ԵԽ գլխավոր քարտուղարը Երեւանում քննարկել է տեղահանված արցախցիների խնդիրները
ԱԳՆ-ից հայտնել են, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի միջեւ գործընկերությանը վերաբերող հարցեր:
Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի միջեւ կարեւոր ու արդյունավետ համագործակցությունը՝ միտված օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ՀՀ կառավարության առաջնահերթությունների ու բարեփոխումների օրակարգի կյանքի կոչմանը:
«ԱԳ նախարարն ընդգծել է նաեւ նախորդ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումից եւ ԼՂ էթնիկ զտումից հետո ԵԽ արագ արձագանքը:
Մտքեր են փոխանակվել ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայի՝ հատկապես խոցելի խմբերի իրավունքների միջնաժամկետ ու երկարաժամկետ կարիքների հասցեագրման շուրջ: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է ջանքերն այդ ուղղությամբ, այդ թվում՝ միջազգային գործընկերների աջակցությամբ։
ՀՀ ԱԳ նախարարը եւ ԵԽ Գլխավոր քարտուղարն անդրադարձել են Հարավային Կովկասում կայուն եւ հարատեւ խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին: Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունն ու ջանքերը՝ նշելով թշնամանքից զերծ մթնոլորտի ձեւավորման, առանցքային հարցերում հստակ հանձնառության կարեւորությունը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում: