ru24.pro
Новости по-русски
Февраль
2024

Փախստականի կարգավիճակ vs. ՀՀ քաղաքացիություն. արցախցիների իրավական հարցերը

0

2023 թվականի սեպտեմբերից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եւ Հայաստանում ապաստանած անձանց պետությունը տրամադրեց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ եւ ճանաչեց նրանց փախստական: Դրան զուգահեռ մեկնարկեց ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների ներկայացման գործընթացը, ըստ որի, արցախցիներն իրենց ցանկությամբ կարող են փախստականի կարգավիճակը փոխարինել ՀՀ քաղաքացու կարգավիճակով:

Հայաստան տեղափոխված արցախցիների կարգավիճակին, փաստաթղթավորմանը, հաշվառման գործընթացին առնչվող հարցերի լիազորությունը պատկանում է ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը։

Զանգվածային ներհոսքը, տվյալների բազան եւ հաշվառումը

«Երբ Ստեփանակերտի ռմբակոծության լուրը տարածվեց, մեկ ժամվա ընթացքում մոբիլիզացրեցինք մեր ամբողջ ռեսուրսը, որը, ցավոք, արդեն այդ փորձառությունն ուներ։ Ընդամենը 3 տարի առաջ այս գործընթացների միջով անցել էինք: Նորից ակտիվացրեցինք տեղահանվածների մեր բազան՝ քաջ գիտակցելով, որ դա այն ճանապարհն է, որով հետո կարողանալու ենք բոլոր գործընթացներն արդյունավետ կազմակերպել։ Քանի որ այսօր էլ առնչվում ենք Ադրբեջանից 1988-92 թթ․-ին բռնի տեղահանված հայրենակիցների տվյալներին առնչվող բարդությունների հետ, անկատար շտեմարանների հետ, վաղուց ֆիքսել ենք, որ ցանկացած գործընթաց արդյունավետ կազմակերպելու եւ կառավարելու համար կարեւոր առանցքային միավորը տվյալն է: Հարցի կարեւորությունը հասկանալով՝ հաջորդ օրը՝ 2023թ․ սեպտեմբերի 20-ի վաղ առավոտյան, մեր աշխատանքային խումբը ճանապարհ ընկավ դեպի Կոռնիձոր։ Մենք դիտարկել ենք զանգվածային ներհոսքի տարբեր սցենարներ եւ պատրաստ ենք եղել ցանկացած զարգացման:

Մենք ունեինք տվյալների բազա, որը փակ կապուղով ապահոված շտեմարան էր: Այսինքն, հաշվառման կայանները համակցված էին Բնակչության պետական ռեգիստրին՝ փակ կապուղով: Դա հնարավորություն տվեց տեղում նույնակակացնելու տեղահանված անձին: Սակայն նաեւ առաջացրեց կայանի հիմնման համար լրացուցիչ դժվարություններ. ինտերնետի միջոցով հնարավոր չէր դրանք հավաքագրել, իսկ այդ պահին Կոռնիձորում գտնվող սպիտակ վրաններում եւ դեպի ԼՂ ընկած հատվածում հնարավոր չէր ինտերնետային այդ կապն անցկացնել, տվյալները հավաքագրել եւ տեղում հաշվառում անել:

Պետք էր հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ զանգվածային ներհոսքի պայմաններում, ինչպես եւ եղավ, նույնիսկ եթե մեկ անձի հաշվառմանը 6-7 րոպե էր տրամադրվում, այն մեծ խցանումներ էր առաջացնում, ինչը հոգնած, հյուծված, 9 ամիս շրջափակման մեջ գտնված եւ կյանքը փրկելու ճանապարհով անցած մարդկանց պայմաններում անթույլատրելի էր»,- պատմել է ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության մամուլի խոսնակ Նելլի Դավթյանը:

Նրա խոսքով, այնուամենայնիվ, Կոռնիձորում վրանային ենթակառուցվածքներ հիմնվեցին, 10 համակարգչից բաղկացած առաջին հաշվառման կետը բացվեց, որի համար սեպտեմբերի 20-ին մոբիլիզացրել են Գորիսի պետական համալսարանի ուսանողներին. «20 հոգանոց խումբ հավաքեցինք, տեղում ծրագիրը բացատրեցինք:

Ներգրավեցինք նաեւ Կարմիր խաչի, ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի, ՅՈւՆԻՍԵՖ-ի մեր գործընկերներին. շատ արագ, կարելի է ասել՝ «ոտքի վրա» նրանց եւս վերապատրաստեցինք: Այն աշխատանքը, որ պետք է անեինք,  ադմինիստրատիվ բնույթի էր, բայց այն հանգիստ կարող էր ձախողվել, քանի որ խոսքն անփորձ ուսանողների մասին էր. բավական էր մեկ-երկու հոգու հետ անձնական խոսակցության բռնվել, եւ էմոցիաները կարող էին գերակայել, ու իրավիճակը անվերահսկելի կդառնար: Տեղ-տեղ անգամ այդպիսի իրավիճակներ էլ ունեցանք: Զուգահեռ հասցրեցինք ենթակառուցվածք ստեղծել Վարդենիսում, որը հետագայում ծառայեց որպես հումանիտար կենտրոն: Գորիսի թատրոնի շենքում էլ տրիաժ կազմակերպեցինք՝ մի քանի ժամ մնալու, հանգստանալու, սնունդ, առաջին բուժօգնություն, հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար»:

Զանգվածային ներհոսքի առաջին օրերին Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը հաշվառման կետերը հասցրել էր 5-ի։

«Արդեն ունեինք վերապատրաստված աշխատակազմ: Մոտակա քաղաքների՝ Գորիսի, Կապանի մեր գործընկերները փայլուն աշխատեցին, իսկապես տիտանական աշխատանք տարվեց: 100 եւ ավելի հաշվառողներ ունեցանք արդեն սեպտեմբերի 24-ից սկսած, երբ մեծ ծավալների հոսքը սկսեց։ Սկզբում, միայն այդ երեք կետում էինք հաշվառում՝ Կոռնիձոր, Գորիս եւ Վայք. առաջին հինգ օրն այդպես աշխատեցինք: Սակայն, քանի որ կուտակումների ծավալները սկսեցին մեծանալ, փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի որոշմամբ, սկսեցինք կիրառել հետեւյալ սկզբունքը. եթե գիտեինք, որ տեղահանված ընտանիքին կա դիմավորող անձ կամ այդ ընտանիքը Հայաստանում ունի բնակության վայր, գիտեր՝ ուր է գնում, ոչ թե սպասում էր ժամանակավոր ապաստանի տրամադրման հարցում պետական աջակցությանը, մենք իրենց թողնում էինք առանց հաշվառվելու շարունակել ճանապարհը դեպի իրենց կողմից նշված վայրը՝ այն պայմանով, որ իրենք սեղմ ժամկետներում տեղական համայնքում կհաշվառվեն: Թեեւ այդ պարագայում գործընթացը տուժեց վերահսկողության որոշակի մեխանիզմների բացակայության պատճառով, որովհետեւ, երբ հաջորդող օրերին արդեն արցախցի ընտանիքը մոտենում էր համայնք հաշվառվելու, նա ներկայանում էր՝ որպես օրեր առաջ տեղահանված անձ, որեւէ գործիքակազմ չկար գնահատելու՝ իսկապես օրեր առա՞ջ է տեղահանվել, թե արցախցի է, ով վաղուց է ապրում Հայաստանում: Դրա համար այն թիվը, որն ԱԱԾ-ն էր հրապարակել՝ շուրջ 101 հազար՝ որպես սահմանը հատած անձ, գրեթե 10 հազարով պակաս էր մեր հաշվառված թվից»,- նշել է նա:

Ծառայության խոսնակն ասել է, որ մինչեւ հիմա տվյալների բազան մաքրման փուլում է, քանի որ եղել են կրկնակի մուտքագրումներ, չարաշահումներ. «Մինչեւ հիմա տեսնում ենք, որ, օրինակ, նույն անձը մեկ տառասխալի տարբերությամբ երկու անգամ է մուտքագրվել, ճիշտ չի նույնականացվել կամ նույն անուն, ազգանունով, հայրանունով անձ է նույնականացվել, բայց ոչ թե արցախցի, այլ, ենթադրենք, Բելգիայի համանուն քաղաքացի եւ այլն: Մաքրում ենք բազան, եւ սա նորմալ երեւույթ է, նման պայմաններում այդպիսի իրավիճակ էլ կարող էր լինել»։

Քանի որ տեղահանվածների բազան կիրառվում է օժանդակության կարճաժամկետ եւ միջնաժամկետ ծրագրերի իրականացման համար, այստեղ պետք է նաեւ նույնականացնել տեղահանվածների մեջ եղած ՀՀ եւ ԼՂ քաղաքացիներին։ Եթե կարճաժամկետ ծրագրերը վերաբերում են ֆիզիկապես տեղահանված բոլոր անձանց, միջնաժամկետի դեպքում շահառուների շրջանակը փոխվում է։

«Ֆիզիկապես տեղահանվածների թվում եղել են նաեւ ՀՀ քաղաքացիներ: Նույնականացնելու համար՝ տվյալ անձը ՀՀ՞, թե՞ ԼՂ քաղաքացի է, առաջնորդվում ենք ՀՀ քաղաքացիության մասին օրենքով, որտեղ կան հստակ չափորոշիչներ։ Օրինակ, եթե Գորիսում ծնված անձը ամուսնացել է Արցախում, մի ամբողջ կյանք այնտեղ է ապրել կամ, օրինակ, եթե ծնվելուց անմիջապես հետո տեղափոխվել է Արցախ, նա չի դառնում ԼՂ քաղաքացի, նա ՀՀ քաղաքացի է»,- նշել է Նելլի Դավթյանը:

Նրա խոսքով՝ իրենց խնդիրը հիմա բազաների տարբերության հետ աշխատելն է, անձանց շրջանակը ճշգրտելը:

Մնա՞լ փախստականի կարգավիճակում, թե՞ քաղաքացիություն ստանալ

Կառավարության՝ 2023 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տրամադրվել է ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կարգավիճակ: Սակայն յուրաքանչյուր արցախցի անձամբ պետք է որոշի՝ մնա՞ այդ կարգավիճակում, թե՞ ՀՀ քաղաքացիություն ստանա։

2024թ. հունվարի 17-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացրած ԼՂ բնակիչների թիվը կազմում է 803 անձ: Արդեն քաղաքացիություն է շնորհվել 72 անձի:

«Փախստականի կարգավիճակ է տրվել ԼՂ-ի բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձանց, ՀՀ տարածքում կամ ՀՀ-ից դուրս գտնվող այն անձանց, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է ԼՂ-ում, այն անձանց, որոնք չեն ունեցել հաշվառում ԼՂ-ի բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են այնտեղ եւ 2023թ. սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով բռնի տեղահանվելուց հետո հաշվառվել են ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կողմից: Միաժամանակ հարկ է նշել, որ նշված որոշումը չի տարածվում այն անձանց նկատմամբ, որոնք ունեն այլ պետության, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիություն, քանի որ վերջիններս, որպես տվյալ պետության քաղաքացիներ, արդեն իսկ օգտվում են իրենց քաղաքացիության երկրի պաշտպանությունից: Ժամանակավոր պաշտպանությունը տրվել է 1 տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ»,- մանրամասնել է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

«Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթերն են անձնագիրը, որն իր նկարագրով համապատասխանում է ՀՀ կառավարության 1998 թվականի համապատասխան որոշմամբ հաստատված անձնագրի նկարագրին, սակայն ծածկագիրը տպագրվում է բացառապես «070» ծածկագրով, եւ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը, որը տրվում կամ փոխանակվում է ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունենալու դեպքում Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության, իսկ օտարերկրյա պետություններում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից: Ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք փախստականի վկայականի հետ համատեղ շարունակում են գործածել «070» ծածկագրով իրենց անվամբ ձեւակերպված վավեր անձնագրերը»,- նշել է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը:

Ներկայացնելով գործընթացի մանրամասները՝ փոխնախարարը հավելել է, որ «ունեցել ենք նաեւ ընթացիկ այնպիսի իրավիճակներ, երբ, օրինակ, ստացել ենք ահազանգեր, որ անձը մտածել է, թե ինքը պետք է վերցվի ժամանակավոր պաշտպանության տակ եւ ստանա փախստականի կարգավիճակ ու դրան համապատասխան վկայական, բայց մեր տվյալների ուսումնասիրությունը թույլ է տվել հասկանալ, որ տվյալ անձը այս որոշման շրջանակների սուբյեկտ չէ, եւ հանդիսանում է ՀՀ քաղաքացի»:

Ինչ վերաբերում է հարցին, թե մարդիկ կարգավիճակի վերաբերյալ ինչպիսի ընտրություն կկատարեն, փոխնախարարն ասել է. «Որոշում կայացնելու համար պետք է ելնել այս երկու կարգավիճակների տված իրավունքների եւ պարտականությունների փաթեթից: Ի տարբերություն ՀՀ քաղաքացիների, որոնց համար Սահմանադրությամբ նախատեսված է իրավունքների եւ պարտականությունների առավել լայն ծավալ, օրինակ՝ հողի նկատմամբ սեփականության, ընտրելու, կուսակցություն ստեղծելու եւ անդամագրվելու, հանրային ծառայության անցնելու իրավունքները, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանությանը մասնակցելու պարտականությունը, փախստականները չեն օգտվում վերոնշյալ իրավունքներից եւ չեն կրում ՀՀ պաշտպանությանը մասնակցելու պարտականություն: Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ անձինք վերոնշյալ իրավունքներն ու պարտականությունները ձեռք են բերում քաղաքացիության ուժով: Մյուս իրավունքներն իրացնելիս փախստականների համար, ինչպես ՀՀ քաղաքացիների դեպքում, սահմանված են նույն հնարավորությունները, եթե նրանք բավարարում են ՀՀ օրենսդրության պահանջները»:

Նելլի Դավթյանը հավելել է, որ շատերը կարծում են, թե այս կարգավիճակը պահպանելով՝ հետագայում, օրինակ, բնակարանային ապահովման ծրագիր կլինի, եւ իրենք ավելի մեծ հնարավորություններ կունենան դրա շահառու համարվելու․ «Մենք բազմիցս ասել ենք, որ մեկը մյուսի հետ անմիջական կապ չունի: Օրինակ, Միգրացիայի ծառայությունը 2019թ․-ից բնակապահովման ծրագիր է իրականացնում դեռ 30 տարի առաջ տեղահանված մեր հայրենակիցների համար, եւ չափորոշիչն այն է, որ անձը պետք է լինի ՀՀ քաղաքացի: Այսինքն, պետության մոտեցումն այստեղ այն է, որ նատուրալիզացնի փախստականների այդ խմբին, նույնն է թե՝ շնորհի քաղաքացիություն՝ ինտեգրման արդյունավետ մեխանիզմների կիրառմամբ: Այստեղ ավելի շատ իրազեկման խնդիր կա, քանի որ մարդկանց թվում է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալն իրենց կարող է ավելի շատ վնասել»։

Իրավական խնդիրներն ու լուծումները

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը հայտնում է, որ իրավական տարբեր խնդիրներից խուսափելու համար, հընթացս տարբեր ծրագրերի, նախարարությունը շարունակում է իր ունեցած տվյալների շտեմարանը կատարելագործել, նոր տվյալներ մուտքագրել:

«Իրավական առումով ունեցել ենք այնպիսի խնդիրներ, երբ մարդիկ չէին կարողանում հաշվառել իրենց տրանսպորտային միջոցը, չէին կարողանում անձնագրային գործողություններ կատարել կամ հանրային ծառայությունների մատուցման բլոկում ինչ-որ գործընթացների մասնակցել, քանի որ ՀՀ-ում հանրային ծառայությունների մատուցումն, ըստ էության, կապվում է ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառման հասցե ունենալու հետ, իսկ հաշվառման համար պետք է պարզ լինի նաեւ հաշվառման կանգնող անձի կարգավիճակը։ Այս տեսանկյունից  շատ կարեւոր է եղել մեր հայրենակիցների կարգավիճակի որոշարկումը, որը թույլ տվեց վերջիններիս ազատորեն օգտվել հանրային ծառայություններից՝ առանց որեւէ խոչընդոտի, կայուն կապ ապահովել հաշվառման հասցեին մոտ գտնվող հանրային ծառայություններ մատուցող գրասենյակների հետ»,- նշել է փոխնախարարը:

«Հունվարի 28-ից ուժի մեջ է մտել նաեւ օրենսդրական այն պահանջը, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ից դուրս գալիս եւ ՀՀ մուտք գործելիս պետք է իրենց մոտ ունենան փախստականի վկայականը եւ «070» ծածկագրով անձնագիրը: Այս երկու փաստաթղթերը վավեր են միասին գործածելու պարագայում։ Սա միտված է պաշտպանության տեսանկյունից լրացուցիչ գործոն տրամադրելուն։ ՀՀ սահմանը լքելիս, երբ անձը հայտնվում է այլ պետության տարածքում, նմանատիպ փաստաթղթերը հավաստումն են այն բանի, որ անձն օգտվում է փախստականին բնորոշ միջազգային պաշտպանությունից: Այս փաստաթղթերն ունեն QR կոդ, ուստի եթե անգամ տեսականորեն կասկած առաջանա, որ փաստաթուղթը կեղծ է, այդ կոդով հասանելիություն է ապահովվում մեր ընդհանուր շտեմարանի համապատասխան պատուհանին, որի միջոցով պետությունները կարողանում են համոզվել, որ անձն իրականում ունի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ եւ օգտվում է փախստականին բնորոշ միջազգային բարձր պաշտպանությունից»,- հայտնել է փոխնախարարը:

Անդրադառնալով բռնի տեղահանված անձանց տրանսպորտային միջոցների հաշվառմանը՝ փոխնախարարը նշել է. «Բռնի տեղահանումից հետո 20 հազարից ավելի տրանսպորտային միջոց է մուտք գործել ՀՀ: Վերադաս վարչարարության շրջանակներում կայացված որոշման համաձայն այդ անձանց՝ մինչեւ 2023թ. հոկտեմբերի 25-ն ունեցած բոլոր վարչական իրավախախտումները չեղարկվել են։ Ճանապարհային երթեւեկության մասով նաեւ Ավտոապահովագրողների բյուրոյի եւ Կենտրոնական բանկի հետ բավական արդյունավետ աշխատեցինք, եւ մեր հայրենակիցները 50 տոկոս զեղչով կարողանում են ԱՊՊԱ պայմանագիր ձեռք բերել: Իսկ ովքեր արդեն պայմանագիր են կնքել մինչ այս որոշման ընդունումը, կարող են այն չեղարկելու դիմում ներկայացնել եւ առանց որեւէ տուժանքի կնքել նորը՝ 50 տոկոս զեղչով»:

Արփի Ջիլավյան