Նիկոլ Փաշինյան. Նոր էսկալացիայի հավանականությունը շատ մեծ է
«Եթե հետեւում եք լրահոսին, տեսնում եք Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ հռետորաբանությունն ու քաղաքականությունը: Ես կարծում եմ՝ այո ՛, հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը եւ ՛ Հայաստանի սահմանների երկայնքով, եւ ՛ Լեռնային Ղարաբաղում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այս եզրակացությունը հիմնված է Ադրբեջանի առավել ագրեսիվ դարձող հռետորաբանության վրա, ինչպես նաեւ «կան որոշակի այլ տվյալներ»:
«Ինչ վերաբերում է զսպման մեխանիզմներին՝ մենք համոզված ենք եւ հարյուր տոկոսով գիտենք՝ Հայաստանը չէ, որ նախաձեռնում է ագրեսիվ գործողություններ եւ էսկալացիա: Սա է պատճառը, որ Հայաստանը որոշում կայացրեց հրավիրել Եվրամիության դիտորդներին: Կարծում եմ՝ միջազգային հանրությունը պետք է արձանագրի՝ նոր էսկալացիայի վտանգը շատ մեծ է: Հատկապես հաշվի առնելով Լաչինի միջանցքի փակ լինելը, Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն ու էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները՝ մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ շատ պատեհ կլինի Լաչինի միջանցք ու Լեռնային Ղարաբաղ ուղարկել միջազգային փաստահավաք առաքելություն», - ասել է Նիկոլ Փաշինյանը: