Փաշինյանը կարեւորել է ԵԽ-ի դերը բռնի տեղահանվածներին աջակցելու գործում
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:
Կառավարության հաղորդագրության մեջ ասված է.
«Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի կարեւոր նախադրյալ դառնալ:
Մարիա Պեյչինովիչ Բուրիչի խոսքով՝ Հայաստանի համար մարտահրավերներով լի ժամանակահատվածում ՀՀ կառավարությունն արդյունավետ է կյանքի կոչում բարեփոխումները տարբեր ուղղություններով»:
Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ միջազգային հանրության կողմից օժանդակության հետագա քայլերին վերաբերող հարցեր:
«Վարչապետը կարեւորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵԽ 2023-2026 թթ Գործողությունների ծրագրի կատարման ընթացքին ու Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի կյանքի կոչմանը միտված քայլերին: Նիկոլ Փաշինյանը շեշտել է ՀՀ կառավարության հանձնառությունն ու քաղաքական կամքի առկայությունը: Վարչապետն անդրադառնալով Եվրոպայի խորհրդի հետ գործակցության հարուստ օրակարգին՝ կարեւորել է ԵԽ-ի դերը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների հասցեագրման եւ միջազգային աջակցության ցուցաբերման գործում»,- ասված է կառավարության հաղորդագրությունում: