ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

ՀՀ նախագահը խոսել է ԵՄ-ի հետ մեկնարկող բանակցությունների մասին

0

Սերժ Սարգսյանն այդ մասին ասել է՝ հոկտեմբերի 21-ին Մադրիդում ելույթ ունենալով Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին:

«Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովը ողջունեց Հայաստանի եւ Եվրամիության միջեւ գործակցության ապագա շրջանակի շուրջ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելը: Այսօր ուրախ եմ նշելու, որ ԵՄ-ի հետ հարաբերություններում մենք հասել ենք հերթական պատասխանատու հանգրվանին. անցած շաբաթ Լյուքսեմբուրգում Եվրոպական Միության խորհուրդը տրամադրեց Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձեւավորման շուրջ բանակցություններ սկսելու մանդատը: Լիահույս եմ, որ բանակցությունների արդյունքում մշակված փաստաթուղթը կուրվագծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ փոխգործակցությունը՝ դառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համատեղ հանձնառության լավագույն երաշխիք», - ասել է Հայաստանի նախագահը:

Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ սահմանադրական փոփոխությունների մասին:

«Մենք շարունակում ենք զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, իշխանության ճյուղերի հավասարակշռումը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու դատական համակարգի անկախությունը: Այդ ուղղությամբ մենք մեծ քայլ ենք կատարել՝ նախաձեռնելով սահմանադրական բարեփոխումներ, ինչն իրականացնում ենք Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ: Եթե մեր ժողովուրդը դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ հավանություն տա սահմանադրական փոփոխություններին, ապա Հայաստանը կիսանախագահական կառավարման մոդելից կանցնի խորհրդարանական մոդելի, ինչն էլ ավելի արդյունավետ կդարձնի իշխանության տարբեր թեւերի փոխգործակցությունը, հիմքեր կստեղծի տնտեսության ավելի ինտենսիվ զարգացման համար, կբարձրացնի մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը, կուժեղացնի ընդդիմության ինստիտուցիոնալ դերակատարումը», - ասել է ՀՀ նախագահը: