Դե Վաալ. Վարդանյանի հեռացումը ցանկանում էին թե՛ Ալիեւը, թե՛ Փաշինյանը
«Վարդանյանը Ղարաբաղի դե ֆակտո նախագահի կողմից աշխատանքից ազատվեց 2023 թվականի փետրվարի 23-ին: Մի քանի այլ բաներ եւս պետք է տեղի ունենան մինչեւ ճանապարհի վերաբացումը: Ռուսաստանը նույնպես իր ասելիքը կունենա, բայց այժմ այդ զարգացումն ավելի մոտ է թվում: Եթե դա տեղի ունենա, Փաշինյանը եւ Ալիեւը կարող են վերսկսել դեկտեմբերին դադարեցված բանակցությունները ԵՄ-ի միջնորդությամբ», - գրում է դե Վաալը «Հայաստանի անորոշության տարին» հոդվածում:
Միաժամանակ նա նկատում է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքումը դյուրին չի լինելու: «Ղարաբաղի ապագան դեռ վիճարկվում է, եւ հայկական կողմը խիստ կասկածանքով է վերաբերվում Ադրբեջանի մտադրություններին», - նշում է վերլուծաբանը:
«Փաշինյանը չի թաքցնում իր անհանգստությունը Ռուսաստանից Հայաստանի ռազմական եւ տնտեսական կախվածության վերաբերյալ: Նա հրապարակայնորեն կասկածի տակ է դնում Ռուսաստանի ղեկավարած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օգտակարությունը՝ ի հեճուկս Մոսկվայի դժգոհությունների եւ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի սպառնալիքների: Փաշինյանը բազմիցս դիմել է արեւմտյան գործընկերներին եւ այժմ ունի Եվրամիության մոնիտորինգի առաքելություն երկամյա մանդատով, ինչն առաջացնում է Ռուսաստանի արտգործնախարարության դժգոհությունը», - գրում է դե Վաալը: