Մերձենալով Արեւմուտքի հետ, Թուրքիան երես չի թեքի Ռուսաստանից
Ներկայացնում ենք Կարնեգի հիմնադրամի հեղինակ Դիմիտար Բեչեւի Closer Ties to the West Don’t Mean Turkey Will Give Up On Russia հոդվածի հայերեն թարգմանությունը;
Դիմիտար Բեչեւ
Ռուսաստանին, թե՞ Արեւմուտքին է աջակցում Թուրքիան ռուս-ուկրաինական պատերազմում եւ դրա շուրջ ծավալվող իրադարձություններում։ Պատասխանները կարող են տարբեր լինել։
Մի կողմից Անկարան Կիեւին ռազմական եւ դիվանագիտական աջակցություն է ցուցաբերում։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է երբեք չճանաչել Ռուսաստանի կողմից զավթված ուկրաինական տարածքները (նույն դիրքորոշումը նա որդեգրել էր 2014 թվականին՝ Ղրիմի աննեքսիայից հետո)։ Բացի դրանից, Թուրքիայի շնորհիվ Ուկրաինան կարգավորեց սննդամթերքի արտահանումը Սեւ ծովի միջոցով: Անկարան նախ առանցքային դեր խաղաց «հացահատիկի գործարքի» ստորագրման գործում, իսկ հետո, դրա փլուզումից հետո, իր տարածքային ջրերը տրամադրեց տրանսպորտային միջանցքի համար:
Մյուս կողմից, Թուրքիան չի միացել Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցներին։ Ավելին, այն դարձել է ռուսական նավթի հիմնական գնորդներից մեկը՝ զիջելով միայն Չինաստանին ու Հնդկաստանին։ Իսկ Ստամբուլի օդանավակայանը դարձել է ամենակարեւոր հանգույցը ռուսական քաղաքներ թռիչքների համար։ Ակտիվ փուլում են Արեւմուտքում վաղուց վտարանդի դարձած Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցի նախապատրաստական աշխատանքները։
Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ մանեւրելով՝ Թուրքիան մի քանի փուլ անցավ՝ հերթով սիրախաղ անելով առաջինի եւ երկրորդի հետ։ Միեւնույն ժամանակ, վերջին շրջանում շրջադարձ է նկատվում դեպի ԱՄՆ եւ նրա դաշնակիցները։
Հունվարի վերջին Թուրքիայի խորհրդարանը վերջնականապես հաստատեց Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Այս թեման երկար ժամանակ սակարկության առարկա էր՝ թուրքերը սպասում էին զիջումների թե՛ Ստոկհոլմից, թե՛ Վաշինգտոնից։ Ըստ երեւույթին, Էրդողանը հասավ իր ուզածին. Թուրքիայի խորհրդարանում քվեարկությունից անմիջապես առաջ ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն տվեց Թուրքիային 40 հատ նոր F-16 կործանիչների վաճառքի գործարքին: Ակնկալվում է, որ ԱՄՆ Կոնգրեսը կանաչ լույս կվառի գործարքի համար՝ չնայած նրան, որ եւ՛ դեմոկրատները, եւ՛ հանրապետականները բավականաչափ դժգոհություններ ունեն Էրդողանից։
Lockheed Martin կորպորացիան, որն արտադրում է F-16-ը, մեծ թվով չկատարված պատվերներ է կուտակել, ուստի ինքնաթիռների առաքման համար տարիներ կպահանջվեն: Բայց գործարքը քաղաքականապես չափազանց կարեւոր է։ Թուրքիային այդ կործանիչներն անհրաժեշտ են՝ փոխհատուցելու F-35-ի մշակման կոնսորցիումից իր դուրս մնալը. այդպես էին ամերիկացիները պատժել Անկարային՝ 2019 թվականին ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու համար։
Այն ժամանակ Մոսկվայի հետ ռազմական գործարքն այնքան էր սրել Անկարայի հարաբերությունները Վաշինգտոնի հետ, որ ամերիկյան իշխանությունները նույնիսկ կիրառեցին «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու վերաբերյալ» օրենքը (CAATSA)՝ պատժամիջոցների ցանկում ավելացնելով զենքի գնման թուրքական գործակալությունը: Սակայն անցած տարվա ընթացքում Թուրքիան եւ Միացյալ Նահանգները, կարծես, կարողացան կարգավորել որոշ տարաձայնություններ եւ վերսկսել համագործակցությունը բազմաթիվ հարցերի շուրջ՝ սկսած ՆԱՏՕ-ի ընդլայնումից մինչեւ փոխգործակցություն Մերձավոր Արեւելքում Գազայի պատերազմի պայմաններում:
Բացի այդ, Թուրքիան, հավանաբար, պատրաստ է պահպանել Ռուսաստանի դեմ ԱՄՆ երկրորդական պատժամիջոցները: Այն բանից հետո, երբ դեկտեմբերին Ջո Բայդենը հրամանագիր ստորագրեց ռուսական պաշտպանական համալիրի հետ համագործակցող օտարերկրյա ընկերությունների դեմ միջոցառումների մասին, թուրքական մի շարք բանկեր սկսեցին փակել ռուսական ընկերությունների հաշիվները։ Ըստ «Կոմերսանտ»-ի՝ բացառություններ էին արվել միայն Ռուսաստանում գտնվող արտասահմանյան բանկերի մասնաճյուղերի համար:
Զուգահեռաբար Թուրքիան ընդլայնում է իր ներկայությունը Սեւ ծովում։ Հունվարի 11-ին պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Ռումինիայի եւ Բուլղարիայի մասնակցությամբ ռազմածովային գործողություն մեկնարկ տվեց։ Դրանում ներգրավված են ականազերծող եւ պարեկային նավեր, ուղղաթիռներ եւ անօդաչու սարքեր: Գործողության նպատակն է ծովային ուղիները մաքրել ականներից, որոնք լրջորեն խոչընդոտում են նավագնացությանը Ուկրաինայում ակտիվ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր։
Տեսականորեն այս ռազմածովային գործողությանը կարող են միանալ ՆԱՏՕ-ի մյուս անդամները եւս, սակայն Թուրքիան ուշադիր հետեւում է միջազգային նորմերի պահպանմանը, որոնք ոչ սեւծովյան երկրներին արգելում են իրենց ռազմանավերը անցկացնել Բոսֆորի միջով պատերազմի ժամանակ:
Չնայած նկարագրված քայլերի կարեւորությանը, դրանք ավելի շատ մարտավարական ճշգրտում են, քան Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմավարական վերանայում: Ո՛չ Էրդողանն անձամբ, ո՛չ էլ թուրքական էլիտաները չեն պատրաստվում երես թեքել Ռուսաստանից։
Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների հիմքում Էներգակիրների առեւտուրն է։ Ըստ Reuters-ի հաշվարկների՝ նոյեմբերին ռուսական հում նավթի ներմուծումը Թուրքիա հասել էր ռեկորդային ցուցանիշի՝ օրական 400 հազար բարել, ինչը կազմում է Ռուսաստանից ծովային ճանապարհով արտահանվող նավթի 14%-ը։
2024 թվականին աճը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի։ Մասնավորապես, «Լուկօյլ»-ի եւ Իզմիրի մերձակայքում գտնվող թուրքական STAR նավթավերամշակման գործարանի միջեւ կնքված նոր պայմանագիրը ենթադրում է օրական 200 հազար բարել նավթի մատակարարում եւ $ 1,5 միլիարդի վարկի տրամադրում: Ըստ երեւույթին, ռուսական նավթի մի մասը կվերաուղղորդվի դեպի թուրքական նավթավերամշակման գործարաններ Բուլղարիայում «Լուկօյլ»-ի նավթավերամշակման գործարան մատակարարվող ռուսական նավթի մի մասը:
Նոր գործարքը ցույց է տալիս, որ Թուրքիան մտադիր է ապահովել իր դերը որպես ռուսական նավթի արտահանման հիմնական հանգույց, այդ թվում՝ դեպի Եվրամիություն։ Բացի դրանից, Թուրքիան ակտիվորեն վերաարտահանում է դիզելային վառելիք եւ ռուսական այլ նավթամթերքներ. 2023 թվականին դրանց ներմուծումը եռապատկվել է։
Գործը միայն նավթով չի սահմանափակվում։ Թուրքիան դառնում է ավելի կարեւոր ուղղություն նաեւ ռուսական բնական գազի արտահանման առումով։ Ուկրաինայի հետ «Գազպրոմի» տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա վերջին, ինչը նշանակում է, որ «Թուրքական հոսքը» կարող է դառնալ Ռուսաստանից ԵՄ գազի արտահանման միակ ուղին։
Թուրքական BOTAS պետական ընկերությունն արդեն գազամատակարարման պայմանագրեր է կնքել հունգարական MVM-ի եւ «Մոլդովգազ»-ի հետ, ինչպես նաեւ ապահովել է իր մուտքը դեպի բուլղարական գազաբաշխման համակարգ, ներառյալ քիչ օգտագործվող Անդրբալկանյան խողովակաշարը, որը «Թուրքական հոսքի» գործարկումից առաջ դեպի Թուրքիա ռուսական գազի արտահանման հիմնական երթուղին էր։
Այլ կերպ ասած, Թուրքիան կարող է գնել ռուսական գազը «Գազպրոմից», խառնել այն այլ աղբյուրներից ստացվող գազի հետ եւ վերավաճառել այն եվրոպական երկրներին, որոնք ձգտում են դիվերսիֆիկացնել մատակարարներին: 2023 թվականին Պուտինը խոսել էր Թուրքիայում «գազային հանգույց» ստեղծելու վերաբերյալ բանակցությունների մասին։ Բայց նույնիսկ առանց պաշտոնական համաձայնագրի, թուրքական կողմը կարող է մեծ օգուտ քաղել եվրոպական գազի շուկայից Ռուսաստանի մեկուսացումից:
Քանի որ Թուրքիան հսկայական շահույթներ է ստանում էներգառեսուրսների առեւտրից, մասնակի շրջադարձը դեպի Արեւմուտք մեծ ազդեցություն չի ունենա Ռուսաստանի հետ նրա հարաբերությունների վրա: Իսկ Մոսկվային այսօր առավել քան երբեւէ պետք է Թուրքիան, որը դարձել է արտաքին աշխարհի հետ տնտեսական հաղորդակցության նրա հիմնական ուղին։ Վաշինգտոնը նույնպես նախընտրում է ոչ թե հակամարտել, այլ լեզու գտնել Անկարայի հետ։ Ե՛վ ԱՄՆ-ն, եւ՛ Ռուսաստանն արդեն սովորել են համակերպվել Թուրքիայի ղեկավարության մանեւրելու հետ։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: