Քաղաքական կուսակցությունների զոմբիացումը
Ներկայացնում ենք Փրինսթոնի համալսարանի քաղաքականության պրոֆեսոր Յան-Վերներ Մյուլերի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:
Յան-Վերներ Մյուլեր
Ռոնա ՄըքԴանիելը Հանրապետական ազգային կոմիտեի նախագահի պաշտոնում իր վերջին ելույթներից մեկում խնդրեց, որ գործընկերները աջակցեն Դոնալդ Թրամփի կողմից ընտրված երկու մարդկանց, որոնք փոխարինելու են իրեն: Բուռն ուրախությունից հետո նա հայտարարեց, որ չէր էլ խնդրի, եթե «ոչ» ասողներ լինեին: Խոսուն պահ էր. կուսակցության ներսում ժողովրդավարական գործընթաց ապահովելու համար նախատեսված ընթացակարգերն ամբողջությամբ փոխարինվեցին միահամուռ հավանությամբ:
Թրամփը հազիվ թե միակ ծայրահեղ աջ ամբոխահաճ առաջնորդն է, որն իր կամքին է ենթարկել քաղաքական կուսակցությունը: Կուսակցական ապարատի գրավումը տարածված օրինաչափություն է պոպուլիստների եւ ապագա անձնիշխանների շրջանում, եւ պատմությունը ցույց է տվել, թե ինչ աղետալի հետեւանքներ կարող է դա ունենալ ժողովրդավարական համակարգի համար: Ի վերջո, կուսակցությունն անձնիշխանության վերածելը տրամաբանական առաջին քայլն է երկիրը անձնիշխանության վերածելու ճանապարհին:
Ճիշտ է, քաղաքական կուսակցությունների ներսում ժողովրդավարության եւ բազմակարծության կոչերը կարող են որպես իդեալիզմ հնչել: Անվերջանալի, հոգնեցնող, մանրակրկիտ բանավեճերը սովորաբար «հաղթանակ» են բերում ամենապերճախոս գործչին (կամ գուցե նրան, ով հաջորդ առավոտ երեխայի խնամելու պարտականություններ չունի): Ավելին, ներքին ժողովրդավարությունը (օրինակ՝ ԱՄՆ նախնական ընտրությունները) կառուցվածքային առումով կարող է ավելի բարենպաստ լինել գաղափարական մաքրամոլների համար, որոնք գերադասում են ծայրահեղ թեկնածուներին, կամ կարող է երեւան հանել մարդկանց, որոնց համար քաղաքականությունը հոբբի է, իսկ գործընթացն ավելի կարեւոր, քան արդյունքը:
Սակայն ներքին բանավեճերում հաճախ լավ քաղաքական գաղափարներ են ծնվում: Հաղթողներն առնվազը ավելի լավ են զգում հակառակ կողմի փաստարկները եւ դրանց ապացույցները: Նրանք նաեւ ավելի մեծ հավանականությամբ կհարգեն պարտվողների լեգիտիմությունը այլ ներկուսակցական բանավեճում: Քանի որ կուսակցականները պետք է կիսեն նույն հիմնական քաղաքական սկզբունքները, նրանց տարբերությունները սովորաբար պայմանավորված են նրանով, թե ինչպես են մեկնաբանվում այդ սկզբունքները եւ ինչպես պետք է իրականացվեն դրանց վրա հիմնված քաղաքականությունները: Երբ պարտվողները զգան, որ իրենց կարծիքը լսել են, պակաս հավանական է, որ դուրս կգան կուսակցությունից:
Հարգելով լեգիտիմ ընդդիմությանը սեփական կուսակցությունում ՝ քաղաքական գործիչները ցույց են տալիս, որ հավատարիմ են ժողովրդավարական խաղի հիմնական կանոններին: Ներքին մրցավեճերից հետո հաղթողները կշարունակեն դիմակայել կուսակցական այլ «ծանր քաշայինների», որոնք կարող են զսպող գործոն դառնալ, եթե հաղթողները չափազանց հեռանան կուսակցության հիմնական պարտավորություններից, հատկապես՝ ժողովրդավարության հանդեպ: Նման ծանր քաշայինները կշիռ ունեն կուսակցականների աչքերում, եւ նրանց պետք է լուրջ վերաբերվել:
Սակայն Թրամփը Հանրապետական կուսակցությունը վերածեց անձի պաշտամունքի պես մի բանի: Նրան քննադատողները դուրս են մղվել եւ անարգվել (հաճախ անձնական բռնության սպառնալիքով): Նիքի Հեյլիին որպես արժանի հակառակորդի վերաբերվելու փոխարեն, Թրամփը զրկեց նրան որեւէ կուսակցական դիրքից: «Ըստ էության՝ նա դեմոկրատ է, - ասել էր Թրամփը, - կարծում եմ՝ նա պետք է փոխի իր կուսակցությունը»: Մոռանանք այն, որ իր նախագահության օրոք Թրամփը Հեյլիին նշանակել էր ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան։
Նույնքան խոսուն է, որ Հանրապետական կուսակցությունն այլեւս չի էլ առաջարկում պատշաճ քարոզչական ծրագրի նման մի բան: Նախքան 2020-ի ընտրությունները այն պարզապես վերաթողարկեց իր 2016-ի ծրագիրը եւ լիակատար հավատարմություն խոստացավ Թրամփին: Իրական ծրագիր ունեցող կուսակցությունը կարող է հաշտվել ընտրություններում պարտվելու հետ եւ պարզապես կրկնապատկել ջանքերը՝ հաջորդ անգամ ընտրողներին իր կողմը գրավելու համար: Դա շատ ավելի երկար ժամանակային հորիզոն է տրամադրում, քան անհատի կարճաժամկետ հեռանկարը, երբ յուրաքանչյուր պարտություն գոյութենական խնդիր է:
Որոշ քաղաքական գործիչներ հաղթահարում են այս մարտահրավերը՝ հարազատներին որպես իրավահաջորդ նշանակելով եւ կուսակցությունը վերածելով քվազիդինաստիայի կամ քաղաքական ընտանեկան բիզնեսի: Հենց դա արեց Գանդիի ընտանիքը Հնդկական Ազգային Կոնգրեսի հետ՝ ի վնաս կուսակցության եւ հնդկական ժողովրդավարության: Ֆրանսիայում Մարին Լը Պենը ղեկավարում է իր հոր հիմնադրած ծայրահեղ աջ կուսակցությունը. Թրամփն էլ, իհարկե, հենց նոր գահ նստեցրեց իր հարսին՝ Լարա Թրամփին, որպես Հանրապետական ազգային կոմիտեի համանախագահ՝ կուսակցությունը դարձնելով ընտանեկան բիզնեսի պես մի բան:
Անձի պաշտամունքի առաջնորդները կարող են իրենց հետեւորդներին հրամայել այնպես, ինչպես չի կարող նույնիսկ ամենախարիզմատիկ քաղաքական գործիչը: Ճիշտ կուսակցությունը միջոց կգտներ Թրամփին եւ նրա մոլեռանդ երկրպագուներին կանգնեցնելու նախքան 2021-ի հունվարի 6-ի խռովությունը: Եվ նույնիսկ դրանից հետո հանրապետականները կարող էին ցուցաբերել քաջություն եւ որոշակի հավատարմություն իրենց դավանած սկզբունքներին՝ 2021-ի փետրվարին իմփիչմենթ հայտարարելով Թրամփին: Փոխարենը նրանք խոսեցին միայն փակ դռների հետեւում կամ քաղաքականությունից հեռանալուց հետո: Արդյունքում կուսակցությունն այժմ ղեկավարում է խորապես անձնիշխանական բնազդներով առաջնորդ, որն ակնհայտորեն պիտանի չէ իր պաշտոնի համար: Ամերիկայի երկկուսակցական համակարգում կուսակցություններից մեկը շրջվում է ժողովրդավարության դեմ:
Բայց Թրամփը միակը չէ: Իր պաշտոնավարման ընթացքում Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոն ընդհանրապես քաղաքական կուսակցություն չուներ, եւ, հետեւաբար, իր կառավարումը համախոհ քաղաքական գործիչների կողմից չէր ճշգրտվում: Մյուս ծայրահեղ աջ պոպուլիստները կուսակցություններ ունեն, բայց դրանք ղեկավարում են խիստ անձնիշխանական ձեւով: Օրինակներից են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին եւ Յարոսլավ Կաչինսկին, որն իշխանության օրոք այնպես էր բռի մեջ առել Լեհաստանի «Օրենք եւ արդարություն» (PiS) կուսակցությանը, որ նրան նույնիսկ կառավարական պաշտոն պետք չէր՝ երկիրը ղեկավարելու համար:
Կուսակցության կանոնակարգերի ուժեղացումը կարող է օգտակար լինել: Նիդեռլանդներում ծայրահեղ աջ պոպուլիստ Գերտ Վիլդերսի կուսակցությունն ունի ընդամենը երկու անդամ՝ Վիլդերսն ու մի անդամ ունեցող հիմնադրամ, եւ այդ անդամը պատահաբար հենց Վիլդերսն է: Նման միանձնյա կառավարումը (բառացիորեն) օրինական չէր լինի հարեւան Գերմանիայում, որտեղ երկրի հիմնական օրենքը հաստատում է, որ կուսակցությունների «ներքին կազմակերպությունը պետք է համապատասխանի ժողովրդավարական սկզբունքներին»:
Այո, ներկուսակցական ժողովրդավարությանը սահման կա. այն կարող է վերածվել խմբակցականության, որը կարող է վախեցնել ընտրողներին, այն կարող է հրահրել անարդյունավետ կամ էզոթերիկ բանավեճեր, որոնց պատճառով կուսակցությունները թվում են աղանդավորական: Բայց Հանրապետական կուսակցության վերածվելը անձնիշխանական գործիքի ապացուցում է, թե ինչու արժե գնալ նման ռիսկերի:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Copyright: Project Syndicate, 2024
www.project-syndicate.org