Անցնող շաբաթը Վարդան Մինասյանի հետ
Մեդիամաքսը շարունակում է «Անցնող շաբաթը» նախագիծը: Տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ մեր խնդրանքով մեկնաբանում են անցնող շաբաթվա իրադարձությունները Հայաստանում, աշխարհում, ինչպես նաեւ իրենց կյանքում:
Անցնող շաբաթը մեկնաբանում է «Փյունիկ» ակումբի գործադիր տնօրեն, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
***
Freedom House-ը Հայաստանը ճանաչել է ազատ ինտերնետով երկիր
Կարծում եմ, դա համապատասխանում է իրականությանը, եւ մեզ մոտ չկան սահմանափակումներ: Բայց կա մեկ այլ խնդիր՝ կայքերում հրապարակվող կարծիքներն ու գրառումները, ինչպես նաեւ տեղեկատվությունը հիմնականում նեգատիվ բնույթի է, ինչը բացասաբար է ազդում մարդկանց վրա: Մեր կայքերը անմասը չեն նաեւ անիմաստ եւ անհետաքրքիր նյութերից: Երևի, դա էլ է մեր «ազատ ինտերնետի» արդյունքներից:
Լոնդոնում ոգեկոչել են սրբադասված հայ նահատակներին
Սա համարում եմ կարեւոր իրադարձություն: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում հարցին եւս մեկ անգամ հնչեղություն տալով՝ շատ կարեւոր է մարդկանց, ժողովուրդների ուշադրությունը գրավել, որպեսզի արդարությունը վերջապես վերականգնվի: Կարեւոր է նաեւ, որ սրբադասման աղոթքին ներկա է գտնվել Ուելսի արքայազն Չարլզը, ինչը էլ ավելի է գրավել հանրության ուշադրությունը:
Նախագահներ Սարգսյանն ու Ալիեւը համաձայնել են հանդիպել տարեվերջին
Մեծ հաշվով այդ հանդիպումից ինչ-որ փոփոխություններ սպասելն անիմաստ է: Բայց ներկա իրավիճակում բոլորիս ցանկությունը այս հանդիպումից պետք է առաջին հերթին լինի այն, որ մեր սահմանամերձ գյուղերում, սահմաններին, Ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածությունը նվազի, չունենանք զոհեր, վերականգնվի հրադադարի ռեժիմը:
Կայացել է Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմի պրեմիերան
Ֆիլմը դեռեւս չեմ դիտել: Չեմ ասի, թե Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի մեծ սիրահար եմ, բայց դրանցում միշտ պահպանվում է «հին ու բարի ժամանակների» մթնոլորտը: Համոզված եմ, այս ֆիլմում եւս մենք այն կտեսնենք:
Գրի առավ Լենա Գեւորգյանը
Լուսանկարեց Մարիամ Լորեցյանը