Սիսիանում բացվել է Co-creation lab ստեղծարար տեխնոլոգիաների լաբորատորիա
Ապրիլի 12-ին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում բացել է Co-creation lab ստեղծարար տեխնոլոգիաների ժամանակակից լաբորատորիա։
Այն բացվել է ԱՄՆ ՄԶԳ-ի «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։
Լաբորատորիայի նպատակն է ընդլայնել մարզի երիտասարդների ներուժը՝ տրամադրելով հարթակ, որտեղ նրանք կարող են ձեռք բերել նոր հմտություններ եւ ստեղծել թվային արտադրանք՝ նպաստելով Սյունիքի մարզի զարգացմանը։
Լաբորատորիայի շնորհիվ մարզում երիտասարդները հնարավորություն կունենան աշխատել թվային արվեստի, անիմացիայի, մուլտիմեդիա նախագծերի ոլորտներում, ինչպես նաեւ մասնակցել տարաբնույթ տեխնոլոգիական հաքաթոնների, սեմինարների եւ աշխատաժողովների։
«Սիսիանում գտնվող այս ստեղծարար տեխնոլոգիաների լաբորատորիան տեղական, բայց ազգային նշանակություն ունեցող կարեւոր հարթակ է, որը համախմբում է երիտասարդներին՝ ազատություն տալու իրենց ներուժին եւ ներգրավվելու համայնքային խնդիրների լուծման գործում: Երբ տեղական մարմինները, կառավարությունը, մասնավոր հատվածը եւ զարգացման գործով գործընկերներն աշխատեն միասին, մենք կարող ենք հասնել այն ամենին, ինչին բոլորս ձգտում ենք՝ օգնել երիտասարդներին դառնալ դրական փոփոխությունների ուժ Սյունիքում եւ նրա սահմաններից դուրս»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Սիլվիա Մեստրոնին։
Բացման արարողությունը ներառում էր նաեւ «Նորարարության ներուժը Սյունիքում» թեմայով պանելային քննարկում, որին մասնակցում էին միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՁԻՀ-ի կողմից առաջին անգամ ստեղծարար տեխնոլոգիաների լաբորատորիա է հիմնադրվել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում։