ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Նորայր Մանուկյան. Իմ աղջիկը

0
Նորայր Մանուկյան. Իմ աղջիկը

-Պապ, գիտես մրցույթ է կազմակերպվում. հայրերը աղջիկների մասին շարադրություն են գրում:

-Ինչ մրցույթ , այ բալա, հաց դիր ուտենք:

-Էէէէ~, պապ, նենց լավ մրցույթ ա, բեր փորձի:

-Բայց մեր տան ստեղծագործողը դու էս , ինչ էլ գրեմ, չես հավանելու :

-Պապ, կարեւորը իմ հավանելը  չի, համ էլ մեկ ա մեր ճաշակները էտքան էլ չեն համընկնում, Հա, իմիջիայլոց էսօր կլասիկո կա:


Կարծես երեկ էր, ասացին. «Շնորհավորում եմ, դուք աղջիկ եք ունեցել»: Միանշանակ գիտեի, որ քեզ Թամարա ենք կոչելու` մորս անունով: Այն անսահման սերը, որ տածել եմ մորս նկատմամբ, հենց այդ պահին կիսվեց ու կիսվելով էլ կրկնապատկվեց:

Չհասցրեցի ուրախությունս վայելել եւ արդեն պետք է գնայի հայրենիքի սահմանները պահելու:  4 ամիս ամեն օր աչքիս առաջ էիր: Քո ու եղբորդ գոյությունն էր, որ ինձ ստիպում էր ամուր մնալ սահմանին: Մութ ու ցուրտ տարիների սերունդ, ձեր սերնդին հաճախ այդպես են անվանում, թեեւ հիմա, երբ նայում եմ քեզ  եւ հասակակիցներիդ հասկանում եմ, որ պայքարող հոգին ձեր մեջ այդ տարիներից է ամրապնդվել:

Աղջիկս, ե՞րբ   այսքան մեծացար : Կարծես  երեկ լիներ, որ կողքս նստած ֆուտբոլ էիր նայում ու հարց էիր տալիս. «պապ մենք դեղիննե՞րն ենք», - իսկ հիմա արդեն դու ես գնահատում խաղից դուրս իրավիճակ կա, թե ոչ: Այս երբ դարձար 4-րդ կուրսի ուսանողուհի, դեռ երեկ միասին անգիրներդ էինք սովորում` չնկատելով, թե ինչպես ժամեր շարունակ ասմունքում էինք` մեկս մյուսին հերթ չտալով, իսկ երբ հերթը հասնում էր քո սիրելի Սեւակին .այդտեղ քեզ հետ մրցել չէի կարող: Իսկ հիշում ես, երբ դաշնամուրի առաջ  ծնծնգացնում էիր , ավարտում, նայում էիր ինձ ու ասում,- «պապ լավ էր չէ՞», դե ես էլ ի՞նչ պիտի ասեմ, բնականաբար լավ էր, թեեւ, արժեր այդքան տանջվել. հիմա շատ եմ  սիրում, երբ նվագում ես Մանսուրյանի իմ սիրած մեղեդին : Քանի անգամ եմ հպարտացել, երբ մայրդ, վերադառնալով ծնողական ժովովից, ձեռքս էր տալիս բազմաթիվ գովասանագրերդ եւ պատվոգրերդ: Երբ առաջին անգամ սովորեցնում էի հեծանիվ վարել, մնացած հայրերը ինձ նախանձով էին նայում, բավական էր քեզ միայն տալ մի քանի ցուցումներ եւ դու արդեն պատրաստ էիր  հեծանիվով թափառելու ամբողջ թաղամասով: Ուզում եմ կյանքումդ էլ միշտ այդպես լինի. հեշտորեն պահես հավասարակշռությունդ եւ միշտ շարժվես առաջ: Երբ այս կյանքի վայրիվերումները կփորձեն չարացնել քեզ, միշտ հիշիր քո սիրելի Սարոյանի խոսքերը. “Քո կյանքում դու ոչ մի րոպե պիտի չունենաս նենգ ու փոքրհոգի լինելու համար, այդ ամենը քեզանից ցածր են լինելու”:

Գրում եմ  այս տողերը, թեեւ այն զգացմունքները, որ պարուրել են հոգիս քո ծննդից ի վեր բառերով նկարագրել անհնար է: Ամենանվիրականի մասին խոսելը  միշտ շատ դժվար է: Բայց խնդրեցիր, քեզ մերժել  չէի կարող: Երեւի ինքդ էլ ուզում ես տեսնել ինչ կգրեմ , ինձ համար էլ սա յուրահատուկ փորձություն է: Արդեն 20 տարի է, ինչ ես ու մայրդ մեր սեփական արեւն ունենք, որ լուսավորում ու ջերմացնում է իր շրջակայքը: Մեր խուճուճ արեւը, ով իր ժպիտի ու միշտ դրական տրամադրվածության տակ թաքցնում է իր փխրուն հոգին: Երբ տանը  չես, անհամբեր սպասում ենք վերադարձիդ.  թեպետ ինքս ինձ արդեն համոզել եմ ,որ կգա մի պահ, երբ կլուսավորես մեկ այլ օջախ :

- Բալ, գիտես ասածդ արել եմ:

- Ի՞նչ ասած, պապ:

- Շարադրությունը:

- Վաաայ, պապ, ապրես գնամ կարդամ:

- Հա, համ էլ կուղարկես , բայց մինչեւ ուղարկելը մի հատ կետադրությունը նայի, բան բաց թողած չլինեմ: