ru24.pro
Новости по-русски
Апрель
2024

«Արմբրոկ Երեւան մարաթոն». հետհաշվարկը սկսված է

0

Այս տարի առաջին անգամ «Արմբրոկ Երեւան մարաթոնը» կանցկացվի գարնանը`ապրիլի 28-ին: 2015 թվականից հետո նախ կիսամարաթոնը, ապա մարաթոնը անցկացվում էին աշնանը:

Երեւանի մարաթոնի համակազմակերպիչ Անահիտ Ադամյանը Մեդիամաքսին բացատրել է, որ 2020-ին համավարակի, իսկ հետո մեր երկրում հիմնականում աշնանը տեղի ունեցած պատերազմական գործողությունների պատճառով այն մի քանի տարի իրականացնելու հնարավորություն չեն ունեցել:

«Փաստացի 2023-ի մարաթոնն է, որը սահուն կերպով դարձավ 2023-2024: Հիմա ամենակարեւոր նախապատրաստական փուլերից մեկում ենք՝ վազորդներին ենք ներգրավում, տարբեր թիմեր ունենք՝ մարզիկների, կորպորատիվ, դպրոցական: Պլանավորում ենք ունենալ մինչեւ 2 000 մասնակից, այս պահի դրությամբ կեսն արդեն գրանցվել է»,- մանրամասնել է նա:

Մարաթոնին միշտ ակտիվորեն իրենց մասնակցություն են ունենում Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամներն ու հաղթանակներ գրանցում: Հայաստանի ռեկորդակիր ու չեմպիոն Երվանդ Մկրտչյանին, որը վերջին շրջանում հաջող է մասնակցել միջազգային մրցաշարերին ու փորձել պայքարել Օլիմպիական խաղերի ուղեգրի համար, կազմակերպիչները նորից են ակնկալում տեսնել պայքարի մեջ:

Անահիտ Ադամյանի խոսքով, ամենակարեւոր աշխատանքներից մեկը եւս իրականացրել են՝ միջոցառումը նորից դարձրել են միջազգային չափանիշներին համապատասխանող: Նախկինում հավաստագիր ունեցել են, բայց այն 5 տարով էր տրվել ու ժամկետը սպառվել էր: Այս տարի նորից միջազգային մասնագետ է եկել եւ կատարել անհրաժեշտ չափագրումները՝ մարաթոնի երկարությունը պետք է 42 կմ լինի, իսկ կիսամարաթոնինը՝ 21:

Երեւանյան մարաթոնն Անահիտ Ադամյանը երիտասարդ ու զարգացող է համարում, որը կայացած մրցաշարերին հասնելու համար դեռ երկար ուղի ունի անցնելու: Համաշխարհային համարվող Նյու Յորքի, Լոնդոնի կամ Փարիզի մարաթոններին ամեն տարի մինչեւ 50 հազար մասնակից են ունենում, իսկ իրենք ցանկանում են մի օր հատել 10 հազար սահմանը:

«Մեր մարաթոնի առանձնահատկություններից մեկը նրա բարդությունն է՝ պայմանավորված Երեւանի դիրքով: Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 1000 մետրից ավելի բարձրության վրա, ու հատկապես այլ երկրներից ժամանած մասնակիցների համար շնչառությունը կարգավորելը բավական բարդ է: Բացի այդ, Երեւանը հարթ չէ, չնայած մրցատարածությունները կազմելիս փորձել ենք հնարավորինս քիչ վերելքներ ընդգրկել»,- պատմում է նա:

Հայաստանում մարաթոն անցկացնելու գաղափարն Անահիտի ու նրա գաղափարակից ընկերների մոտ առաջացել է 2014-ի ավարտին: 2015-ին առաջին կիսամարաթոնն անցկացրին, որը 2018-ին մարաթոն դարձավ:

Անահիտ Ադամյանը մանկուց լողով է զբաղվել, իսկ վազքով հետաքրքրվել է ավելի մեծ տարիքում: 2014-ին մասնակցել է Լյուքսեմբուրգի կիսամարաթոնին ու բացահայտել է, թե որքան շատ է հավանում մթնոլորտը եւ միջոցառման շուրջ տեղի ունեցող ողջ եռուզեռը, այդ թվում ՝ամբողջ քաղաքով մեկ մասնակիցներին աջակցող մարդկանց: Հետագայում մասնակցել է Լոզանի, Մոսկվայի, Մալագայի, Թբիլիսիի մարաթոններին.

«Ինչ-որ պահից սկսած հատուկ մեկնում էինք ոչ միայն մասնակցելու, այլ նաեւ որպես կամավոր լինելու, որպեսզի ներսից ծանոթանանք կազմակերպչական աշխատանքներին»:

Անահիտն ասում է, որ այս տարի համագործակցում են Արմբրոկ ներդրումային ընկերության հետ ու համատեղ աշխատանքը կարեւոր ձեռքբերում են համարում:

«Ուրախ ենք, որ միացել են մեզ, քանի որ Արմբրոկում գիտեն, թե Հայաստանի համար այս մշակույթը որքան կարեւոր ու արժեքավոր է: Իրենց թիմով էլ մարզվում են ու մասնակցելու են վազքին»,- ընդգծում է նա:

Արմբրոկ ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանի խոսքով, մարաթոնի տիտղոսային գործընկեր դառնալն ավելի շատ սոցիալական ուղղվածություն եւ նպատակ ունի: Նա համոզված է, որ մարաթոնի անցկացումը կարեւոր է նաեւ առողջ ապրելակերպի գաղափարը մարդկանց շրջանում գործնական կերպով տարածելու համար:

«Մարաթոնը մասնակիցների քանակով Հայաստանում անցկացվող ամենամեծ միջոցառումներից է՝ հազարավոր մարդիկ կներգրավվեն մեր երկրից ու արտերկրից», - ասում է Արամ Կայֆաջյանը եւ նկատում, որ արտասահմանից ժամանած վազորդներն առնվազն մի քանի օր կանցկացնեն Հայաստանում եւ էական ներդրում կապահովեն տուրիզմի ոլորտի համար:

Արամ Կայֆաջյանն ասում է, որ երբ համեմատում ես այլ քաղաքների հետ, Երեւանում պարբերաբար վազքով զբաղվողների թիվը մեծ չէ:

«Պետք է մանկուց կարեւորել սպորտի դերը: Այս առումով մենք փորձում ենք մեր դերակատարությունն ունենալ եւ տարբեր եղանակներով ցույց տալ առողջ ապրելակերպի առավելությունները», - նշում է Արմբրոկի ղեկավարը:

Արամ Կայֆաջյանի կյանք վազքը մտել է 2020 թվականին, երբ համավարակի ժամանակ նախ սկսեց հեծանիվ վարել, ապա ընկերներից շատերի պես հետաքրքրվեց եռամարտով: Պատմում է, որ նույնիսկ ոչ աշխատանքային օրերին դժվարությամբ է կտրվում գործից, իսկ վազքն օգնում է ոչ միայն միտքը հանգստացնել, այլ հետաքրքիր համագործակցությունների սկիզբ դնել:

«Սիրում եմ ե՛ւ խմբային վազքը, ե՛ւ միայնակ: Սովորաբար վազքով զբաղվող մարդիկ շատ հարցերում համակիրներ են: Մեր խմբերում նույնիսկ բիզնես համագործակցությունների սկիզբ է դրվել:

Հիմնականում առավոտյան վազքն եմ նախընտրում, կարճ տարածությունները հաղթահարում եմ տան շուրջը գտնվող այգիներում: Ցավոք, Երեւանում երկար մրցուղիներ չկան՝ ամենահարմարը Հրազդանի ձորում է»,- ասում է Արամ Կայֆաջյանը:

Հիմա նա մարզավիճակ է հավաքում ու ապրիլի 28-ին պատրաստվում է կիսամարաթոն վազել: Արմբրոկը մոտ 15 մասնակից կունենա, որոնք ուժերը կչափեն տարբեր մրցատարածություններում, այդ թվում՝ մարաթոնում: Թիմում կան փորձառու վազորդներ, որոնք կփորձեն տեղ գտնել մրցանակային եռյակում, բայց շատերի առաջնային նպատակը նախկին արդյունքները գերազանցելն ու սեփական հնարավորությունները ստուգելն է:

Թեեւ Արամ Կայֆաջյանը հիմնականում եռամարտի մրցումներին մասնակցելու փորձ ունի, բայց գտնում է, որ մարաթոնները յուրահատուկ մթնոլորտ են ստեղծում քաղաքում:

«Շատ երեխաներ կլինեն, որոնք ավելի մեծ տարիքում կշարունակեն վազքով զբաղվել ու ավելի երկար տարածություններ հաղթահարել: Կարեւորն այն է, որ մարաթոնն իսկական տոնի է վերածվում»,- շեշտում է Արմբրոկի տնօրենը:

Երեւանի մարաթոնը ներառում է 5 մրցատարածություն՝ երեխաների համար (մինչեւ 12 տ.) 1 կմ վազք, 5 կմ ՝ 13 տարեկանից սկսած, 12 կմ՝ 16 տարեկանից սկսած, կիսամարաթոն ու մարաթոն (21 ու 42 կմ)՝ 18 տարեկանից սկսած:  

Մարաթոնյան վազքին Երեւանում ու տարբեր քաղաքներում բազմիցս է մասնակցել սցենարիստ, ArmComedy-ի համահեղինակ Նարեկ Մարգարյանը:

Խոստովանում է, որ մարաթոնին մասնակցելը շատ լավ հնարավորություն է քաղաքը նորովի բացահայտելու համար:

«Թվում է՝ Երեւանում ամեն ինչ գիտես, բայց երթուղին հետաքրքիր է կառուցված ու եթե անգամ նույն տեղով շատ ես անցել, միշտ գտնվում են մանրուքներ, որոնց մինչ այդ ուշադրություն չէիր դարձրել: Պռոշյան փողոցով դեպի ձորը վազելու ընթացքում կրպակներից մեկից ինձ ճանաչեցին ու կանչեցին. «Նարեկ, խորոված բրդուճ տա՞մ»,- ծիծաղելով հիշում է Նարեկը:



Նարեկն ասում է, որ տարիների ընթացքում Երեւանյան մարաթոնի միայն վերջին հատվածն է փոխվել, բայց դա չի նշանակում, որ բարդությունը պակասել է: Հիմնական դժվարությունն այն է, որ վազորդները հաճախ են բարձրություն հաղթահարում ու հատկապես վերջին 3 կմ ընթացքում:

«Իմ ամենասիրելի մասն այն է, երբ «Հրազդան» մարզադաշտի բարձունքը հաղթահարելուց հետո ականջիդ են հասնում թմբկահար աղջիկների երաժշտության հնչյունները: Լավ էներգիա ես ստանում, ինչն օգնում է հաղթահարել վերջին հատվածը», - պատմում է նա:

Այս տարի Նարեկը կիսամարաթոնի համար է գրանցվել: Իր փորձից ելնելով՝ մասնակիցներին կարեւոր խորհուրդ ունի.

«Բանալի բառը վազելն է, ոչ թե քայլելը: Եթե երբեք մարաթոնի չեք մասնակցել, համոզվեք, որ կկարողանաք, ինչը նշանակում է, որ մեկնարկից առնվազն 2 շաբաթ առաջ մարզումներին պետք է մոտ 3 կմ վազեք: Եթե տարածությունը հանգիստ հաղթահարեք, ուրեմն պատրաստ եք դժվարություններին: Չպետք է մոռանալ ընթացքում սնվելու եւ ջուր խմելու, նաեւ քսուքներ ունենալու մասին»:

Եթե ցանկանում եք մասնակցել «Արմբրոկ Երեւան մարաթոնին»՝ կարող եք գրանցվել այս հղումով. https://armeniamarathon.org/arm/events/yerevan-marathon/registration

Հասմիկ Բաբայան