Մոսկվան «լուրջ մտահոգված է ԼՂ հակամարտության գոտում լարվածության աճով»
«Վերջին մի քանի օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ են գրանցվել: Մարտի 5-ին տեղի է ունեցել զինված միջադեպ, որի հետեւանքով զոհեր են եղել եւ հայկական, եւ ադրբեջանական կողմից։
Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ քայլեր ձեռնարկել իրավիճակը լիցքաթափելու համար»,- ասել է Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում անվտանգության եւ կենսագործունեության ապահովման հետ կապված ցանկացած հարց պետք է լուծվի խաղաղ ճանապարհով:
«Տեղի ունեցածը եւս մեկ անգամ հաստատում է Բաքվի եւ Երեւանի բանակցություններին շուտափույթ վերադարձի հրամայականը՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների դրույթների կատարման շրջանակում, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ խաղաղության պայմանագրի նախապատրաստման հետ կապված»,- ասել է Զախարովան: