Հայաստանն առաջընթաց է գրանցել Doing Business 2016-ում
Համաշխարհային բանկի «Doing Business 2016. Կանոնակարգիչ դաշտի որակի ու նպատակային արդյունավետության գնահատում» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը 10 հորիզոնականով՝ զբաղեցնելով 35-րդ տեղը:
Ըստ զեկույցի՝ «Բիզնես սկսելու առումով» Հայաստանը աշխարհում լավագույն երկրների շարքում է (189 տնտեսությունների շարքում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը), իսկ սեփականության գրանցման տեսանկյունից գտնվում է 14-րդ հորիզոնականում:
Երեւանում բիզնես սկսելու համար գործարարից պահանջվում է 3 օր:
Ի տարբերություն աշխարհում միջինում սեփականության գրանցման համար պահանջվող 48 օրվա՝ Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 7 օր:
Հայաստանը հեշտացրել է շինարարական թույլտվությունների հետ կապված գործընթացը: Մասնավորապես, ցածր ռիսկային նախագծերի համար չեն կիրառվում անկախ փորձագետի կողմից ճարտարապետական նախագծի հաստատման եւ շինարարության նկատմամբ տեխնիկական վերահսկողության պահանջները:
Բացի այդ, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն զուգահեռ՝ երկիրը կրճատել է Ռուսաստանի հետ առեւտրի կատարման փաստաթղթային ու սահմանայինն ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը: Արդյունքում ներկրման համար պահանջվող ժամանակը 50 ժամից նվազել է՝ մոտավորապես կազմելով 3 ժամ: Այս ցուցիչով երկիրը 58-րդ հորիզոնականից հայտնվել է 29-րդում:
Նոր օրենքի համաձայն, որով գործով դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, դյուրացվել է պայմանագրերի կիրարկման հարցը երկրի բոլոր դատարաններում:
Հայաստանն աշխարհում 26 այլ տնտեսությունների շարքում այն երկրներից է, որը իրականացրել է երեք կամ ավելի բարեփոխումներ, այդպես է վարվել աշխարհի տնտեսությունների միայն 14%-ը:
Զեկույցում առաջատար եռյակը գլխավորում են Սինգապուրը, Նոր Զելանդիան եւ Դանիան:
Վրաստանը զբաղեցնում է 24-րդ, իսկ Ադրբեջանը՝ 63-րդ հորիզոնականը: Ռուսաստանը, չնայած տնտեսական դժվարություններին, առաջընթաց է արձանագրել՝ 54-րդ տեղից հայտնվելով 51-րդ տեղում:
«Այս տարվա Doing Business զեկույցն ամփոփում է բիզնեսի գործունեության տեղական իրողություններն ավելի լավ արտացոլելու նպատակով գործարար կանոնակարգիչ դաշտի որակի, ինչպես նաեւ գործարար կանոնակարգիչ դաշտի նպատակային արդյունավետության գնահատման նշաձողերի ընդլայնման երկամյա աշխատանքները: Զեկույցում փոփոխություններ արձանագրած հինգ ցուցանիշների՝ շինարարական թույլտվությունների, էներգամատակարարման ապահովման, պայմանագրերի կիրարկման, գույքի գրանցման եւ արտաքին առեւտրի մասով Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների ունեցել են լավ արդյունքներ եւ դա դրական է անդրադարձել տարածաշրջանի շատ երկրների վարկանիշի վրա»,- ասված է զեկույցում: