«Իրականացնում ենք արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա»
«Դրա արդյունքում ձգտում ենք զարգացնել հարաբերություններն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային դերակատարների հետ՝ միաժամանակ շարունակելով հարաբերություններն ավանդական գործընկերների հետ՝ նոր կապերի հաստատման եւ խորացման միջոցով: Արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան, որի մաս են կազմում նաեւ նոր անվտանգային համակարգի ստեղծումն ու պաշտպանական ոլորտում նոր գործընկերությունների հաստատումը, կարեւոր գործոն է Հայաստանի համար:
Փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը նոր փորձություններ ու մարտահրավերներ է բերում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում: Այս առումով երկրները, որոնք ունեն ընդհանուր ձգտումներ, պետք է սերտորեն համագործակցեն՝ դիմագրավելու այդ մարտահրավերներին եւ սպառնալիքներին», - ասել է
Արայիկ Հարությունյանը՝ ելույթ ունենալով «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. հայեցակարգից՝ իրականություն» խորագրով փորձագիտական համաժողովին:
Նա նշել է, որ «Հայաստանի եւ Վրաստանի փոխգործակցության առանցքն արժեհամակարգային նմանությունն է, որը միահյուսված է ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ ազատությունների, ինչպես նաեւ օրենքի անվերապահ գերակայության նույնական ընկալումներով»:
Արայիկ Հարությունյանն ասել է նաեւ, որ «Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից է»: