Փաշինյան. Բաքվի պլանն է, որ մինչեւ վերջին հայը լքի Լեռնային Ղարաբաղը
«46 օր է` Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքը խաթարված է, եւ հումանիտար ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով։ Բաքվի պլանը հետեւյալն է՝ Լեռնային Ղարաբաղում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել Լաչինի միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, հետո կրկին կփակեն միջանցքը, այնուհետեւ մի քանի օրով նորից կբացեն այն եւ այսպես այնքան, մինչեւ վերջին հայը կլքի Լեռնային Ղարաբաղը:
Սա էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է, սակայն ԼՂ-ի հայերին իրենց տներից արտաքսելն Ադրբեջանի միակ նպատակը չէ: Այս սադրիչ գործողություններով Ադրբեջանը նպատակ ունի նաեւ խափանել խաղաղության օրակարգը, բանակցային գործընթացը եւ նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում»,- կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ Լաչինի միջանցքի փակումը եւ ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը «բոլորս էմոցիոնալ ենք տանում, սակայն այս իրավիճակի շուրջ անհրաժեշտ է զսպվածություն եւ խաղաղության օրակարգին հակասող բառապաշարի եւ գործողությունների բացառում, առավել եւս պետական իշխանության ներկայացուցիչների կողմից»:
«Մենք շարունակում ենք հետեւողական լինել խաղաղության օրակարգի առաջմղման մեր ջանքերում եւ որեւէ սադրանքով պետք է հնարավոր չլինի մեզ շեղել:
Մեր տարածաշրջանում բոլոր խնդիրների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի եւ մենք առաջնորդվելու ենք հենց այս տրամաբանությամբ»,- եզրափակել է խոսքը Նիկոլ Փաշինյանը: