ru24.pro
Новости по-русски
Февраль
2024

«Գոմեշի» մոսկովյան ներկայացումները ու ինքներս մեզ ուժեղ ճանաչելու հրամայականը

0

2020 թվականի համավարակի ժամանակ ծնված ու ընդամենը 20 հանդիսատեսի համար նախատեսված Հրանտ Մաթեւոսյանի պատմվածքի հիման վրա «Գոմեշը» մոնոներկայացումը նոր բեմեր է նվաճում։

Այս տարվա առաջին ներկայացումը Նարինե Գրիգորյանը խաղացել է Մոսկվայում՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան նախաձեռնությամբ։ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար ու դերասանուհի Նարինե Գրիգորյանը Մեդիամաքսին պատմել է, որ աննկարագրելի տպավորություններ է ստացել՝ հերթական անգամ համոզվելով, թե որքան մեծ է «Գոմեշի» նկատմամբ հետաքրքրությունը.

«Ներկայացումը հրավիրյալ հյուրերով էր, անհրաժեշտ էր պարզապես զանգահարել ու տեղ ամրագրել, ընդամենը 100 հոգու համար էր նախատեսված։ Տեղերը բավական արագ էին ամրագրվել ու բազմաթիվ ցանկացողներ չէին կարողացել ներկա գտնվել: Անգամ գումար էին առաջարկում»:

Խոստովանում է, որ դեսպանատան շենքում խաղալն էլ ավելի յուրահատուկ է դարձրել ներկայացումը, ինչի համար առաջին հերթին շնորհակալ է դեսպանատան մշակույթի կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեին ու «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանին, որոնք համատեղ ջանքերով են ամեն ինչ կազմակերպել։

«Գաբբեն դեսպանատունը շատ սիրուն ու փարաջանովյան ոճով էր ձեւավորել, բեմը ստանալու համար օգտագործեցինք նաեւ այնտեղ եղած անիվը, լամպն ու այլ իրեր։ Իսկ երբ ձմռան կեսին Մոսկվայի կենտրոնում խոտը լցրինք բեմի վրա, աննկարագրելի էր՝ հոտը տարածվել էր դեսպանատնով մեկ, շատ մթնոլորտային էր: Ինչպես հաճախ իրավացիորեն ասում են՝ «Գոմեշը» եռաչափ ներկայացում է, բույրն էլ հետն է»,- ժպիտով նկարագրում է Նարինեն:

 «Գոմեշի» հանդիսատեսի թվում հայերից բացի շատ են եղել նաեւ ռուսներ, ներկա են եղել Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի տնօրենն ու գործադիր կազմը, որոնցից շատերը ներկայացումը դիտելուց առաջ կարդացել էին պատմվածքը։ Նարինե Գրիգորյանը խոստովանում է՝ ներկայացումը դեռ նոր էր սկսվել, երբ նկատել է, թե ինչպես են շատերն արցունքն աչքերին եւ հուզված դիտում։

Իսկ «Գոմեշի» ավարտին նա հետաքրքիր առաջարկ է ստացել. քանի որ փետրվարի 12-ը ոչ միայն Հրանտ Մաթեւոսյանի, այլ նաեւ Չեխովյան փառատոնի հիմնադիր Վալերի Շադրինի ծննդյան օրն է, նրա այրին որոշել է տարեդարձը հենց «Գոմեշ»-ով նշել։

Երեւանում ներկայացումը խաղում են «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում, ու ամեն անգամ տոմսերը շատ արագ են սպառվում: Թեեւ հասույթն այնքան էլ շատ չէ, բայց այն փորձում են ուղղել կառույցի շինարարությանը, որը կիսատ է մնացել։ Նարինե Գրիգորյանին ամենաշատն ուրախացնում է այն, որ ամեն անգամ Մաթեւոսյանի նկատմամբ այդքան մեծ սեր է զգում հանդիսատեսի կողմից։  

«Պիտի շատ հպարտանանք, որ համաշխարհային մասշտաբի այսպիսի արձակագիր ունենք։ Մաթեւոսյանին շատ եմ սիրում, որովհետեւ միշտ ուժեղ հերոս է առաջ բերում, իսկ մեր գրականության հերոսները հիմնականում զոհեր են։ «Նանա իշխանուհու կամուրջ»-ում Իշխանի ցեղն ամեն օր խաշիլ է ուտում ու ասում. «Այսօրվա խաշիլն ավելի համեղ էր»։ Սա գիժ է ծնվում, ծուռ, իրեն այդ ամենը դուր չի գալիս եւ ուզում է փոխել։ Գոմեշն էլ ի վեջո հաղթում է, նրա հերոսներն ուժեղ կաղնիներ են, մենք էլ նման հերոսների պիտի առաջ բերենք, որպեսզի մեզ մի քիչ ուժեղ ճանաչենք, չասենք «էսօր խաշիլն ավելի համով էր, զոհերն ավելի քիչ էին, քան երեկ, այսօր այսպես մահացանք, շուտով կվերջանանք»։ Ինքներս մեզ թուլացնում ենք,  դրա համար Մաթեւոսյանին ավելի լավ պիտի ճանաչենք ու պատմենք նրա մասին, որն այդ թուլությունները չհանդուրժեց»,- շեշտում է Նարինե Գրիգորյանը։

Նա ցանկանում է համազգային թատրոնում էլ Մաթեւոսյանից որեւէ գործ բեմադրել: Սոս Սարգսյանը շատ էր ցանկանում իրենց խաղացանկում «Տերը» լինի, սակայն Նարինե Գրիգորյանը գտնում է, որ ժամանակ է պետք մինչեւ այդ գործն իր մեջ հասունանա: Փոխարենը մտածում է «Նանա իշխանուհու կամրջի» մասին։  Մի բան հաստատ է, որ տարին «գոմեշային» է լինելու՝ Մոսկվայից վերադառնալուց հետո մոնոներկայացմամբ մեկնելու է Բեյրութ, ապա՝ ԱՄՆ։

Հասմիկ Բաբայան