Միրզոյանն ու Բոնոն քննարկել են խաղաղության պայմանագիրը
ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին:
«Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել վերջին զարգացումներն՝ ընդգծելով ՀՀ դիրքորոշումներն առանցքային հարցերի շուրջ: Մասնավորապես, շեշտվել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը հավատարմության եւ սահմանազատման հետագա գործընթացն Ալմա-Աթայի հռչակագրի, ամուր իրավական հիմքեր ունեցող քարտեզների հիման վրա իրականացնելու կարեւորությունը:
Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման համատեքստում ԱԳ նախարարը վերահաստատել է գործընթացը հանրաճանաչ սկզբունքների՝ ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության հիման վրա կյանքի կոչելու հարցում ՀՀ հետեւողական մոտեցումը:
Արարատ Միրզոյանը եւ Լուիս Բոնոն մտքեր են փոխանակել նաեւ ՀՀ-ԱՄՆ երկկողմ քաղաքական երկխոսության օրակարգի, առաջիկա միջոցառումների եւ գործընկերության հետագա զարգացման հարցերի շուրջ»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում: