Հունաստանը հաշվի կառնի 44-պատերազմի դասերը իր բանակը բարեփոխելիս
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին ասել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը «Նաֆտեմպորիկի» թերթին տված հարցազրույցում։
«Բարեփոխումների հիմնական տարրերն են հետազոտությունների եւ նորարարությունների զարգացումը զինված ուժերում համապատասխան էկոհամակարգի ստեղծմամբ, բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ բազայի արդիականացումը, ինֆորմատիկայի միացյալ կորպուսի ստեղծումը»,- նշել է նախարարը։
«Անօդաչու թռչող սարքերի եւ դրանց դեմ պայքարի համակարգերի տեխնոլոգիական զարգացումները փոխել են աշխարհում պատերազմ վարելու ձեւը: Հայաստան կատարած իմ վերջին այցի ժամանակ ինձ մանրամասն տեղեկացրեցին ժամանակակից մարտադաշտում դրանց կիրառման մասին: Հիշեցնեմ, որ Հայաստանի զինված ուժերի վրա հարձակվել էր բանակ, որը զանգվածաբար անօդաչու թռչող սարքեր էր կիրառում, այդ թվում՝ Bayraktar անօդաչու սարքեր։ Այդ պատճառով մենք կփոխգործակցենք Հայաստանի հետ պաշտպանական համագործակցության երկկողմ համաձայնագրերի շրջանակներում, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից քաղած դասերը»,- ասել է Նիկոս Դենդիասը։
«Մենք արագորեն կաշխատենք հարեւան երկրներից հետ մնալը հաղթահարելու, ինչպես նաեւ Հունաստանի տարածքը ծածկող անօդաչու թռչող սարքերի դեմ «պատնեշ» ստեղծելու ուղղությամբ»,- ասել է նախարարը։
Նիկոս Դենդիասը ասել է, որ ստեղծվում է անկախ մարմին՝ Հունաստանի Ինովացիոն զարգացման կենտրոնը, որը «կկառավարի ծրագրերն ու պայմանագրերը, կաջակցի նոր տեխնոլոգիաների ներդրմանը եւ կհեշտացնի համագործակցությունը համալսարանների, ռազմական դպրոցների, հետազոտական կենտրոնների եւ ձեռնարկությունների հետ»։