Հայաստանն աշխարհում 5-րդն է բիզնես սկսելու ցուցիչով
Ըստ զեկույցի՝ Հայաստանը հեշտացրել է շինարարական թույլտվությունների հետ կապված գործընթացը: Մասնավորապես, ցածր ռիսկային նախագծերի համար չեն կիրառվում անկախ փորձագետի կողմից ճարտարապետական նախագծի հաստատման եւ շինարարության նկատմամբ տեխնիկական վերահսկողության պահանջները:
Բացի այդ, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ մեկտեղ երկիրը կրճատել է Ռուսաստանի հետ առեւտրի հետ կապված փաստաթղթային ու սահմանայինն ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը: Արդյունքում ներկրման համար պահանջվող ժամանակը 50 ժամից նվազել է՝ մոտավորապես կազմելով 3 ժամ: Այս ցուցիչով երկիրը 58-րդ հորիզոնականից հայտնվել է 29-րդում:
Նոր օրենքի համաձայն, որով գործով դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, դյուրացվել է պայմանագրերի կիրարկման հարցը երկրի բոլոր դատարաններում:
Հայաստանն աշխարհում 26 այլ տնտեսությունների շարքում այն երկրներից է, որը իրականացրել է երեք կամ ավելի բարեփոխումներ, այդպես են վարվել աշխարհի տնտեսությունների միայն 14%-ը:
«Բիզնես սկսելու առումով» Հայաստանը աշխարհում լավագույն երկրների շարքում է (189 տնտեսությունների շարքում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը), իսկ սեփականության գրանցման տեսանկյունից գտնվում է 14-րդ հորիզոնականում:
Երեւանում բիզնես սկսելու համար գործարարից պահանջվում է 3 օր:
Ի տարբերություն աշխարհում միջինում սեփականության գրանցման համար պահանջվող 48 օրվա՝ Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 7 օր:
Զեկույցում առաջատար եռյակը գլխավորում են Սինգապուրը, Նոր Զելանդիան եւ Դանիան:
Վրաստանը զբաղեցնում է 24-րդ, իսկ Ադրբեջանը՝ 63-րդ հորիզոնականը: