ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Երեւանում սիրիահայերի համար շենք է կառուցվել

0

Նախաձեռնության հեղինակը 2012թ.-ին Սիրիայից Հայաստան գաղթած Հրայր Ակիլյանն է, ում գաղափարի իրականացումը համաձայնել է ստանձնել «Եռանավ» ՍՊԸ-ն:

Հրայր Ակիլյանը Մեդիամաքսին պատմել է, որ եղել է Սփյուռքի նախարարության նախաձեռնած «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման համար ստեղծված հանձնաժողովի կազմում: Երբ հասկացել են, որ այդ ծրագրի իրականացումը չի հաջողվում, նա որոշել է սիրիահայերի համար մատչելի գներով բնակարաններ կառուցելու առաջարկով դիմել տարբեր շինարարական կազմակերպությունների եւ հովանավորների:

«Շատ կարեւոր է, որ սիրիահայերը հայրենիքում իրենց բնակարաններն ունենան, եւ չգնան այլ երկրներ»,- ասել է Հրայր Ակիլյանը:

Շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2014թ. փետրվարին: Այս պահին մնում են ներքին հարդարման աշխատանքները, իսկ բնակարանամուտը նախատեսվում է 2016թ.-ի հունվար կամ փետրվար ամսին:

«Իմ բնակարանը՝ հայրենիքիս մեջ» ծրագրով կառուցված շենքի 16 հարկերից 14-ում բնակարաններ են, որոնք արդեն ունեն սեփականատերեր, իսկ 2 հարկում՝ բիզնեսի համար նախատեսված տարածքներ:

Այս շենքում բնակարանի 1 քմ վաճառվել է $550-ին համարժեք ՀՀ դրամով: Հրայր Ակիլյանը վստահեցրել է, որ շահառուներին որակյալ բնակարաններ են հանձնել:

«Բնակարաններն ու խանութներն ունեն իրենց տերերը: Երբ  կառուցված շենքի բոլոր բնակարանները վաճառվեցին, շինարարությունն իրականացնող ընկերությունը որոշեց հարեւանությամբ տարածք ձեռք բերել ու կառուցել եւս 2 շենք: Դրանք արդեն 3 հարկ վեր են բարձրացել: Այս 2 շենքերում 164 բնակարան (11-ն արդեն վաճառվել են), ստորգետնյա ավտոկայանատեղի եւ բիզնեսի համար նախատեսված տարածքներ կլինեն»,- փոխանցել է Հրայր Ակիլյանը: 

Նա հավելել, որ շենքերում բնակարանի 1 քմ կարժենա $650-ին համարժեք ՀՀ դրամ՝ նկատելով, որ այդ տարածքում բնակարանները վաճառվում են 1 քմ-ը $850-ով:

Մարի Թարյան