Ջեյմս Օ'Բրայեն. «Ադրբեջանի նախագահին համոզելու նպատակ չենք հետապնդել»
Ամերիկացի դիվանագետն այդ մասին ասել է՝ տեսակապի միջոցով կազմակերպված ճեպազրույցի ժամանակ՝ արձագանքելով ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ ԱՄՆ եւ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին չհաջողվեց համոզել Ադրբեջանի նախագահին, որ այսօր Բրյուսելում կայացած Հայաստան-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպումն Ադրբեջանի դեմ ուղղված չէր:
«Մենք Ադրբեջանի նախագահին համոզելու նպատակ չենք հետապնդել: Մենք ասել ենք, որ այսօրվա հանդիպման նպատակն է աջակցել Հայաստանի ժողովրդի ցանկությանը՝ ընտրել բարգավաճման եւ գլոբալ շուկաների հասանելիության ուղին: Մենք չափազանց բաց ենք մեր ծրագրերը քննարկելու հարցում», - ասել է Ջեյմս Օ'Բրայենը:
Մեդիամաքսի խնդրանքով մեկնաբանելով Իլհամ Ալիեւի այսօրվա հայտարարությունները, ամերիկացի դիվանագետը նշել է, որ վերջին օրերին ԱՄՆ պետքարտուղարի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ հեռախոսազրույցներում Ադրբեջանի նախագահն ընդունել էր, որ ցանկացած երկիր ինքնուրույն է որոշում ԱՄՆ եւ Եվրոպական Միության հետ հարաբերություններ կառուցելու ձեւաչափերը: