ru24.pro
Новости по-русски
Март
2023

Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանն ու Նյուտոնի 3-րդ օրենքը

0

Այսօր Երեւանում՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից Մանկական այգու մուտքի մոտ, բացվել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը:

Իր հուշարձանն Ալբերտ Վարդանյանը «Ազդեցություն-հակազդեցություն» է անվանել։ Նրա նախագիծը 2020 թվականի փետրվարին հաղթել էր Երեւանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում։

Ալբերտ Վարդանյանը մարտի 1-ի իրադարձությունների մասնակից է։ Այդ օրվա տխուր հիշողություններն ու ցավը մեղմելու համար դեռ տարիներ առաջ էր հուշարձանի նագախիծ արել։

«Եթե արվեստագետ ես, եթե քաղաքացի ես, եթե մտածում ես այդ մասին, ուրեմն ցավը քեզ ուղեկցող մի բան է դառնում, պիտի հանգստանաս, ձերբազատվես դրանից։ Այդ նախագիծը ես արեցի թեթեւանալու, հանգստանալու համար։ Եվ դա նպաստեց, որ երկրորդ նախագիծն ավելի արագ անեմ։ Առաջին նախագծից գաղափարական, զգայական իմաստով ինչ-որ բաներ վերցրել եմ երկրորդի համար»,- 2020-ին Մեդիամաքսին ասել էր Ալբերտ Վարդանյանը։

Հարթաքանդակը բրոնզից ու քարից է։ Չկան կերպարներ, չկան զոհերի ու դեպքերի ռեալիստական պատկերներ։ Քանդակագործն ասում է՝ ցավն անանձնակն է, ինքը ցանկացել է, որ հուշարձանին նայողը հաղորդակից դառնա այդ ցավին։

«Հուշարձանը ոչ միայն մարտի 1-ի դեպքերին է նվիրված, այլ որեւէ ընդվզման։ Այն ազդեցության եւ հակազդեցության մասին է։ Ինչքան ուժգին է ճնշումը, ազդեցությունը, այնքան ավելի զորեղ հակազդեցություն է ստանում։ Նյուտոնի 3-րդ օրենքն է։ Կարեւորը՝ այդ ամենը ցավով, զոհերով չավարտվի»։

Ժյուրին Ալբերտ Վարդանյանի «Ազդեցություն-հակազդեցություն» նախագիծն ընտրել էր երկրորդ մրցույթի 12 հայտերից։ Երեւանի քաղաքապետարանի հայտարարած առաջին մրցույթում հաղթող չէր եղել։

Լուսինե Ղարիբյան