ru24.pro
Новости по-русски
Апрель
2024

Գյումրիի շուկան. Բոլնիսի թթվից մինչեւ ֆրանսիական խոհարարական դպրոց

0

Գյումրիի կենտրոնական շուկայի մասին տեղեկություններ քիչ են պահպանվել, փոխարենը հիշողություններն են շատ։ Հատկապես ավագ սերնդի մարդիկ հիշում են, թե ինչպես տատիկի կամ մայրիկի ձեռք բռնած գնացել են շուկա, օգնել ու ավելի շատ տեղում վաճառվող բարիքներից օգտվել։ Իսկ պապիկի կամ հայրիկի հետ միշտ գնացել են, որ արկղերով մթերքներ գնեն, միս ու տնական պատրաստած պանիր տանեն տուն։

Մարդկանց, համերի ու որոշ տաղավարներից կանչող բույրերի մասին մինչ այժմ էլ հիշում են ու պատմում։ Օրինակ, Բոլնիսի թթվի մասին այնպես են պատմում, կարծես այդ պահին զգում են ծիծակ-ծաղկակաղամբի համն ու կարոտում։ Չհիշողների ու կրտսեր սերնդի համար նշենք, որ Բոլնիս-Խաչենը Վրաստանի տարածքում գտնվող հայկական գյուղ է, որն ավելի շատ հայտնի է՝ գրող Ղազարոս Աղայանի ծննդավայրը լինելով։ Հենց այս գյուղի հայերի պատրաստած թթուն էր հասնում Գյումրի (Լենինական), որի հոտն ու համը մինչ այժմ մնում է անկրկնելի։

Հայաստանի ու հարեւան երկրներից բերված մթերքները հասնում էին Լենինականի շուկա ու ամենակարեւորը, ի տարբերություն այժմյան շուկայի, ոչ թե թերակշռված էին մթերքները, այլ գրեթե միշտ մեկ կիլոգրամը ավելին էր մի քանի հարյուր գրամով։ Իսկ օրվա վերջում մթերքների որոշ մասը գյուղացիները թողնում էին տաղավարների սեղանների վրա, ով ցանկանար կարող էր վերցնել։  

«Փոքր երեխա էի, մերս ձեռքս բռնել տարել է շուկա՝ միրգ, բանջարեղեն առնելու։ Ախպարմ կար Բուլբուլակ կըսեին, ջուր ու հյութ էր վաճառում։ Պղինձը (մեծ տարան) կապած էր մեջքից, ինքը վարպետորեն գլխով կռանում էր ներքեւ, բաժակը միանգամից լցվում էր։ Էնպես էլ հաշվարկով էր լցնում, կաթիլմ չէր թափի։ Շուկայից գալիս պարծենում էինք, ուրախանում՝ Բուլբուլակից խմեցինք, Բուլբուլակից քաղցր հյութ խմեցինք»,- պատմում է Ջազի Ռաֆիկը (Ռաֆիկ Գասպարյանը)։

Շատերը հիշում են հյութ վաճառող մարդուն, իրական անունը գտնել չհաջողվեց, բայց Բուլբուլակ, Բյուլբուլի Բախչա եւ այլ անվանումներով է մնացել աշխույժ ու ճարպիկ այս մարդը։

Գյումրի եկած մյուս սփյուռքահայը, որը համեմունքներ է վաճառել, նրա անունն էլ չեն հիշում, բայց հիշում են նրա սպիտակ բեղերը։ Հենց այդպես էլ անվանել են՝ Պեխլի։ Ու հատկապես այն, որ Պեխլին իր վաճառած կամիր պղպեղոտ մատներով ոլորում էր բեղերը ու կարմրած բեղերով վաճառում տարատեսակ համեմունքները։
Բայց Պեխլին նաեւ «հրաշք համեմունք» է վաճառել՝ խաշխաշ երեխաների համար, որ շատ չլացեն ու գիշերը հանգիստ քնեն։ Թե այդ ինչ հրաշք համեմունքներ էր խառնում իրար, չգիտեն, բայց հաստատ օգնել է մայրիկներին.

«Խաշխաշը թմրեցուցիչ էր, էն ժամանակ օր էրեխեն չար կէղներ, էդորից կուդային օր լավ քներ, մերս կըսեր, տատս միշտ կռիվ է էրել ըդոր համար, թե էրեխուն հանկարծ չտաս, սայլուգնագը։ Մերս կբողոքվեր, թե ես չէի տա, սաղ էրեխեքը քնած էին, դու չէիր քնի ու լաց կէղնեիր»,- ժպիտով վերհիշում է գյումրեցի Հենրիկը։

Իսկ տաղավարներից մի կողմ պատի երկայնքով տնական պատրաստած գինիների ու օղիների բաժինն էր։ Այնպես, ինչպես «Հին օրերի երգը» ֆիլմում, Ֆրունզիկի (ֆիլմում հերոսի անունը Նիկոլ) նման կարելի էր խմել Հայաստանի տարբեր ծայրերից բերված գինին ու օղին՝ Էջմիածնի, Աշտարակի, Ոսկեվազի... ամեն մեկից համտեսելով մեկ-մեկ բաժակ հաճախ նաեւ արբենում էին։



Իսկ եթե շուկայում ծանոթի էին տեսնում, ապա մի բաժակ տնական օղի «պատիվ տալը» ընդունված էր, նաեւ պարտադիր։

Ու այս միջավայրը ամբողջանում է, երգ ու երաժշտության վաճառքով զբաղվողներով։ Նրանք էլ «պլյոնկա» էին վաճառում։ Հայտնի ու տարածված երգերը, հնդկական ֆիլմերի մեղեդիները ձայնագրում էին հիվանդանոցներից վերցված ռենտգենի համար նախատեսված սեւ թղթանման նյութի վրա ու վաճառում։

Ճարտարապետական գլուխգործոց չէ, բայց տվյալ ժամանակին բնորոշ կերպարային շենք է

Կենտրոնական շուկայի տարածքը եղել է վաղուց, բայց տարածք ընդլայնել, շինություն կառուցելը, գյուղատնտեսական ապրանքների շուկա ձեւավորելը սկսվել է 1950-ականներից։ Շինարարության հստակ տարեթվերը ճշտել չհաջողվեց։ 1964-1977թթ․ Լենինականի գլխավոր ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանը որոշ տեղեկություններ փոխանցեց։

«Շահումյան փողոցի վրա կառուցեցին մի մեծ կորպուս, մոտ 40 մետր երկարությամբ։ Ճարտարապետը կին էր, նոր էր ավարտել Պոլիտեխնիկ ինստիտուտը։ Երկար ժամանակ պահանջվեց՝ 1946թ-ականներից մինչեւ 50-ականներ սարքում էին։ Ծանր տարիներ էին, ֆինանսավորումը քիչ էր, դանդաղ էր ընթանում աշխատանքները։ Տվեցին կոլխոզնիկներին, իրենք էլ բերում էին գյուղատնտեսական մթերքներ էին վաճառում։ Կար մսի պասաժ, պանրի ու լավաշ-բոքոնների համար հատված եւ գյուղատնտեսական այլ մթերքների տաղավարներ, որոնց մի մասը ծածկված էր, մյուս մասը բաց հատվածում էր»։

Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը կիսվեց ոչ միայն ճարտարապետական որոշ մանրամասներով, այլեւ հիշողություններով, պատմեց խորհրդային շրջանի ու վերջին 30 տարիների փոփոխությունների մասին։

«Կենտրոնական շուկայի շենքը հաշվառված չէ՝ որպես ճարտարապետական հուշարձան, բայց կառույցը տվյալ շրջանի բնորոշ ճարտարապետություն է կրում։ Երբ դիտարկում ես տվյալ ժամանակաշրջանի շուկանները, բնորոշ գծեր կան։ Ճիշտ է, ճարտարապետական շեդեւր չէ, բայց հետաքրքիր է իր լուծումներով, «կերպարային» շենք է։

«60-ականների վերջերն 70-ականների սկզբներին Տեքստիլ թաղամասում ու քաղաքի այլ հատվածներում շուկաներ կառուցեցին, որ բոլորը մեկ տեղում կենտրոնացված չլիներ, բայց դրանք չէին աշխատում կամ այնքան աշխույժ չէին։ Ստիպված այս շուկան ամեն շաբաթ երկու օր փակում էին, որ մարդիկ գնային մյուս շուկաներ, բայց էլի չաշխատեց»։

Շուկային կից գործել է նաեւ «Սեւան» ճաշարանը, որը հետագայում դառնում է «Երեւան» ռեստորան, ապա` Երիտասարդական պալատ։ Մեջբերենք մի հատված գյումրեցի Սաշա Արաբաջյանի գրառումից, որն ամբողջությամբ նկարագրում է տվյալ ժամանակաշրջանի համապատկերը.
 
«Շենքի երկրորդ հարկի փոքր սրահում գործում էր փոփոխվող «պատկերասրահ», ցուցադրվում էին Վալմարի, Չատոենց Վզոյի (Վազգեն Ստեփանյան) եվ մյուս մեր հայրենակիցների նկարները: Մեծ դահլիճում՝ «դիսկոտեկ» կոչվող հատվածում հավաքվում էին քաղաքի երիտասարդները, Լյուդան (Լյուդմիլա Բիլբիլիդին) ջազ-ռոք ճաշակ էր թելադրում, իսկ Ջագը չէր համաձայնում, որովհետեւ ուներ իր տեսակետը...

Ռաբիզը բացառվում էր, որովհետեւ մի երկու փողոց այն կողմ էին երաժիշտները։ Ի դեպ, լիմոնադ եւ այլ ըմպելիքները առանց մատուցող էին, փողը դնում էին բառի արկղի մեջ եւ ըմպումն էին ինչքան ուզեին»։

Շուկան՝ շուկայական հարաբերություններում

1988 թվականի երկրաշարժից վնասվեցին շինության որոշ հատվածներ, բայց հետագայում շուկան շարունակեց գործել։ Նոր շուկայական հարաբերություններում շուկան սեփականաշնորհվեց` պայմանով, որ վերականգնվելու է։ Բայց այդպես էլ մնաց։ Ձեռքից ձեռք անցավ, տաղավարների վարձը ավելացավ, շուկան այլեւս աշխույժ չէր։

«90-ականներին սկսեցին սեղանիկներ դնել։ Ամեն մարդ մի հատ սեղանիկ էր դնում, արտասահմանից բերված ծխախոտ, թխվածքաբլիթ դնում վաճառում էր։ Բիզնեսը այդպես սկսվեց, հիմիկվա մեր սուպերմարկետների տերերը ժամանակին սեղանիկների վրա կանգնած էին։ Շուկայից դուրս եկան, ամեն մեկը իր սեղանիկը դարձրեց փակ տաղավար ու սովորեցին, որ դուրսն են առեւտուր անելու։ Հաղթանակի պողոտան ու Շահումյան փողոցները կապող Մայակովսկի փողոց («Լաչինի միջանցք») տեղափոխվեց առեւտուրը։ Ովքեր մնացին շուկայում, նրանք ավելի թանկ էին վաճառում, որովհետեւ տարածքի համար վճարում էին ավելի ու այստեղ քիչ թե շատ կանոնակարգված էր վիճակը։ Այդպես շարունակվեց տասնամյակներ շարունակ»,- ասում է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

Պարբերաբար քաղաքային իշխանությունների ու Կենտրոնական շուկայի սեփականատերերը փորձում էին պայմանավորվել, որ փողոցային առեւտրով զբաղվողները տեղափոխվեն կենտրոնական շուկայի տարածք, բայց բոլոր պայմանավորվածությունները մնացին կիսատ ու անկատար։ Վերջին սեփականատերերը փակեցին շուկայի երկու մուտքերն էլ։ Ամեն ինչ քանդեցին՝ քարերը, ապակիները, մետաղական հատվածները, այն ամենը, ինչ հնարավոր էր վաճառել որպես մետաղի ջարդոն կամ շինարարական նյութ, վաճառեցին։
Տարածքը վերածվել է աղբանոցի, որտեղ բազմանում են փողոցային շները, առնետները։ Հարակից ապրող բնակիչների բողոքները մնացել են անպատասխան, հիմա լիահույս են, որ վերջապես տարածքը աղբից կազատվի, «Թումո»-ն կգա քաղաքի կենտրոնական հատվածը կբարեկարգվի ու կծառայի լավ նպատակի։

Մեկ հարկի տակ խոհարարական դպրոց եւ ոչ միայն

2026 թվականին նախատեսվում է Գյումրիի կենտրոնական շուկայի տարածքում բացել միջազգային խոհարարական դպրոց։ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ Թումո ստեղծարար կենտրոնը վերականգնելու է շուկան։
Ի հավելումն ԵՄ ֆինանսավորման, նախագիծը կիրականացվի նաեւ Թումոյի աջակիցներ Ջուդիթ Սարյանի եւ Վիկտոր Զարուգյանի, ինչպես նաեւ Ճոն եւ Հասմիկ Մկրտիչեան հիմնադրամի (JHM) աջակցությամբ ու վերակառուցման ընթացքում հնարավոր է մասնակցեն այլ հովանավորներ եւս, քանի որ շինարարական աշխատանքների ծավալները մեծ են։

Գյումրիում գործող կրթական, խոհարարական, տնտեսական եւ տուրիստական զարգացման բացառիկ կենտրոն է լինելու։ Մեկ հարկի տակ կլինեն միջազգային խոհարարական դպրոց, ռեստորաններ, առեւտրի տաղավարներ, միջոցառումների անցկացման վայրեր, արվեստի նմուշների խանութներ։

«Թումոն միշտ փորձել է իր կենտրոնները պատմական տեղում ստեղծի, ներշնչվի պատմական ժառանգությամբ։ Մենք գիտենք, որ շատ ակտիվ շուկա է եղել, ու շատ հիշողություններ ունեն մարդիկ»- ասում է Թումո Գյումրիի «Շուկայի եւ խոհարարական դպրոց» ծրագրի ղեկավար Հյուլե Քեշիշյանը։

Շուկայի նախկին ճարտարապետական տեսքը հիմնականում պահպանվելու է՝ նորարական լուծումներով։ Առաջիկայում կհայտարարվի միջազգային ճարտարապետական մրցույթ, հաղթողը կստանձնի կենտրոնի կառուցման աշխատանքները:

Դպրոցում բարձրակարգ խոհարարական հմտություններ ստանալու հնարավորություն կունենան տարեկան 30 ուսանող։ Նրանց մեծ մասը կստանան կրթաթոշակ եւ կսովորեն անվճար:

Թումոն համագործակցելու է հեղինակավոր Institut Lyfe ֆրանսիական դպրոցի հետ (նախկինում՝ Institut Paul Bocuse)՝ Հայաստան բերելով խոհարարական կրթության փորձն ու ժամանակակից մոտեցումները՝ համադրելով հայկական ավանդականն ու միջազգային խոհարարական նոր զարգացումները։ Ավելին, երկամյա կրթական ծրագիրն ավարտած լավագույն ուսանողները հնարավորություն կստանան ուսումը շարունակել Institut Lyfe-ում՝ ֆրանսիական Լիոն քաղաքում:

«Ոչ միայն կրթական, նաեւ սոցիալական ծրագիր է՝ լինելու է տարածք փակ շուկայի համար՝ հիգիենիկ եւ մթերքի պահպանման համար լավ պայմաններով։ Առայժմ չենք սահմանել, թե որն է լինելու հիմնական ձեւաչափը, բայց անպայման շուկայի առեւտրականների հետ կխորհրդակցենք, որ կարողանանք գտնել լավագույն լուծումները եւ՛ իրենց, եւ՛ մեզ համար։ Միաժամանակ կլինեն ռեստորաններ, արվեստի գործերի վաճառքի փոքր խանութներ, այս ամենը կնպաստի զբոսաշրջության աշխուժացմանը»,- հավելեց Հյուլե Քեշիշյանը։
    
Անահիտ Հարությունյան (Գյումրի)