետեւ համեմատության հակառակ կողմում ձախողված պետություն կոչվածն է, ինչը շատ նման է մերօրյա իրավիճակին: Ձախողված պետությունն այն է, երբ պետությունը չի կարողանում ապահովել իր սեփական սահմանների պաշտպանությունը, իշխանության մարմինները չունեն վստահություն, իսկ բնակչության 60 տոկոսը պատրաստ չէ մասնակցել քաղաքականությանը ու նիհիլիստական տրամադրությունների մեջ է:
Ձախողված պետությունից անցումը դեպի ցանկացած տիպի պետություն արդեն լավ է, իսկ կլինի դա ռուսական մոդելով, չինական, իսրայելական, թե ազգային պետություն, կախված է նրանից, թե ի՞նչ գին ենք պատրաստ վճարել դրա համար:
Մ. թ. ա. 5-րդ դարի հունական ռազմաքաղաքական գործիչ Թեմիստոկլեսը հերթական պատերազմական գործողությունների մասին ասել է հետեւյալը. «Մենք կկործանվեինք, եթե չզոհվեինք»: Այսինքն՝ զոհաբերություններ են պետք, որպեսզի չկործանվենք:
Այսօր Հայաստանում խոսում են երկու մոտեցումների մասին՝ մաքսիմալիստական եւ մինիմալիստական: Մեր իշխանությունները մինիմալիստական մոտեցման կողմնակից են՝ ասելով, որ պետք է պահպանենք այն, ինչ ունենք:
Մաքսիմալիստական մոտեցումը մեր երազանքն է՝ մենք ուզում ենք այն, ինչ ունեինք: Իսկ ո՞րն է ճիշտը: Ճիշտն է այն, ինչի համար պատրաստ ենք գին վճարել:
«Քաղաքական մոդեռնիզմը հակասում է Սուրբ գրքին»
Տեր Մեսրոպ. Ցավոք սրտի, մեր օրերում մեզնից փորձում են խլել ինքնության կարեւորագույն բաղադրիչները, որ մեզ դարերով պահել են որպես ազգ, ուժ, առաքելություն, որպես դերակատար մարդկության պատմության մեջ: Այդ խոսակցությունները, որ մեզանում կան, նորություն չեն, դա քաղաքական մոդեռնիզմի եւ լիբերալիզմի արձագանքներն են: Առաջ են քաշվում հարցեր, թե արդյոք ազգը պե՞տք է համարել սեփական կրոն, լեզու, մշակույթ, պատմություն եւ ժառանգություն ունեցող մարդկանց միավորում, թե՞ դա պարզապես մարդկանց սոցիալ-քաղաքական միություն է, որն ապրում է պայմանագրային սկզբունքներով ինչ-որ տարածքի վրա, ունի քաղաքացիություն եւ այլն, եւ անհատը ազատ է որոշել, թե որ ազգին է պատկանում:
Այս հարցերը խորագույն հակասության մեջ են այն պատկերի հետ, ինչը մենք տեսնում ենք Սուրբ գրքում՝ որպես կարեւորագույն եւ հնագույն սկզբնաղբյուր: Բացի դրանից, հայերիս պարագայում հակասում են նաեւ մեր դարերով անցած ճանապարհին եւ այն աներեւակայելի զոհաբերություններին, որ մենք կատարել ենք մեր ազգային ինքնությունը պահպանելու եւ մեր պետականությանը հասնելու համար:
Ազգային պետության խոչընդոտները
Վազգեն Յակուբյան. Բոլոր պետություններն ուժեղանալու համար իրենց քաղաքացիների շրջանում համերաշխություն են սերմանում: Այսօր մենք շատ լուրջ էքզիստենցիալ խնդիրներ ունենք, որոնցից ամենակարեւորը միասնության բացակայությունն է:
Սփյուռքում բնակվողներս երազում ենք ազատ ու անկախ Հայաստան ունենալու մասին, որը կլինի մեր ինքնության երաշխավորը: Գոնե վերջին 100 տարվա ընթացքում հայապահպանությունը, ազգային ինքնության պահպանությունը Սփյուռքի առաջնային ձգտումներից է, սակայն ցավալիորեն միտումը դեպի ներքեւ է իջնում, չենք կարողանում դեպի վեր ուղղել: Եթե միասնություն ստեղծվեր, հնարավոր կդառնար թե´ սփյուռքում ինքնության պահպանությունը, թե´ սփյուռքի ներուժի օգտագործումը հայրենիքի հզորացման ուղղությամբ:
Արթուր Աթանեսյան. Այսօր մեծ տարածում է ստանում սլաքթիվիզմ կոչված երեւույթը, երբ տանը կամ սրճարանում նստած համացանցի միջոցով ակտիվություն ես ցուցաբերում, ու կարծում, թե այդպես նաեւ իրականությանն ես նպաստում: Դա մենք տեսանք նաեւ Արցախի կորստի ժամանակ, երբ մարդիկ սոցիալական ցանցերում «լայք» էին դնում «Տատիկ-Պապիկ»-ի արձանի նկարի տակ ու մտածում, թե այդ կերպ պաշտպանում են այդ արժեքը: Դա կոմֆորտային մոտեցում է: Այդպես ենք վերաբերվում նաեւ պետությանը եւ հայրենիքին՝ խոսելով հայրենիքի մասին, բայց ոչինչ չանելով հայրենիքի համար:
Սրբազան խորհրդանիշները
Տեր Մեսրոպ. Հայրենիքը Աստծո կողմից ազգերին տրված բացարձակ եւ սրբազան արժեք է, որը շատ կարեւոր է դիտարկել նաեւ խորհրդանիշների տեսանկյունից: Արարատ լեռը մեր հայրենիքի ընկալման անբաժանելի մասն է, դա ոչ ոք մեզնից չի կարող խլել: Սուրբ գիրքը մեզ հայ լինելուց առաջ կոչում է Արարատի երկիր, Արարատյան թագավորություն: Սա արձանագրված է մարգարեություններում, իսկ մարգարեների միջոցով Աստված է խոսել:
Այն ինչ տվել է Աստված, մարդը չի կարող խլել մեզնից: Սրբազան խորհրդանիշները հարցականի տակ դնելը, էլ չեմ ասում դրանք ծաղրելը, սարսափելի ոճրագործություն է:
Արթուր Աթանեսյան. Այսօր վերեւից ներքեւ իջեցվող հիմնական ուղերձն այն է, որ եթե մենք չունենք ռեալ պետություն, պետք չէ մտածել նաեւ երեւակայական պետություն ունենալու մասին: Սա միանշանակ սխալ է ոչ միայն այն պատճառով, որ այդ բոլոր ուղերձների ստեղծման գործարանը Հայաստանում չէ եւ դրա համար էլ մեր դեմ է ուղղված:
Պատկերացրեք, որ երեխային փոքրուց ասեք, որ Ձմեռ պապ չկա, ինչո՞վ ենք օգնելու այդ երեխային: Մենք զրկում ենք նրան մանկությունից, մեծ գաղափարներից, թեւեր առնելու հնարավորությունից: Երբ լսում ենք ուղերձ, թե պետք չէ նայել Արարատին, որովհետեւ դրան հասնել չենք կարող, պետք է միանշանակ հասկանալ, որ այդ կերպ ցանկանում են մեզ թեւերից զրկել, որ չլինենք թեւավոր ազգ: Միայն երկու տարբերակ կա՝ կա´մ սողուն ես կա´մ թռչող:
Տեր Մեսրոպ. Ժողովրդի գոյությունը միայն ֆիզիկական ժառանգություն չէ: Ժողովուրդը, ազգը նշանակում է հոգեւոր ուժ, միասնական հավատամք, ոչ միայն պատմություն եւ ժառանգություն, այլեւ միասնական առաքելություն եւ միասնական տեսլական: Առանց դրա ազգը կդադարի գոյություն ունենալ: Ասել, թե հայրենիքի տեսլականը կոնֆլիկտի մեջ է մտնում մեր այսօրվա երկրի հետ, անընդունելի է, եւ շատերի մոտ արդարացիորեն վրդովմունք է առաջացնում:
Երրորդ Հանրապետությունը՝ ձախողված պրոյեկտների շղթա
Արթուր Աթանեսյան. Պետությունը կոնկրետ պրոյեկտ է՝ հենված երկու սկզբունքների վրա՝ աշխատանքի բաժանում եւ փոխադարձ վստահության: Ահա, մենք այստեղ 50 հոգով նստած ենք եւ պետք է որոշենք՝ ով ինչ կարող է անել: Ով ինչում լավ է, դա պետք է անի, որպեսզի պետություն կառուցվի: Եթե մենք մտածենք, թե որ գործն է հեշտ, որն է եկամտաբեր, եւ բոլորս լծվենք միայն դրան, միգուցե առեւտրականների կաստա ստեղծենք, բայց պետություն չենք կառուցի: Դա այն է, ինչ մենք փաստացի անում ենք՝ բոլորը զբաղված են բիզնեսով, անգամ քաղաքականությունը մեզ մոտ պետական բիզնես է՝ սկսած 1991 թվականից, եւ մինչ օրս ոչինչ չի փոխվել:
Եթե աշխատանքի բաժանումն ամեն դեպքում տեղի ունեցավ, բայց չկա փոխադարձ վստահություն, ապա ամեն մեկն իր գործ անելիս մտածելու է՝ արդյո՞ք պետք է անի դա, քանի որ մեկ ուրիշն այլ բան անելով իրենից լավ է ապրում: Անարդարությունը սպանում է պետության գաղափարը:
Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմությունը ձախողված պրոյեկտների պատմություն է: Մենք ձախողել ենք «ազգ-բանակ» ծրագիրը, որը կատարյալ է ազգային պետություն ունենալու համար: Ձախողել ենք «Արցախ-Հայաստան-Սփյուռք» եռամիասնական մոտեցումը. եռանկյունին միշտ կայուն ֆիգուր է անվտանգության առումով, սակայն մենք այն մի անկյունից զրկեցինք, եւ շարունակում ենք մյուսներից զրկելու ուղղությամբ շարժվել:
Մեզանում կա երկու հիվանդություն: Առաջինը սա է՝ «Որտեղ հաց, այնտեղ կաց», որը սխալ, բայց աշխատող միֆ է: Երկրորդը սա է՝ «Ինչ անում ենք, երեխաների համար ենք անում»: Սա էլ է շատ վատ միֆ, որովհետեւ մեր բազում մեղքեր մենք ծածկում ենք այս բանաձեւով:
Ինչպե՞ս շարժվել դեպի ազգային պետություն
Վազգեն Յակուբյան. Մենք իդեալական տվյալներ ունենք ազգային պետություն ունենալու համար: Կարեւոր է նախ հասկանանք, թե ով ենք եւ ուր են ուզում գնալ: Դրա համար մեզ պետք է մշակել միասնական տեսլական եւ ձերբազատվել անտարբերությունից:
Արթուր Աթանեսյան. Ի՞նչ է պետք ազգային պետություն ունենալու համար. առաջինը՝ պաշտպանված սահմաններ, այլ ոչ թե հանձնվող, երկրորդը՝ սեփական տնտեսություն, այլ ոչ թե առեւտուր, երրորդը՝ սեփական եւ աճող բնակչություն, այլ ոչ թե նվազող, չորրորդը՝ ազգային ինքնագիտակցություն, նաեւ ազգային արժանապատվություն եւ ազգային հպարտություն: Եվ վերջինը, որից կարելի էր նաեւ սկսել, սերն է, առանց որի ազգային պետություն ունենալ հնարավոր չէ:
Ազատության սկզբունքն ու դրա աղավաղումը
Տեր Մեսրոպ. Ազգային պետությունը բխում է սուրբգրային մի կարեւոր սկզբունքից, որը դրված է արարչության մեջ: Դա ազատ կամքն է: Մարդն օժտված է ազատ կամքով, եւ մարդու իրագործման ու կայացման լավագույն ճանապարհը ազատությունն է: Եթե մարդուն զրկում ես ազատությունից, այդ մարդը չի ունենում իրագործվելու, կյանքում ինչ-որ բանի հասնելու հնարավորություն: Նույն սկզբունքը հավասարապես վերաբերում է նաեւ ազգերին: Ազգերը, որպես միավորներ, պետք է ունենան այդ ազատությունը, դա ազգի գոյության բնական եւ սուրբգրային վիճակն է:
Ազգերի գոյության բնական վիճակը իրենց ինքնությանը համահունչ պետություն ունենալն է՝ համապատասխան իրենց պատմական ժառանգությանն ու աստվածային պատվիրաններին, որտեղ գերակայում է եղբայրասիրությունը: Ըստ Պլատոնի՝ պետությունը առաքինությունների համակարգ է, եւ պետական պաշտոնյան պետք է լինի այդ առաքինությունների կրողը:
Մյուս կողմից ազատության սկզբունքի վայրենի կիրառումը քաոտիկ վիճակ է ստեղծում մարդկության համար: Կան ազատության սխալ մեկնաբանություններ եւ դրանցից բխող պետական մոդելների պատկերացումներ: Որպեսզի դրանց չխաբվենք, երկու կարեւոր հարցեր կան՝ ազատություն ինչի համար եւ ազատություն ինչից: Եթե բարիքի հասկացողությունը հանում ենք, ազատությունը դառնում է չարիք: Ազատությունն ունի նպատակ, այն ուղղված է դեպի բարիք եւ ճշմարտություն: Իսկ ազատություն ինչի՞ց, ես հստակ հասկանում եմ՝ ազատություն մեղքից: Բայց ազատություն հավատարմությունից, սրբությունից, առաքինությունից, դրանք կործանարար են մարդու համար եւ մեծագույն դավաճանություն:
Հայրերի երկիր, որտեղ հողը հայրերի մարմինն է
Տեր Մեսրոպ. Հետաքրքիր է, թե հայրենիք հասկացողությունը տարբեր ժողովուրդներ ինչպես են ընկալում: Անգլերենում «homeland» նշանակում է քո տունը, ռուսերեն «родина» բառով շեշտված է ծննդավայր լինելը: Հայկական ընկալումը՝ հայրենիք, նշանակում է հայրերի, նախահայրերի երկիր: Մենք այն հազվագյուտ ազգերից ենք, որ գիտենք մեր սերնդաբանությունը, գիտենք, թե որտեղից ենք գալիս, մեր ինքնության պատմական հետագիծը հստակ է մեզ համար, եւ հայրենիքը մի երկիր է, որտեղ ապրել են հայրերը:
Համաձայն հոգեւոր պատկերացումների՝ մարդը հողից է արարվել, հողը սրբազան արժեք է, եւ մարդը մեռնելով հող է դառնում: Այսինքն՝ հայրենիքը մեր հայրերի մարմիններն են, մենք քայլում ենք այդ մարմինների վրայով: Նրանք սերմանվել են այդ հողի մեջ, իրենց զորությունն են դրել այդ հողի մեջ, իրենց սրբությամբ ու պայքարի ոգով զորացրել են մեզ, եւ մենք կանգնած ենք մեր հայրերի վրա: Այդ տեսակետից այդ հողը դառնում է սրբազան արժեք, ուստի հող զիջելով, հող սակարկելով մեր հայրերի օրհնությունն ենք կորցնում:
Գրի առավ եւ լուսանկարեց Գայանե Ենոքյանը