Սիմոնյան. Արտաքին քաղաքական վեկտոր փոխելու հարց չի քննարկվում
«Մենք քննարկում ենք՝ ինչ անենք, որ նվազեցնենք վտանգները, որոնք կարող են սպառնալ Հայաստանին։ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում եւս չկա, սակայն որեւիցե մեկս դա չենք բացառում: Մեր հանրությունն էլ է դրա մասին խոսում, կարելի է ասել՝ այդ պահանջն է ներկայացնում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ալեն Սիմոնյանը:
Նա նշել է, որ մեկ տասնյակից ավելի դրվագներով ակնհայտ է, որ «մեր դաշնակիցը մեզ չի օգնում».
«Մեր երկիրը, մեր մարդիկ անսահման չեն, մենք այդքան ռեսուրս չունենք, որ մեր երկրի սահմանների հաշվին սպասենք, թե մեր դաշնակիցը, որը դաշնակից է թե ՀԱՊԿ-ով, թե ուղիղ պայմանագրով, երբ է օգնելու։ Դաշնակցական պարտավորությունները որեւէ մեկնաբանությամբ իրենց վրայից գցելով չէ։
Մեզ համար ակնհայտ է, որ այս անվտանգային համակարգը չի գործում: Էլ ի՞նչ պետք է լինի, որ հասկանաք՝ այս անվտանգային համակարգը չի գործում՝ տարբեր արդարացումներով:
ՀՀ կարծիքով՝ անվտանգային այլընտրանքը բոլոր հնարավոր միջոցներն օգտագործելն է՝ նաեւ փորձ անել ՀԱՊԿ-ն ինչ-որ ձեւով վերակենդանացնել»:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանը փորձում է զենք գնել բոլոր հնարավոր տեղերից՝ պետությունը պաշտպանելու համար։
«Եթե դա ինչ-որ անվտանգային համակարգի խանգարում է, դա իրենց խնդիրն է, ակնհայտ է, որ իրենք իրենց պարտավորությունները չեն կատարում։
Հայաստանը պատրաստ է Եվրամիության անդամակցության թեկնածու դառնալ: Պատրաստ ենք ու շարժվելու ենք այն ուղղությամբ, որը մեզ առավել անվտանգություն կապահովի»,- եզրափակել է ԱԺ նախագահը: